«Խոջալուի ադրբեջանցի փախստականներին գնդակահարել են իրենք՝ ադրբեջանցիները»,- երեկ «Արմինֆոյին» կարծիք է հայտնել ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)՝ հակադարձելով ադրբեջանցի պատգամավորի՝ այս առթիվ Թուրքիայում արած հայտարարություններին: «Այն, ինչի մասին ադրբեջանական քարոզչությունն աղաղակում է աշխարհով մեկ, մեղմ ասած, ընդամենը լեգենդ է, որ հնարել են ադրբեջանցիները սեփական ոճրագործությունները թաքցնելու համար, որոնք իրականություն են դարձել 1992 թվականին ադրբեջանական բանակի նողկալի կառավարման շնորհիվ: Իրականում Խոջալուի ադրբեջանցի բնակչությանը հեռանալու համար տրամադրվել էր մարդասիրական միջանցք, ինչպես նման դեպքերում սովորաբար մենք վարվում էինք: Մարդիկ սկսել էին հեռանալ, իսկ ադրբեջանցի զինվորականները, գիշերային պայմաններում նրանց շփոթելով հայ զինվորականների հետ, պարզապես վախից նրանց գնդակահարել էին»,- ասել է գեներալը: Ի հավաստումն ասվածի, նա նկատել է, որ սեփական զինվորների կողմից գնդակահարված ադրբեջանցի խաղաղ բնակիչների դիակները գտնվել էին ոչ թե այն ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքում, այլ ադրբեջանական տարածքում: «Այս ամենում ամենավատն այն է, որ ադրբեջանական քարոզչությունը զինվել է այդ ողբերգական իրադարձությունների լուսանկարներով եւ դրանք տարածում է աշխարհով մեկ»: