Հայոց Երրորդ հանրապետությունը այսօր ապրում է իր նորօրյա պատմության թերեւս ամենածանր եւ բախտորոշ շրջանը:
Վաղվա նկատմամբ հեռանկարի անորոշությունը թեւաթափ է արել ոչ միայն հացն հանապազօրյա հազիվհազ հայթայթող հազարավոր ընտանիքների, այլեւ տարիներ շարունակ քաղաքական պղտոր ջրերում ձուկ որսացող հարյուրավոր փողատերերի, ովքեր իրենց երեխաների ապագան տեսնում են անպայման Հայաստանից դուրս եւ գործուն քայլեր են իրականացնում այդ ապագան «կերտելու» համար: Հայաստանի մտավոր եւ գործունյա տեսակի գերակշիռ մասը հեռացել կամ վռնդվել է հայրենիքից եւ եվրոամերիկաներ, ռուսաստաններ, նաեւ հայաստաններ է կառուցում հայրենիքից անդին: Հայաստանը օր օրի որբանում, լքվում, ծերանում ու ասպատակվում է՝ իր փրկությունը լալահառաչ փորձելով փնտրել դեռեւս Մազութի Համոյի օրոք իր իրական էությունը ննջասենյակի բանալու անցքից ստույգ ցուցադրած ռուսաստաններում ու ամերիկաներում: Ճակատագրի հեգնանքով այսօր՝ նաեւ Թուրքիայում: Եվ մուրացկանին հատուկ հոգեվիճակով անիծում կամ վախվորած հայհոյում ենք նրանց՝ մեր հազարամյա դարդերին դարման չանելու համար:
Իսկ իրականում Հայաստանն այսօր ասպատակվում է հենց մե՛ր կողմից: Մեր իշխանությունների՛ եւ ընդդիմությա՛ն կողմից, նրանց արհամարհող «ինտելեկտուալների՛» կողմից, հայրենիքը անհասցե աշխարհագրության վերածած տնաբույծ օլիգարխների՛ կողմից եւ, ընդհանրապես, մեր երեխաների ու թոռների ապագան անորոշության մատնած ազգի հավաքականությա՛ն կողմից:
Պարզվում է՝ կան բացառություններ այն անառարկելի ճշմարտությունից, թե ազգի, տեսակի հավաքականության կազմակերպման լավագույն ձեւը անկախ պետականությունն է: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր անձնական օրինակով համառորեն փորձում ենք աշխարհին հակառակն ապացուցել, եւ ողբերգությունն այն է, որ դա մեզ հաջողվում է: Ճշմարիտ է ասված, որ յուրաքանչյուր ազգ ինքն է կռում իր ճակատագիրը եւ արժանի է դրան: Ուղղակի թույլն ի վիճակի չէ հասկանալ ճշմարտությունը եւ պայքարել դրա համար: Չէ, խելքի հարց չէ, կամքի ու ցանկության հարց է: Չի կարող եւ՝ վերջ: Չի ուզում հասկանալ, որ իր վիճակի համար ի՛նքը եւ միայն ի՛նքն է մեղավոր: Բայց ազգովի առավոտից իրիկուն հայհոյում ենք գերտերություններին, որ մեզ վերածել են տարածաշրջանային մանրադրամի: Հա, նաեւ կրքոտ հայհոյում ենք թուրքերին, որ պատմության ընթացքում միշտ մեզ խաբել են, որ դիվանագիտական «կռիսներ» են: Է՝ խելք ունենայինք՝ չխաբվեինք, Ազգի բանաստեղծին հավատայինք՝ չխաբվեինք, իշխանություն-ընդդիմություն ունենայինք՝ չխաբվեինք: Եվ, ընդհանրապես, չուզենայինք՝ չխաբվեինք: Գերտերություննե՞րն են մեղավոր, որ շուրջ երկու տասնամյակ ողջ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը պայմանավորում ենք Ղարաբաղի հիմնահարցով՝ այդ հարցի լուծման համար չունենալով հստակ որեւէ հայեցակարգ: Համաշխարհային պատմության մեջ լսված բա՞ն է, որ հազար ու մի զրկանքների եւ հազարավոր զոհերի գնով ազատագրում ենք տարածքներ, եւ հետագայում պարզվում է, որ կրակն ենք ընկել դրանց ձեռքը: Չգիտենք ինչ անել դրանց հետ՝ փաթեթո՞վ, թե՞ շրջան առ շրջան վերադարձնենք հակառակորդին: Այնքան թքած ունենք ազատագրված տարածքների վրա, որ նույնիսկ լրջորեն չփորձեցինք գոնե Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչին-Քելբաջարը վերաբնակեցնել-հայացնել՝ հաստատ իմանալով, որ որեւէ միջազգային նորմ չի կարող վերաբնակեցվածներին մատով իսկ դիպչել, ինչպես նաեւ չի կարող վաղը խոչընդոտել ադրբեջանցի փախստականների վերադարձը հայկական երկու պետությունները իրարից բաժանող՝ մեզ համար կենսական անհրաժեշտության այդ տարածք: Բայց ի՜նչ հաջողությամբ կարողացանք շահարկել եւ մինչեւ վերջ քամել Ղարաբաղի թեման մեր անձնական շահի համար:
Կարծում եմ՝ երեք նախագահներն էլ համեստություն կունենան համաձայնել, որ իրենցից որեւէ մեկը չէր կարող նախագահել Հայաստանում, եթե չերդվեր իր անվերապահ հավատարմությունը Ղարաբաղին: Կուսական անաղարտությունից սերված՝ «Ղարաբաղը մերն է», «Միացում», հետեւաբար՝ «Պայքա՜ր, պայքա՜ր մինչեւ վերջ» ժողովրդի ազգային զգացմունքները տակնուվրա անող կարգախոսները ժամանակի ընթացքում մոռացվեցին կամ վերաիմաստավորվեցին: Ավելի կենսունակ գտնվեց «Պայքա՜ր, պայքա՜ր…»-ը:
96-ի սեպտեմբերի 25-ին ի լուր աշխարհի հայրենի իշխանությունը ազդարարեց, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի, միեւնույն է՝ նրան իշխանություն տվող չկա: Արդեն իշխանության համար «մինչեւ վերջ պայքարի» սկզբունքը հաջորդ ընտրություններում ոչ միայն աչքի լույսի պես պահպանվեց, այլեւ առավելագույնս կատարելագործվեց եւ դարձավ նորաստեղծ պետության ողնաշարին հարվածող ամենադաժան գործիքը: Ամեն նոր ընտրություն մենք վերածեցինք սեփական ժողովրդի նկատմամբ պատերազմական լուրջ գործողությունների՝ բազմաթիվ զոհերով ու վիրավորներով: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Երեւանի կենտրոնում գրեթե նույնքան զոհեր ու վիրավորներ տվեցինք, ինչքան բուն Շուշին ազատագրելիս: Մեր իսկ ձեռքով ստեղծած ընտրակեղծիք-ընտրագործիքով մեր պետությունը դարձրինք անդամալույծ-հաշմանդամ: Եվ այսօր Հայաստանը նմանվում է մի խումբ մարդկանց կողմից սեփականաշնորհված աշխարհագրական տարածքի, որտեղ վարձակալական հիմունքներով կարելի է նախագահ կամ նախարար աշխատել, Ազգային ժողովի մի քանի գումարման պատգամավոր «պպզել»՝ երբեւէ ամբիոնից թեկուզ մեկ հոդաբաշխ նախադասություն չասելով, նախընտրական փուլում իշխանության ներկայացուցչի համար «վիզ դնել» եւ անմիջապես «նեղ կռուգում» այդ նույն թեկնածուին եւ նրա թիմին ամենաթունդ բառերով հայհոյել, ծերերի ու երեխաների՝ առանց այն էլ երկնքից կախված փոքրիկ հացաբաժնից գողանալով՝ օլիգարխ կարգվել: Որեւէ պետության համար դժբախտություն է, երբ բարձրագույն իշխանությունը չունի իմունիտետ՝ քծնանքի եւ փողի նկատմամբ: Մեր փորձը այս առումով կարող է աշխարհի համար ուսումնասիրության լավագույն օրինակներից լինել:
Դժգոհում ենք, որ գերտերությունները մեր թշիկները շոյելով եւ թաթիկներիցս բռնած մադրիդներում եւ ցյուրիխներում արձանագրությունների անվան տակ միջազգային պայմանագրեր են ստորագրել տալիս: Բա ի՞նչ պիտի անեն, երբ տեսնում են, որ նույնիսկ քե՛զ համար Ղարաբաղի հարցում չունես հստակ պատկերացումներ, թե ինչպես պետք է լուծես տարածաշրջանային այդ կնճռոտ հանգույցը, որտեղ բախվում են բազմաթիվ գիշատիչ հսկաների շահերը: Եվ այդպես՝ 17 տարի շարունակ…
Բայց այդ ընթացքում հակառակորդդ հասցնում է իր ռազմական բյուջեն հավասարեցնել քո ազգային բյուջեին: Իսկ մենք ընդամենը կարողանում ենք միջազգային կառույցներին անընդմեջ մատակարարել օրակարգային հարցեր՝ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, ժողովրդավարության բռնաբարման եւ մեր ազգային արժանապատվությունը ամեն Աստծո օր ոտնահարող այլ թեմաներով:
Այո՛, Ղարաբաղի հարցը տարածաշրջանում լուրջ խոչընդոտներ է առաջացնում գերտերությունների ծրագրերի իրականացման համար: Այսօր նրանց շահերը համեմատաբար համընկնում են, եւ նրանք հարցը լուծելու համար ընտրել են մեզ հետ պարտադրանքով խոսելու լեզուն, եւ դա շատ հասկանալի է: Որովհետեւ անցած 17 տարիների ընթացքում Ղարաբաղի նկատմամբ մեր անսեռ վերաբերմունքի պատճառով այն հայաթափեցինք ու թուլացրինք այն աստիճան, որ այսօր ազատագրված տարածքները գրեթե առանց փոխզիջման պարտավորվում ենք հանձնել հակառակորդին: Չփորձեցինք հասկանալ, որ Ղարաբաղի նկատմամբ մեր անլուրջ պահվածքը սկսվեց նրանից, երբ Ղարաբաղի ընտրված նախագահին Հայաստանում օրվա իշխանությունը փրկելու համար կանչեցինք եւ դարձրեցինք վարչապետ: Կրկնում եմ՝ միմիայն օրվա իշխանությունը փրկելու, ներքաղաքական խնդիրները լուծելու համար: Այնուհետեւ կատարեցինք դիվանագիտական թերեւս ամենակոպիտ սխալը՝ Ղարաբաղը դուրս մղեցինք բանակցային ձեւաչափից՝ դրանով իսկ միջազգային դիվանագիտական հարթության վրա ինքնակամ մեզ տալով ագրեսորի կարգավիճակ: Ղարաբաղն ու ազատագրված տարածքները վերաբնակեցնելու փոխարեն հայաթափեցինք, վկան՝ բոլոր նախկին բարձրագույն իշխանավորները, ովքեր խոսքները մեկ արած՝ իշխանափոխություններից հետո իրենց թիմերով լքեցին Ղարաբաղը՝ անուղղակիորեն կամ ուղղակիորեն այնտեղ դեռեւս ապրողներին հասկացնելով, որ իրենց ընտանիքների համար Ղարաբաղում հեռանկար չեն տեսնում: Եվ փորձում ենք մեղադրել ինչ-որ ուժերի, ովքեր այսօր իրե՛նց սցենարով են փորձում լուծել մեր չլուծած հարցը: Ռուսական իմաստնությունը հուշում է, որ սուրբ տեղը դատարկ չի լինում:
Ազնիվ չենք միմյանց նկատմամբ, ավելին՝ ատում ենք միմյանց: Վախենում ենք միմյանց ասել ճշմարտությունը կամ միտումնավոր խեղաթյուրում ենք այն՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Քաղաքականապես ինչքա՞ն միամիտ պետք է լինել՝ չհասկանալու համար, որ Թուրքիան առանց ղարաբաղյան նախապայմանի չի գնա մեզ հետ լուրջ հարաբերությունների հաստատման: Անբնական կլիներ, եթե այդպես չլիներ: Կապ չունի՝ այդ մասին նշվա՞ծ է արձանագրություններում, թե՞ ոչ: Եվ բավական է այդ անհեթեթությունը երեսպաշտորեն իրար աչք կոխենք: Կամ ո՞վ չի հասկանում, որ ղարաբաղյան հարցի լուծումը մադրիդյան-մայնդորֆյան սկզբունքներով նշանակում է՝ արդյունքում Ղարաբաղը ընդմիշտ թողնել Ադրբեջանի կազմում: Տալիս ենք մեր ունեցած ամեն ինչ՝ ինչ-որ անորոշ ապագայում Ղարաբաղում անկախության հանրաքվե անցկացնելու ակնկալիքով: Իմանալով հանդերձ, որ Ղարաբաղից շարունակվող արտագաղթին Ադրբեջանը հակադրելու է երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու իր գենետիկ ունակությունը:
Ուրախացել ենք, որ վերջապես տարածքային ամբողջականության սկզբունքի կողքին փաստաթղթերում նշվում է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Իսկ մեզանում կա՞ քաղաքականությամբ զբաղվող որեւէ լուրջ մեկը, որ հավատում է, թե այն գործնական նշանակություն կունենա Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Հիշեցի հին անեկդոտներից մեկը. հիվանդը մահանում է: Բուժող բժիշկը լսելով այդ մասին՝ հանգուցյալի հարազատներին հարցնում է՝ գոնե մահվանից առաջ հիվանդի ջերմությունը չափե՞լ են: Դրական պատասխան ստանալուց հետո հանգստանում է՝ փա՛ռք Աստծո, արարողակարգը պահպանվել է:
Ինձ երբեմն թվում է, որ մենք ինքներս մեզ խաբելու անսպառ պաշար ունենք եւ կարծես թե դարերի ընթացքում ինքնախաբեությունը դարձրել ենք մեր սելեկցիոն մասնագիտությունը: Եվ ցավն այն է, որ դարեր շարունակ փորձում ենք մանրադիտակի օգնությամբ հայտնաբերել ուրիշի աչքի փուշը՝ չտեսնելու տալով մեր աչքում մխրճված գերանը:
Ես հոռետես չեմ, բայց նաեւ չեմ տառապում բաժակաճառային լավատեսությամբ, ինչպես այսօր մեզանից ոմանք:
Չեմ ուզում Նոր տարի տեղափոխել այս՝ գուցե շատերի համար ոչ միանշանակ ընդունվելիք գնահատականները: Ուղղակի ուզում եմ Նոր տարում վերջապես հավաքաբար փորձենք հասկանալ, որ մե՛նք ինքներս ենք Հայաստանը հասցրել այս օրվան եւ միայն մե՛նք կարող ենք հավաքաբար շտկել այս վիճակը՝ յուրաքանչյուրիս պարտադիր մասնակցությամբ: Դա՛ է մեզ բաժին ընկած խաչը: