Երեկ «Հայացք» ակումբում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը Հայաստանին առաջարկել է առաջինը վավերացնել արձանագրությունները՝ այդ գործընթացը չպայմանավորելով Թուրքիայի վավերացումով: Իր առաջարկը նա այսպես է հիմնավորել. «Մենք էինք նախաձեռնողը, գոնե աշխարհում դա տպավորվեց, բնական է, որ հետ կանգնելն անիմաստ է։ Ինչքան բարդանա իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում, այդքան դժգոհ կլինեն երեք կարեւորագույն սուբյեկտները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Ռուսաստանը։ Բոլորը լուրջ շահ գտան այդ գործընթացում, եւ պատկերացնո՞ւմ եք՝ իրենց սպասելիքները մենք չենք արդարացնում: Մենք պետք է վավերացնենք՝ ամբողջ պատասխանատվությունը թողնելով Թուրքիայի վրա»։ Նա նաեւ հիշեցրել է, որ ՀՀ-ն միջազգային պայմանագրերի վավերացման եւ դադարեցման վերաբերյալ օրենք ունի. «Եթե Թուրքիան արձանագրությունները չվավերացնի, ՀՀ Սահմանադրությունը թույլ է տալիս հետ պտտեցնել այդ անիվը»։ Շարունակելով առաջարկները՝ քաղաքագետը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով Հայաստանը լուրջ զիջումների գնալ չի կարող եւ չպետք է գնա, սակայն կան զիջումներ, որոնք կարելի է քննարկել Թուրքիայի հետ, մասնավորապես՝ մեծացնել Թուրքիայի դերը Մինսկի խմբում, Ադրբեջանի հետ նախնական (շրջանակային) պայմանագիր ստորագրել եւ այլն։