Լրահոս
Օրվա լրահոսը

«Երրորդ հանրապետության խարանը»

Դեկտեմբեր 17,2009 00:00

Ասում է նախկին քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանը՝ նկատի ունենալով ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը:

«Սա Երրորդ հանրապետության խարանն է, բոլորիս ամոթը՝ 1995-96-ին էլ, 1998-99-ին էլ, 2003-2004-ին էլ. սա չունի արդարացում։ Արտահայտվելու ազատության առումով մեր խնդիրն այսօր պիտի լիներ հայաստանցու ժառանգած ներքին գրաքննադատի (ցենզորի) հաղթահարումը»,- մարդու իրավունքների պաշտպանության առիթով «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում առկա 14 քաղբանտարկյալների փաստին՝ ասաց նախկին քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանը:
Խոսելով 2008 թվականի մարտի մեկից հետո մեր երկրում կայացած քրեականացված քաղաքական դատավարությունների եւ ներկայումս ընթացող Նիկոլ Փաշինյանի դատավարության մասին՝ Աշոտ Բլեյանը նկատում է. «Սրանք քրեական դատավարություն չեն՝ բուն դատավարական եւ քրեական օրենսգրքերով։ 2008թ. մարտի 1-ին քաղաքացիական իրավունքի զանգվածային իրականացումը ներկայացվում է որպես զանգվածային անկարգություններ՝ սերիալ հիշեցնող քրեական դատավարությունների շարան, որոնցով հետեւողական, մինչեւ վերջ փչացրեցին դատարան կոչվածն էլ, քաղաքացիական հասարակություն ասվածն էլ, շարունակեցին խոչընդոտել, որ մեզանում արդարադատությունը՝ որպես համակարգ, կայանա»։ Նա կարծում է, որ սա ՀՀ-ի դեմ կատարվող ամենամեծ հանցագործությունն է՝ սկսած անկախության հռչակման պահից, քանզի հայտնի բան է, որ երեք իշխանություններից ամենանուրբը հենց դատական իշխանությունն է՝ որպես արդարադատություն իրականացնող մարմին։
Եվ եթե օրենսդիրն ու գործադիրը չեն ուզում, որ այս համակարգը կայանա, ապա ունենում ենք  միայն այն, ինչ այսօր ունենք՝ անպաշտպան քաղաքացի ու անապագա հասարակություն: «Այս դեպքում քաղաքացին արդեն ոչ թե այլոց խախտված իրավունքների պաշտպան է կանգնում կամ իր իրավունքների հանդեպ ոտնձգություններից է պաշտպանվում պետական մարմնի (նաեւ դատարանի) միջոցով, այլ նրա խնդիրը հաճախ դառնում է պետական մարմնից ու նրա ներկայացուցչից պաշտպանվելը, որպես ինքնապաշտպանություն, որովհետեւ դատարանը գործում է որպես քաղաքացու նկատմամբ հաշվեհարդարի գործիք: Իսկ հասարակությունը պիտի կենդանի լիներ ու իր ստեղծական ողջ պոտենցիալով այսօր մասնակցեր զարգացող հասարակության ու առաջադիմող պետության խնդիրների լուծմանը՝ տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- ասում է Աշոտ Բլեյանը։ 
Ասվածի համատեքստում անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությանը՝ մեր զրուցակիցը նաեւ հավելում է. «2007 թվականի հոկտեմբերի 23-ին միջադեպ եղավ: Հայտնի մարդիկ՝ Նիկոլ Փաշինյան, Պետրոս Մակեյան եւ այլք, օգտվում էին իրենց արտահայտվելու իրավունքից, օրենքով սահմանված կարգով իրազեկում մարդկանց։ Ոստիկանությունը, որ օրենքով կոչված է ապահովելու նաեւ մարդկանց այս իրավունքը, ցուցադրական հաշվեհարդար տեսավ: Ու ծեծված քաղաքացիները հայտնվեցին ոստիկանությունում։ Հետո հանդես եկան միջնորդներ՝ ՀՀ առաջին նախագահը, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, մարդկանց ազատ արձակեցին։ Թվում է, թե պայմանավորվել են. միջադեպը հարթվել է: Ենթադրվում էր, որ ոստիկանությունը այս բարձր պայմանավորվածությունը, ի դեպ, օրենքի շրջանակում, պիտի հարգի: Հակառակ դեպքում, ոչնչանում է վերջին հենարանը՝ մարդկային ամենասովորական պարկեշտությունը, որը հենց քաղաքացիական հասարակության հիմքն է: Կորցնելով դա՝ հասարակությունը կորցնում է իր հեռանկարը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել