Նոր տարին այն եզակի, նույնիսկ միակ տոնն է, երբ բոլոր մարդիկ փորձում են հավատալ հրաշքներին, ցանկություններ են պահում եւ նվերներ մատուցում: Բոլորը սպասում են Ձմեռ պապին, Սանտա Կլաուսին կամ Յուլ Տոմտոնին: Օրինակ՝ Բուլղարիայում, ավանդույթի համաձայն, Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է կեսգիշերին հնչող ղողանջներից հետո, երբ մի պահ անջատվում է լույսը՝ ամանորի համբույրների համար: Դրանից հետո տանտիրուհին սկսում է կտրել ամանորի անակնկալ կարկանդակը: Եթե կարկանդակի միջի կոպեկն է բաժին հասնում՝ կբերի հարստություն, իսկ վարդի ճյուղը կբերի նաեւ սեր:
Այդպիսի «թխվածքային» անակնկալներ ընդունված են նաեւ Ռումինիայում եւ Ավստրալիայում: Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձի քաղցր շիլա: Այն եւս անակնկալով է՝ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա նոր տարում ամուսնությունից խուսափել չի լինի:
Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են Father Christmas-ին: Նրան նամակ են գրում՝ մանրամասն թվարկելով եւ բացատրելով, թե ինչ են ցանկանում: Այնուհետեւ նամակը գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը նամակը կհասցնի հասցեատիրոջը:
Իտալիայում էլ անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են նետում անպիտան իրերը: Այս ավանդույթը բացատրվում է նրանով, որ իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն նոր հագուկապով, այլեւ տան նորացված հարդարանքով:
Գերմանիայում Սուրբ ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջ: Այդ օրը նվերների փոխանակման արարողությունը կոչվում է «բեշերունգ»: Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, Հարավային Գերմանիայում եւ Ավստրիայում մարդիկ շատ հաճախ միմյանց նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում:
Ծննդյան օրերին Չինաստանում առաջին հերթին նկատելի են Լույսի ծառերը: Լույսի ծառը մեր տոնածառի նախատիպն է եւ զարդարվում է արեւելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույնությամբ զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը՝ Ծննդյան պապիկը դնում է իր նվերները:
Ամերիկայում ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե նվերներին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթեթավորված է բազմաթիվ թղթերի մեջ:
Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բեւեռում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշ է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են հանում աղբը, վերադառնում Յուլ Տոմտոնի՝ Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը, բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտոնն էլ՝ նվերներ բաժանել: Նման աղմուկ-աղաղակի պայմաններում էլ Նոր տարին մուտք է գործում Շվեդիա:
Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ «նուգա» եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու եւ խաղող ուտելու համար: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ: Յուրաքանչյուր հատիկը խորհրդանշում է տարվա ամիսը, ու եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը:
Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: