Ինքնասպանության մասին մտքերը վանել են
Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց տվեցին, որ ներքին անզգայացման համար նախատեսված կետամին պատրաստուկը արագ եւ արդյունավետ կերպով վանում է ընկճախտով հիվանդ մարդկանց մեջ առկա ինքնասպանության մասին մտքերը: Հոգեբուժության պրակտիկայի ընթացքում հաճախ են հանդիպում այնպիսի իրավիճակներ, երբ ընկճախտով հիվանդներին տանջում են ինքնասպանության մասին մտքերը: Քանի որ առկա հակադեպրեսանտ միջոցները սկսում են ազդել բուժումը սկսելուց միայն մի քանի շաբաթ անց, դրանց օգտագործումը այսպիսի իրավիճակներում արդյունավետ չէ. հիվանդը կարող է մինչեւ դեղերի ներգործումը՝ կյանքի հետ իր կապերը խզել: Հետազոտողները ինքնասպանության հակված մի քանի հիվանդների փորձնական բուժում էին նշանակել, որը ենթադրում էր կետամին պատրաստուկի ներերակային սրսկում: Պարզվեց, որ այս պատրաստուկի մեկանգամյա ներարկումը զգալիորեն հեռացնում է ինքնասպանության մասին մտքերը: Երկու շաբաթվա ընթացքում պատրաստուկի պարբերաբար ներարկումներից հետո դրական արդյունքն արդեն ակնհայտ էր:
Հետազոտողներից մեկի կարծիքով, եթե հետազոտության արդյունքները հաստատվեն նաեւ ավելի մեծամասշտաբ փորձարկումների ժամանակ, կետամինի ներերակային սրսկումը կարող է նախընտրելի բուժում դառնալ այն դեպքերում, երբ հակադեպրեսանտ դեղամիջոցների արդյունքին սպասելը կարող է վտանգել մարդու կյանքը:
Մումիաների մոտ հայտնաբերել են աթերոսկլերոզ
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ աթերոսկլերոզը տարածված էր դեռեւս Հին Եգիպտոսի բնակիչների շրջանում: Հետազոտությունն անցկացրել էին ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի մասնագետները` պրոֆեսոր Գրեգորի Թոմասի ղեկավարությամբ: Գիտնականները համակարգչային տոմոգրաֆի օգնությամբ հետազոտել են Կահիրեի եգիպտական թանգարանում պահվող 20 մումիաներ: Բոլոր մումիաներն ամբողջապես սքանավորվել էին: Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել մումիաների սրտանոթային համակարգին: Հետազոտության ընթացքում մասնագետները 16 մումիաներից 9-ի մոտ հայտնաբերեցին անոթների աթերոսկլերոտիկ վնասվածքներ՝ կալցիֆիկալների տեսքով: Նրանց սրտանոթային համակարգը հետազոտության համար հասանելի էր: Կալցիումակալները հայտնաբերվել էին անմիջապես անոթների մեջ: Հետազոտողները նաեւ ընդգծում էին հիվանդության տարիքային բնույթը: Մասնավորապես, աթերոսկլերոզի նշաններ հայտնաբերել էին այն մումիաների մոտ, որոնք թաղվել էին 45 տարեկանից բարձր տարիքում: Եվ միայն երկուսն էին, որ չնայած երիտասարդ տարիքին, եւս աթերոսկլերոզի նշաններ ունեին: Պրոֆեսոր Թոմասի խոսքերով, չի կարելի պնդել, որ հետազոտված մումիաների մահվան պատճառը հանդիսացել է աթերոսկլերոզը, սակայն հաստատվեց, որ այդ հիվանդությունը դեռ այն ժամանակներում բավական մեծ տարածում է ունեցել: Թոմասը նաեւ նշեց, որ այս բացահայտումները թույլ կտան վերանայել ռիսկային գործոնների դերը աթերոսկլերոզ հիվանդության զարգացման գործում: Այդ գործոններից հիմնականներն են` ճարպոտ սննդի օգտագործումը, ծխելը եւ անբավարար ֆիզիկական ակտիվությունը:
Ընկճախտը բուժվում է ինտերնետի միջոցով
Բրիտանացի գիտնականների հետազոտությունների շնորհիվ ապացուցվեց ընկճախտի բուժման արդյունավետությունը՝ ճանաչողական բիհեվիօրալ թերապիայի մեթոդներով, առանց բժշկին այցելելու:
Հետազոտությանը մասնակցել է ընկճախտով տառապող 297 մարդ: Նրանց մի մասը 16 շաբաթների ընթացքում պետք է մասնակցեր 10-ից ավելի չաթ-սեանսների` յուրաքանչյուրը 55 րոպե տեւողությամբ, իսկ մյուս մասը այցելում էր հոգեթերապեւտի: 4 ամիս անց օնլայն թերապիայի կուրս անցնող խմբի 38 տոկոսն արդեն բուժվել էր, մինչդեռ մյուս խմբի մասնակիցներից միայն 24%-ին էր հաջողվել հաղթահարել հիվանդությունը: Մասնագետների կարծիքով, թերապեւտի հետ օնլայն շփումը, ի տարբերություն ավանդականի, նույնիսկ ավելի արդյունավետ կարող է լինել, քանզի օնլայն շփումը հաճախորդին իր վիճակը հասկանալու ավելի շատ հնարավորություններ է ընձեռում: Բացի այդ, չաթի նյութերը միշտ կարելի է վերընթերցել:
Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջանում թարմացնել հոգեթերապիայում կիրառվող մեթոդները, քանզի ինտերնետն արդեն ավելի մատչելի հոգեբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն է ընձեռում: