Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐ՝ ՍԱՌԸ, ԲԱՅՑ ԱԶԴԵՑԻԿ

Դեկտեմբեր 16,2009 00:00

Սառցե քանդակները գնահատվում են ճաշակով մարդկանց կողմից

\"\"

«Սառցե քանդակները, արձանիկներն ու այլ պատկերները դարձել են հայերի կազմակերպած միջոցառումների զարդարանքը, այժմ շատերն իրենց միջոցառումներն առանց դրանց չեն պատկերացնում»,- ասում է «Ice deco» սառցե քանդակներ պատրաստող՝ Հայաստանում միակ կազմակերպության տնօրեն Հովհաննես Սինանյանը:
Մեզ հետ զրույցում Հ. Սինանյանը պատմեց, որ ինքն առաջին անգամ սառցե քանդակներ տեսել է Ամերիկայում. «Ընդհանրապես, սառցե քանդակները շատ տարածված են ամբողջ աշխարհում: Եվ քանի որ այն մեծ գեղագիտական հաճույք է պատճառում ականատեսին, որոշեցի ես էլ հայությանը հնարավորություն տալ տեսնելու այդ գեղեցկությունը Հայաստանում: Սառցե քանդակները նորություն են Հայաստանում. տեխնոլոգիան էլ բերվում է դրսից»:
Ըստ Հ. Սինանյանի՝ քանդակները պահպանվում են ցանկացած ջերմաստիճանում. «Քանդակները վախենում են միայն արեւից: Անգամ եթե դուրսն էլ դրվի եւ տաք լինի՝ այն չի հալչի: Նրա սովորական պահպանման ժամկետը սենյակային ջերմաստիճանում 8-10 ժամ է: Օրինակ, վերջերս Հայաստանի բջջային օպերատորներից մեկի կազմակերպած միջոցառման համար քանդակ էինք պատրաստել. այն մեկ շաբաթ պահպանվել էր: Դրանք դանդաղ են հալչում, քանի որ տեխնոլոգիապես այնպիսի սառույց ենք ստանում, որը կարծր է, դիմացկուն ու շատ թափանցիկ»:
Հ. Սինանյանը ասաց նաեւ, որ իրենք տարբեր չափերի եւ պատկերների քանդակներ են պատրաստում, այսինքն՝ ցանկացած միջոցառմանը համապատասխան: Նրա փոխանցմամբ, հայերը հիմնականում հարսանիք-ծնունդ-կնունքների համար են պատվիրում սառցե քանդակներ. «Երբ նոր էինք սկսել այս գործով զբաղվել, սկզբնական շրջանում մեր քաղաքացիները հիմնականում հարսանիքների եւ նմանօրինակ միջոցառումների համար էին աշխատանքներ պատվիրում, սակայն ժամանակի ընթացքում այն ձեռք բերեց կորպորատիվ բնույթ. սկսեցինք ակտիվ համագործակցել հայկական կազմակերպությունների, անհատների հետ՝ շնորհանդեսներ, բացումներ եւ այլն, անգամ շոու-բիզնեսին է հետաքրքրել: Պատվիրատուի ցանկացած միտքն իրականացվում է՝ սրտեր, ծաղիկներ, վազաներ եւ այլն: Իսկ կորպորատիվ ընկերությունները հիմնականում պատվիրում են իրենց լոգոտիպերը կամ կոնկրետ այն, թե ֆիրման ինչով է զբաղվում»:
Իսկ թե որքան ժամանակ է խլում մեկ քանդակի պատրաստումը, Հովհաննեսն ասաց. «Մեծ աշխատանք է տարվում, ամեն մի քանդակի պատրաստումը մինչեւ 15 օր է տեւում: Լինում է, որ աշխատում ենք հենց տեղում կամ պատրաստում ենք մեզ մոտ ու տեղափոխում դրանց համար նախատեսված հատուկ սառնարաններով»: Մեր զրուցակցի բնորոշմամբ, սառցե քանդակներ ստեղծելու համար միայն քանդակելու շնորհքը քիչ է. «Այս քանդակները պատրաստելու համար մեր աշխատողները թրեյնինգներ են անցել Հայաստանից դուրս»:
Գնային համակարգի մասին էլ ասաց. «Միջին աշխատավարձ ստացող մարդը չի կարող իրեն թույլ տալ վայելել այդ հաճույքը: Բայց իրականում սառցե նվերը շատ ազդեցիկ է եւ մեծ տպավորություն է թողնում»:
Իսկ թե ինչ արձագանքներ են եղել առաջին քանդակներից հետո, Հ. Սինանյանը նշեց. «Առաջին արձագանքը ապշեցուցիչ էր: Սա գովք թող չթվա, առաջինից էլ, վերջինից էլ միշտ հիացած են եղել բոլորը: Այնպես չի եղել, որ պատվիրատուն մի բան պատվիրի եւ դժգոհ լինի. քանդակները միշտ մեծ ազդեցություն են թողնում հյուրերի վրա: Ճիշտ է, ոմանց համար գուցե անհեթեթություն թվա. հայկական մտածելակերպը շատերին թույլ չի տալիս լիարժեք վայելելու եւ զգալու իրական գեղեցկության արժեքը: Մտածում են՝ սառույցին այդքան գումար տալ չարժե, մեկ է՝ հալչելու է. այս կարծրատիպից այդպես էլ չկարողացանք խուսափել: Կա հասարակության մի շերտ, որ այդպես է մտածում, բայց մենք ունենք մեր պատվիրատուները, կամ կան մի խումբ մարդիկ, որոնք ունեն ճաշակ, ինտելեկտ եւ գնահատում են այդ ամենը: Չնայած արդեն երեք տարի է՝ ինչ գործում ենք, եւ հայ հասարակությունը բավական առաջադեմ է, զարգացած հայացքներով, միեւնույն է՝ նրանց համար նմանատիպ բաները դեռ բավականին խորթ են: Մեր հասարակության մեջ կա նաեւ մարդկանց մի շերտ, որ որքան էլ ուզում ես լավ բան արա, գեղեցկություն ստեղծի, հնարավորություն տուր իրենց կյանքի կարեւոր օրերը անմոռանալի դարձնել, միեւնույն է՝ ինչ-որ բանից միշտ դժգոհ են. չի ընդունում ինտելեկտը, ճաշակը, գեղեցկություն ասվածը: Բայց դրան զուգահեռ էլ կա մի խավ, որը շատ լավ է հասկանում եւ ընդունում մեր գործի բնույթը»:
Հ. Սինանյանը հավելեց նաեւ, որ այս գործունեությունը ծավալել է իբրեւ բիզնես. «Ես գործարար եմ, ոչ թե արվեստագետ: Ճիշտ է՝ մեր ստեղծած ամեն մի քանդակ արվեստի գործ է, բայց ամեն ինչին պետք է նայել գործարարի աչքերով: Խնդիրն այն է, որ սառցե քանդակները Հայաստանում պահանջարկ չունեն: Չեմ ժխտում՝ մեր ցանկացած աշխատանք մեծ գնահատանքի է արժանացել, բայց այն դեռ տարածում չունի. ժողովուրդը վճարունակ չէ: Իհարկե, բոլորն էլ կուզենային իրենց հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին պատվիրել սառցե գեղեցիկ քանդակներ, բայց այն իսկապես մեծ արժեք է ներկայացնում եւ ոչ բոլորին է հասանելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել