Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում կայացավ հովանավորության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը:
Արարողությունից առաջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց. «Մենք այսօր այստեղ հավաքվել ենք հայտարարելու, որ 2010 թվականի ընթացքում, ինչպես միշտ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, իր հիմնական գործունեությանը զուգահեռ, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում տանում է այլ աշխատանքներ, մյուս տարվա ուղղություններից մեկն ընտրել է սպորտն ու մարմնամարզանքը: Եվ այս ուղղության ներքո, որպես կորպորատիվ քաղաքացի, որոշել է համագործակցել կանանց բասկետբոլի խմբի հետ: Մեր բանակցություններն սկսվել էին դեռ սեպտեմբերին: Սակայն, անկեղծ ասեմ, որ վերջնականապես դրանց արդյունքներն ի մի չէինք կարողանում բերել, քանի որ սպասում էինք 2010 թվականի մեր բյուջեի հաստատմանը: Հիմա, երբ դա եղավ, մենք ձեռք սեղմեցինք՝ պայմանավորվելով, որ եկող տարվա ընթացքում համագործակցելու ենք «Հատիսի» հետ, աջակցելու ենք այս թիմին՝ հավատալով, որ օժանդակում ենք ոչ միայն բասկետբոլին, այլեւ կանգնում հայկական սպորտի կողքին: Եվ իբրեւ կորպորատիվ քաղաքացի, պատասխանատվություն զգում ու հավատում ավելիին. որքան շատ կորպորատիվ քաղաքացիներ հավատան եւ կանգնեն հայ սպորտի կողքին, այնքան ավելի փայլուն արդյունքներ կլինեն ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում, եւ հայ մարզիկն ու հայկական թիմերը կդառնան մեր ինքնության, անվան ու պատվի դրսեւորման ամենավառ ներկայացուցիչները»:
Շարունակելով Ռալֆ Յիրիկյանի խոսքը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչ Ռոստոմյանն ավելացրեց. «Ինչո՞ւ մենք ցանկացանք դիմել հատկապես «ՎիվաՍել ՄՏՍ»-ին: «Հատիս» կանանց բասկետբոլի ակումբն ընդամենը երկու-երեք ամսվա պատմություն ունի: Եվ առաջին քայլերն անելիս ցանկանում ենք հիմնվել այնպիսի կազմակերպությունների վրա, որոնք Հայաստանում հաջող գործելու տարիների փորձ ունեն: Ստորագրելով այս պայմանագիրը՝ մենք վստահ ենք, որ «Հատիսն» էլ ավելի կամրապնդվի եւ կունենա ոչ թե մեկ կամ երկու, այլ՝ երկար տարիների պատմություն եւ կլինի ավելի հզոր: Ես որպես բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ուզում եմ տեղեկացնել, որ պայմանագրով նախատեսված են այնպիսի կետեր, որոնցով ամրագրված են ոչ միայն «Հատիսի» զարգացումն ու բարգավաճումը, այլեւ ընդհանրապես բասկետբոլի զարացումը հանրապետությունում: Որովհետեւ ակումբի խորհրդի անդամները որոշել են Հայաստանի բոլոր մարզերում եւ մարզկենտրոններում ունենալ «Հատիս» բասկետբոլի ակումբի գոնե մեկ խումբ: Եվ այս պայմանագրի ստորագրումով առջեւում դրական եւ տեսանելի ապագա է բացվում»:
«Հատիս» ակումբի խորհրդի անդամ Արթուր Մինասյանն իր խոսքում ասաց, որ այս համագործակցությունը նաեւ պարտավորեցնող է, քանի որ «ՎիվաՍել ՄՏՍ»-ը հեռահաղորդակցության բնագավառում բազմաթիվ փայլուն հաղթանակներ է արձանագրել, ինչը պետք է փոխանցվի նաեւ «Հատիսին»:
Համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո լրագրողներին հարցեր տալու հնարավորություն ընձեռվեց: «Առավոտը» բավական հետաքրքրասեր էր՝ նպատակ ունենալով իր եւ գործընկերների համար որոշ հարցերի վերջնական պատասխանը ստանալ:
– Պարոն Ռոստոմյան, ասացիք, որ «Հատիսը» ընդամենը մի քանի ամսվա կենսագրություն ունի: Այսինքն, այսօրվա «Հատիսը» խորհրդային տարիների մեր հանրահռչակ Աբովյանի «Հատիսի» իրավահաջորդը չէ՞:
– Մեր ակումբը կոչվում է «Հատիս Երեւան» մարզական հասարակական կազմակերպություն եւ Աբովյանի «Հատիսի» հետ որեւէ կապ չունի: Միայն անունն է նույնը:
Հաջորդ հարցն ուղղված էր Ռալֆ Յիրիկյանին:
– Պարոն Յիրիկյան, Ձեր ղեկավարած կազմակերպության նշանաբաններից մեկն էլ «ՎիվաՍել ՄՏՍ»-ը սպորտի գործընկերն է» կարգախոսն է: Անցնող տարում սպորտի հետ առնչվող ի՞նչ ծրագրեր են իրականացվել եւ 2010-ին ի՞նչ նոր ծրագրեր կան նախանշված:
– 2009-ին մենք միանշանակ կանք ֆուտբոլի ֆեդերացիայի, «Ուլիս» ֆուտբոլային ակումբի, Ազգային օլիմպիական կոմիտեի, կարատե մարզաձեւի, դահուկային ֆեդերացիայի, անհատ մարզիկների կողքին, ովքեր միջազգային մրցաշարերում ներկայացրել են մեր երկիրը, մեր դրոշը եւ սպորտին առնչվող այլ ոլորտներում: Եկող տարի ոչ միայն շարունակելու ենք այս քաղաքականությունը, այլեւ մի քիչ էլ ավելացնելու ենք: Առաջինը բասկետբոլն է: Նոր չակերտներ հիմա պետք չէ բացել: Ի՞նչ նոր մարզաձեւեր ենք ընդգրկել մեր ծրագրերում, դրանց ականատեսը կլինեք եկող տարվա ընթացքում:
– Պարոն Յիրիկյան, Դուք հնարավոր ամեն ինչով աջակցում եք սպորտին: Հետաքրքիր է, թե ժամանակին անձամբ որեւէ մարզաձեւով զբաղվե՞լ եք: Եվ հիմա սպորտը ձեր կյանքում տեղ ունի՞:
– Դպրոցական եւ համալսարանական տարիներին զբաղվել եմ ֆուտբոլով եւ բասկետբոլով: Երկու մարզաձեւերում էլ խաղացել եմ հավաքական թիմերում: Շաբաթվա ընթացքում երկու մարզաձեւերի մարզումներին էլ հաճախում էի: Երբ սկսվեց իմ աշխատանքային կյանքը, երկուսն էլ կրճատվեցին: Սակայն երբ ժամանակ է լինում, երբեմն բասկետբոլ ենք խաղում, մարզվում ենք, որովհետեւ մարմինը դրա կարիքն ունի:
Մեր գործընկերներից մեկը Հրաչ Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, արդյոք, որ նա «Չեվակատայի» հետ խաղից հետո անարդար մրցավարության պատճառով հրաժարվել է միջազգային մրցավարի իր կոչումից:
– Այո: Նախ ասեմ, որ մեր կրած պարտությունների համար մենք պատճառները որոնել ենք մեր մեջ եւ ոչ ոքի չենք մեղադրել: Սակայն այն, ինչ կատարվեց Վոլոգդայում, մեկ բառով կարելի է բնութագրել՝ լկտիություն: Ես չէի կարողանում աղջիկների աչքերին նայել, որովհետեւ չկարողացա նրանց ոչնչով օգնել: Խաղից անմիջապես հետո կապվեցի FIBA-ի հետ: Բայց FIBA-ն, ինչպես եւ FIFA-ն խաղի արդյունքի բողոքարկում չեն ընդունում: Ես գիտակցել եմ, թե ինչ քայլի եմ դիմում: Միջազգային մրցավարի կոչումից իմ հրաժարվելը անարդար մրցավարության դեմ բողոքի ամենաազդեցիկ ձեւն էր, որը, հավատացեք, դեռ FIBA-ում կքննարկվի: Ես չեմ կարող լինել մրցավարական թիմի անդամ, որտեղ իմ ընտանիքի անդամներին կոտրում են:
– Ասում են, որ «Չեվակատայի» սեփականատերը հայ է: Նրան հանդիպեցի՞ք:
– Ակումբի սեփականատերն Արկադի Պողոսյանն է, որը ժամանակին Ղարաբաղում շրջկոմի քարտուղար է եղել: Հիմա նա Վոլոգդայում եւ ամբողջ մարզում «Շոկոլադի արքայի» համբավ ունի: Շատ հզոր անձնավորություն է: Ճիշտն ասած, խաղից հետո նրան չեմ հանդիպել: Այնքան զայրացած էի, որ աչքիս ոչինչ չէր գալիս: Բայց ես նրան չեմ մեղադրում: Նրա՝ Հայաստանի քաղաքացի կամ հայ լինելը նշանակություն չունի: Նա, պարզապես, ակումբի ղեկավար, սեփականատեր է: «Հատիսին» հաղթելը փրփուրներից կառչելու՝ նրա վերջին հնարավորությունն էր: Եվ նա իր ակումբի համար արեց ամեն ինչ, մենք՝ ոչ: Նա հասավ հաղթանակի: Իսկ թե ինչպե՞ս, դա արդեն նրա խնդիրն է:
Միջոցառման ավարտին «Հատիսի» բասկետբոլիստուհիները լրագրողներին իրենց ինքնագրերով գնդակներ նվիրեցին:
Այս տողերը մտածող Հայերի համար է։
Եթե Աշխարհը ուներ մայր Թերեզա, ապա մենք պետք է «հպարտ» լինենք որ ունենք հայր Ռալֆ (Յիրիկյան)։ Որովհետև ամեն տեղ է նա և բոլ-բոլ բաժանում է դոլլարներ կամ յուրոներ։ Որտեղից այդքան փող իր գործին։
Դասագրքային մանրամասնությամբ, հեռուստաէկրաններից ամեն շաբաթ, իսկ այս օրերին ամեն օր, նկարվում է, զոռով մտնում է մեր աչքը, մեր գիտակցության մեջ – որ ինքը հայր Ռալֆն է և պատրաստ է դառնալու Հայաստանի վարչապետ կամ ամենաքիչը մի որևէ նախարար։
Ուրախ կլինեմ որ ես սխալված լինեմ, բայց չեմ կարծում։ Նա կամ նրան շատ նուրբ կերպով նախապատրաստում են, մեր աչքին վարժեցնում են, իր ոչ զտարյուն Հայի կերպարը, Արևմուտքի համար ինչ-որ կարևոր գործի համար։ Թե ի՞նչ գործի համար են նախապատրաստում իրեն – չգիտեմ։
Որպես մասնավոր անձ ես իր հետ խնդիր չունեմ, բայց եթե նա հանդիսանում է գործիք օտար երկրների ձեռքին և հավակնում է աշխատել ի վնաս Հայաստանի, ապա ես մեծ խնդիր ունեմ հայր Ռալֆի հետ և ասում եմ իրեն ախորժակիդ քացախ Պր. Ռալֆ Յիրիկյան։
Ձեռքերդ հեռու Հայաստանի պետական պաշտոններից։
Անգամ չմտածես։
Միայն պտտիր քո վիվասելլ ՄՏՍ-ի չարխը և մտածիր թե ինչպես քո բաժնորդները հեռախոսով Հայերեն լուրեր ուղարկեն իրար և ոչ թե Անգլերեն տառերով Հայերեն։
Ռոբերտ Նազարյան
[email protected]