«Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է «Ծիրանի» հ/կ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Շուրջ հինգ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Ջուղայի հին հայկական գերեզմանատունը, որն ուներ մշակութային եւ հոգեւոր մեծ նշանակություն: Անարյուն այս ցեղասպանությունը, որ կազմակերպել էին ադրբեջանցիները, դեռեւս իր արդար եւ պատշաճ իրավական արձագանքը չի ստացել: 21-րդ դարում նման բարբարոսությունների անպատժելիությունը կարող է ծնել նորերը, եւ ոչնչացնել այն մարդասիրական արժեքները, որոնք համայն մարդկության համար դարձել են բացարձակ արժեքներ: Հինգ տարի առաջ հազարավոր մեր հայրենակից նախնիներ զրկվեցին գերեզման ունենալու իրավունքից, իսկ բարբարոսությունը կատարվեց նրանց շիրիմների պղծման միջոցով»: Կազմակերպությունը կոչ է անում բոլոր հայերին եկեղեցում, տանը, աշխատատեղում աղոթք բարձրացնել՝ տակնուվրա եղած այդ գերեզմանատանն ամփոփված հանգուցյալ հոգիների հանգստության համար: