Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենեն վախեցնողը պոլիտիկ մարդիկ են»

Դեկտեմբեր 16,2009 00:00

Արթո Թունչբոյաջյանը աշխարհի, հայի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ երկուշաբթի երեկոյան երիտասարդ առաջնորդների դպրոցում երիտասարդների հետ հանդիպեց սիրված երաժիշտ Արթո Թունչբոյաջյանը: Շուրջ երեք ժամ տեւած հանդիպմանը Արթոն ջերմ, մտերմիկ մթնոլորտում խոսեց մշակույթի, կյանքի, հայերի, քաղաքականության ու այլ թեմաներից:
Խոսելով Հայաստանը՝ աշխարհին ներկայանալի դարձնելու իր ծրագրերից, երգիչը հարցնում է. «Գերմանացին, եվրոպացին կամ աշխարհքը մի տեղից մարդ ա, իրա տունից երկու-երեք շաբաթ դուրս պիտի ելլա ու Հայաստան պիտի գա, ի՞նչ տարբերակ պետք է ներկայացնենք իրենց: Ո՞նց կարանք Հայաստանը աշխարհքին փոքր, բայց բրիլիանտ տեղ սարքել, ի՞նչ է մեր ազգին իմաստը, ի՞նչ ունինք մենք՝ նավթ, ոսկի չունենք: Թուրք մի հատ մարդուն հարցրի՝ հայ ազգ ըլլալը իրեն համար ի՞նչ է, ասում է՝ արվեստագետ ժողովուրդ… Էրեկ լուրերին ոստիկանների ըրած ցուցահանդեսը տեսա, փերանս բաց մնաց, որքան էլ զինվորի, ոստիկանի շոր հագնին, նորից հայի կենտրոնը արվեստն է: Մի շարժում ուզում ենք ընել ու դարձնել իսկական իմաստը էս երկրին՝ Հա՛-յա՛ս-տա՛ն… մենակ Հայաստանը կարա մեզի բոլորիս մի տեղ հավաքել»: Թունչբոյաջյանը գտնում է, որ փոքր երկիրը լավ ներկայացնելու հնարավորություններից են, օրինակ, բնապահպանությանը ուշադրություն դարձնելը կամ գյուղերում փառատոներ անցկացնելը. «Մի դոլարով մարդը չի հարստանա կամ աղքատանա, բայց 10 մլն հայը միասին պատկերացնում ե՞ք ինչ կարա էնի, ամեն ամիս մի գյուղին, որբանոցին կարամ օգնիմ, մի գյուղին գործարան կարամ սարքեմ…. Կենտրոնով ամենակարեւոր թրանսփորթեյշընը, ավթոբուսները, տրամվայները կգնան: Էդ կենտրոնին մեջ ֆայտոններ կդնեմ: Կենտրոնից ավտո չես թողնում, 1000-2000 ֆայտոն ես դնում, կենտրոնը մաքուր ըլնում ա… Մեկ էլ մի հատ գյուղում մի կլորակ հյուրանոց սարքում ես, կենտրոնում այգի, շենքը 2 կողմ նայում ա, մի կողմից մարդը մի քիչ ավել ա վճարում, որովհետեւ իր սենյակի բալկոնին նստում ու աշխարհքի ամենալավ մարդերի փառատոնն ա նայում: Մյուս կողմը արվեստագետների տուներին նայում ա: Ու էդ թուրիսթը, ասենք, իրավունք ունի արվեստագետների տուները բացել ու իրենց հետ զրուցել»:
Տաթեւ գյուղից մի ուսանողուհու հռետորական հարցին՝ ինչպե՞ս է երաժիշտը պատկերացնում, թե 200 հոգանոց կղզիացած գյուղն ինչպե՞ս պետք է դարձնել տուրիզմի կենտրոն, երգիչը պատասխանում է. «Քո խոսքերիդ մեջ հույս չեմ տեսնիլ, ես էստեղ եկեր եմ, մի հավատք ունիմ, ձեզի կյանքս տալիս եմ, էս 25 տարվա ընտանիքս թողեր եմ 10 տարի, մի քանի մը ամիս առաջ էլ բաժանվեցի, բայց է՛դ իդիոլոջիին համար: Թուրքիան պատրաստ է, տունն ալ տալիս է, հողն ալ, ամեն ինչն ալ տալիս է: Էդ տիպի հավատ չունես, իդիոլոջիդ տեղը չի հասնի…Գյորմամիշներուն դարը վերջանում է, հասկացա՞ք… իրարու չխաբենք, մարդեր կան, իրենց համար կյանքը՝ որքան ավտոն մյուսինե մեծ է, իրենն էլ մի կտոր ալ մեծ պիտի ըլնի, էսի գյորմամիշին միտքն է. հիմա ամերիկացին ըսում է՝ ոնց կարանք փրկենք մեր հողերը Գլենդելի հայերից, լո՛ւրջ-ե՛մ ա՛-սո՛ւմ…Էդ քո ասածին վրեն եմ աշխատում, ադոր համար էլ ինձի չես տեսնում ջիպով…»: Արթոյի կարծիքով՝ հայերիս ամենից շատ խանգարում է ամոթն ու վախը. «Հիմա էստեղ նստել, ձեզ համար խոսելն ամո՞թ պիտի ըլնի: Հայկական միտքով մտածեմ՝ արա, դուն ո՞վ ես, էս մարդերը դպրոց էթում են, էսքան սովորում են, դուն ով ե՞ս, գիրք գրե՞ր ես….Առաջնորդ մարդու ամենեն կարեւոր բաներեն մեկը գիտե՞ս ինչն է, մի բան չես սիրում, հարգանքով ընդունում ես ու ըսում՝ փարեւ, ո՞նց ես: Էսքան, էս բաները չըրիր, էդ դեմոկրատիայի դուռը չի բացվիր…Հրանտ Դինքն ալ իմ շատ լավ ընգերս էր… 77-79-ին զինվոր էի, էս աչքով տեսեր եմ զինվորները գյուղացիի պես հագնում, էթում ուրիշ գյուղացիները սպանում են, հետո ըսում էին, քուրդերը էկան, սպանին, էդի բիզնես դարձնում են, հասկացա՞ր… Հիմա էլ թուրքերն ուզում էին Արեւելյան Անատոլիան, Ղարսին մոտիկ տարածքները ինդուստրիալ կենտրոն սարքել, էտի 150 տարի առաջ պայմանավորված մի բան է…. Ցեղասպանությունը ինչո՞ւ համար էղավ, նայում եմ էդ ժողովրդի մեջ, միակ ինտելեկտուալ ժողովուրդը, որ մնացել է, էտիկա հայեր էին, որովհետեւ ինքն իրա ուսուցիչ եղած ազգին էդքան դյուրին մի բան չի խաբելը»: Արթո Թունչբոյաջյանը դեմ է, երբ ամեն ապրիլ 24-ին միայն սգում են. «Սիրում ենք լալը, հուզվելը, մեկը բերում է խմիչքը, խմում ես, մի հատ էլ «դլե յաման», դուդուկը դնում ես, 23-ին՝ տա-նա-նի-նի, 24-ին՝ ի-ի-ի՜, 25-ին նորից տա-նա-նի-նի…դիսցիպլին չունենք, դիսցիպլին»: Երգիչը հանդիպմանը ներկա երիտասարդներին խորհուրդ է տալիս շատ ճամփորդել. «Ժամանակ ունեք՝ ճամփորդեք, որովհետեւ գիրքից կարդալն ուրիշ մի բան է, աչով էդի ապրելը՝ ուրիշ… բայց թուրիսթի պես ալ մի՛ երթաք: Օրինակ՝ Հնդկաստան կյանքիս ամենեն ջղայնացած երկրներից, սիստեմներից մեկն է, ինքնաթիռներ, ոսկիներ ունեն, բայց միլիոնները ուտելիք չունին…»:
Հայ-թուրքական հարաբերությունների ու նախաստորագրված արձանագրությունների մասին էլ Թունչբոյաջյանը «Առավոտին» ասաց. «Իմ համար ամենեն վախեցնող բաները էս պոլիտիկ մարդեր են, փակում են դուռը ու սկսում են խոսել ու երբ բացում են, չենք գիտեր, թե ինչ կխոսին… ամեն ինչ բիզնեսի վերածած են: Մարդկության համար փակ սահմանը՝ ամոթ է: Փակ դուռերուն հետեւ խոսում են, մի հատ լուր չեն տալիս մեզի, չենք գիտեր՝ ի՞նչ է էդ թուղթին մեջը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել