Նարեկ Սարգսյանը արձագանքել է
«Առավոտի» դեկտեմբերի 12-ի համարում տպագրված «ICCROM-ը զգեստ չի, որ վերաձեւվի» հրապարակմանն արձագանքել է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. նրա համոզմամբ՝ հոդվածում տեղ են գտել իր գործունեության վերաբերյալ եւ իր համար անընդունելի գնահատականներ: Ն. Սարգսյանը համաձայն չէ հատկապես հոդվածում արտահայտված այն մտքին, թե ժառանգության ոլորտի պրոֆեսիոնալների կողմից ինքն ընկալվում է իբրեւ Երեւանի պատմամշակութային ժառանգության գերեզմանափոր:
Անձամբ ես՝ ո՛չ խնդրո առարկա հրապարակման մեջ, ո՛չ էլ այժմ չեմ վիճարկում Նարեկ Սարգսյանի մասնագիտական որակները, որովհետեւ ճարտարապետ չեմ: Բայց նաեւ պիտի նշեմ, որ մասնագիտության բերումով լրագրողներս բազմիցս առիթներ ենք ունեցել այս կամ այն խնդրի շուրջ ներկայացնել ինչպես պարոն Սարգսյանի, այնպես էլ նրա գործունեությունը քննադատողների տեսակետները: Իր եւ ճարտարապետ կոլեգաների տարաձայնությունների ցցուն օրինակներից մեկն էլ այն էր, որ ՀՀ ճարտարապետների միության համագումարում քննադատվեց Ն. Սարգսյանի «երեւանյան» գործունեությունը, ինքն էլ հրաժարվեց այդ միության անդամատոմսից:
Թե ինչեր են տպագրվել մամուլում Ն. Սարգսյանի՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, ու դժվար էլ չէ փնտրել-գտնել, դիցուք google-ով:
Հոդվածում գրել էինք, թե որոշ մասնագետների կողմից Ն. Սարգսյանը ընկալվում է իբրեւ Երեւանի պատմամշակութային ժառանգության գերեզմանափոր, իսկ ընկալումը կարող է եւ սուբյեկտիվ լինել: Նման կարծիք արտահայտողներ, այնուամենայնիվ, կան, որոնք, ցավոք, չցանկացան «բացահայտվել»՝ վկայակոչելով իրենց խոցելի կարգավիճակը եւ այն հզոր լծակները, որոնց տիրապետում է պարոն Սարգսյանը:
Իսկ այդ մարդկանց անունները հրապարակելը ազնիվ չի լինի, որովհետեւ, համաձայն մեր թերթի մասնագիտական էթիկայի կանոնների 7-րդ կետի, «Առավոտի» լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը, ինչը եւ անում ենք: Իսկ եթե, այնուամենայնիվ, կգտնվեն մարդիկ, ովքեր չեն վախենում բարձրաձայնել իրենց տեսակետները, պատրաստ ենք լրագրային տարածք տրամադրել: