ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Ուոթերբերի քաղաքի տարրական դպրոցներից մեկի տնօրենն արգելել է դպրոցում որեւէ ձեւով նշել Սուրբ Ծնունդը: Դրա փոխարեն, տնօրեն Էրիկ Բրաունի որոշմամբ կանցկացվի «ձմեռնամուտի տոնակատարություն»՝ առանց Ծննդյան տոների որեւէ խորհրդանիշի:
Ինչպես հաղորդում է NBC Connecticut-ը՝ Բրաունը որոշել է, որ անընդունելի է կրոնական բնույթի որեւէ տոնակատարությունը Ուոլշի տարրական դպրոցում, որտեղ սովորում են տարբեր կրոնների հետեւորդ երեխաներ, օրինակ՝ Եհովայի վկաներ, որոնք ընդհանրապես որեւէ տոն չեն ընդունում: Տնօրենի այդ դիրքորոշումը մեծ արձագանք է ստացել, եւ Ուոթերբերի քաղաքի կրթական խորհուրդը քննարկումներ է սկսել դպրոցական տոնակատարությունների քաղաքականություն մշակելու հարցով:
Իսկ ահա ԱՄՆ–ի մեկ այլ նահանգում՝ Վիրջինիայում, դպրոցի վարչակազմը որոշել է արգելել իսլամական «Թալիբան» շարժման մասին ուսումնական բանավեճը: Ինչպես տեղեկացնում է The Washington Post–ը՝ ենթադրվում էր, որ ՄԱԿ-ի աշխատանքների բեմականացման ընթացքում որոշ աշակերտներ ստիպված պիտի լինեին ներկայացնել եւ պաշտպանել թալիբների տեսակետը, եւ դա առաջ է բերել ծնողների դժգոհությունը:
Արլինգտոն շրջանի Սուոնսոն քաղաքի միջին դպրոցի տնօրենը եւ ուսուցիչները վրդովված ծնողներին նամակ են ուղարկել, որում գրված էր, թե իրենք անմիջապես հանել են այդ թեման, քանի որ հասկանում են, թե ինչպիսի ցավ էր պատճառել ԱՄՆ-ի վրա ահաբեկիչների հարձակումը…
Դպրոցի տնօրեն Քրիստալ Ֆորեստերն ասել է, որ նախատեսված ուսումնական դեբատները, որի ընթացքում պիտի ներկայացվեր ՄԱԿ-ի աշխատանքը, նպատակ ունեին դպրոցականներին տալ հրապարակային ելույթների, բանակցությունների վարման եւ փաստարկումների հմտություններ: Սակայն աֆղանական թեման կարժեզրկեր պլանավորված ուսումնական բանավեճերը: Աֆղանական թեման հանելուց հետո 8-րդցիների քննարկման օրակարգում կմնան Չինաստանի եւ Թայվանի, Հնդկաստանի եւ Պակիստանի, ՉԺՀ-ի եւ Արեւմտյան աշխարհի, Ռուսաստանի եւ չեչեն անջատողականների, ինչպես նաեւ կոլումբիական իշխանությունների եւ ապստամբների միջեւ առկա կոնֆլիկտները: