Դեկտեմբերի 15-ին աշխարհի ամենափոքրիկ անկախ հանրապետության՝ Նաուրուի Հանրապետության եւ Աբխազիայի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Նաուրուում նման որոշում են կայացրել Ռուսաստանի Դաշնության հետ ֆինանսական օգնություն ստանալու խնդրով բանակցությունների արդյունքում:
Նաուրուն փոքրիկ կղզի-պետություն է Խաղաղ օվկիանոսում՝ 14 հազար բնակչությամբ:
Նաուրուի իշխանությունները դեռ աշնան սկզբին էին պատրաստ ճանաչել Աբխազիայի անկախությունը: Պայմանը մեկն էր՝ «Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը Նաուրուի դոնորների միջազգային կոնֆերանսին»:
Բացի ՌԴ-ից, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչել են նաեւ Նիկարագուան եւ Վենեսուելան: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարեց Աբխազիայի անկախությունը ճանաչելու՝ իր երկրի պատրաստակամության մասին սեպտեմբերին, երբ մեկնել էր Մոսկվա՝ բանակցելու Ռուսաստանի իշխանությունների հետ՝ վարկերի եւ զենքի մատակարարման մասին: