Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդուման խորտակվո՞ւմ է…

Դեկտեմբեր 16,2009 00:00

\"\"Մոսկվայում ուժեղ սառնամանիքների (-25օC) արդյունքում պայթել են Պետդումայի ջեռուցման խողովակները, եւ շենքն ամբողջությամբ լցվել է ջրով: Երեկ առավոտյան այս կերպ էին հնչում տեղեկությունները Պետդումայում պատահած վթարի մասին: Սակայն կեսօրից հետո գնահատականները մեղմացան: «Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ վթարը պատահել է Գեորգիեւյան անցուղում գտնվող Պետդումայի նոր շենքի 5-րդ հարկում: Այն բանից հետո, երբ խողովակներից մեկի փականը դուրս է թռել, եռման ջուրը լցվել է ներքեւի հարկերը: Նախնական տվյալներով՝ ջրի մեջ են մնացել քվեարկության էլեկտրոնային համակարգը եւ նիստերի դահլիճի ձայնային ապահովման համակարգը: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ո՛չ քվեարկության համակարգը եւ ո՛չ էլ նիստերի դահլիճի աշխատանքներն ապահովող համակարգը չեն տուժել:
Չորրորդ հարկի կաբինետներում, որտեղ աշխատում են մի շարք լրատվական գործակալությունների ներկայացուցչություններ, շարքից դուրս է եկել տեխնիկայի մի մասը, թափվել է առաստաղի ծեփը, խիստ վնասվել է կահույքը՝ աթոռներ, սեղաններ, բազկաթոռներ, փչացել է մանրահատակը…
Պետդումայի հանրային կապերի հետ վարչության պետն ասել է, որ -25 աստիճանի ցուրտը ուղիղ կապ չի ունեցել վթարի հետ: Վթարի ճշգրիտ պատճառը դեռ չի պարզվել: Դեկտեմբերի լույս 15-ի գիշերը պատահած վթարի հետեւանքները վերացնելու համար ամբողջ գիշեր անջատվել է ջեռուցումը, սակայն երեկ ցերեկն արդեն ոչինչ չէր հուշում գիշերը պատահածի մասին: Շենքի ներսում +20 աստիճանից բարձր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել