Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՉԻ ՓՈԽՎԻ

Դեկտեմբեր 16,2009 00:00

Հենվելով analitika.at.ua կայքի տարածած տեղեկությունների վրա՝ դեկտեմբերի 9-ի «Առավոտում» տեղեկացրել ենք, որ Ղրիմի հայ համայնքը նամակ է ուղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոյին՝ կապված հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Գրիշչենկոն ավելի վաղ էր հայտարարել, որ 2009 թվականի դեկտեմբերի 1-ից Սուրբ Խաչ հայկական վանքը կդառնա Ղրիմի ազգագրական կենտրոնի մասնաճյուղ: Հայերը պնդում էին, որ անթույլատրելի է առանց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի եւ հայ համայնքի թույլտվության որեւէ գործողություն կատարել համալիրի նկատմամբ:
Սուրբ Էջմիածինը եւս հայտարարել էր, թե կանի ամեն հնարավորը, որ վանքը թանգարան չդառնա: Ղրիմի վանքը պետք է պահպանի նախկին կարգավիճակը, կարծում է Հայ առաքելական եկեղեցին:
Երեկ Սուրբ Էջմիածինը տեղեկացրեց, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոն, ի պատասխան Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հղած գրության, հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբության հետ։ Գերագույն Ռադայի նախագահը հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու կարգավիճակում որեւէ փոփոխություն չի լինելու։ Սբ. Խաչ եկեղեցին շարունակելու է գտնվել Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի իշխանության ներքո՝ որպես հոգեւոր-եկեղեցական նշանակության կառույց: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմում արդեն իսկ հոգեւոր սպասավորության է կոչվել Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ով թեմակալ առաջնորդի իշխանության ներքո իր ծառայությունն է բերելու իբրեւ Ղրիմի առաջնորդական փոխանորդ եւ Սբ. Խաչ վանքի վանահայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել