Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը օրինազա՞նց է

Դեկտեմբեր 16,2009 00:00

Ըստ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հանրակրթական դպրոցում սովորող աշակերտի ծնողի, 1 տարուց ավելի է, ինչ այս դպրոցի աշակերտների ուսումնական պրոցեսը բնականոն չի ընթանում։

Դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Աշոտ Հոխիկյանն անընդհատ զբաղված է ոչ թե երեխաներին կրթելով, այլ ուսուցիչների գլխին գործ սարքելով։ Այս բովանդակությամբ «Առավոտին» նամակ էր գրել դպրոցի աշակերտներից մեկի ծնողը, որը խնդրել էր իր անունը չհրապարակել՝ պատճառաբանելով, որ վախենում է իր երեխայի ապագայի համար, սակայն միեւնույն ժամանակ հայտնում է, որ խնդիրներ լինելու դեպքում ինքը պատրաստ է իր խոսքերին տեր կանգնել։
Նա գրել էր, որ պարոն Հոխիկյանը իրենց դպրոցում դեռ փոխտնօրեն եղած ժամանակ եւ դրանից հետո էլ մշտապես զբաղվում է գաղտնի ձայնագրություններով. «Նա ձայնագրում է ուսուցիչներին եւ աշակերտներին, իսկ հետո դա օգտագործում է նրանց դեմ շանտաժի համար: Պատկերացրեք, հայոց լեզվի ժամին գաղտնի ձայնագրել է կմկմացող երեխաներից մեկին, հետո բոլորի ներկայությամբ միացրել դա ու ծիծաղի առարկա դարձրել նրան: Այդ երեխան ընդամենը 5-րդ դասարանցի էր եւ բավական երկար ժամանակ սթրեսի մեջ էր, դպրոց չէր ուզում հաճախել»: Բացի այդ, նամակագրի հավաստմամբ, տնօրեն Ա. Հոխիկյանը ստիպում է աշակերտներին դասերի հաշվին իր կամ դպրոցի համար ֆիզիկական աշխատանքներ անել: «Օրերս էլ երեխաներից մեկը գլխի ծանր վնասվածք ստացավ նման աշխատանքների ժամանակ: Բայց նույն այդ տնօրենը ստիպեց երեխային ցուցմունք չտալ, թե իր պահանջով է քար տեղափոխել ու գլխից վնասվել»: Իսկ դպրոցի ուսուցիչների նկատմամբ այլ մեթոդներ է կիրառում։ «Իր չհավանած ուսուցիչներին տարբեր առիթներով ազատում է աշխատանքից կամ նկատողություններ տալիս: Ազատված ուսուցիչների փոխարեն էլ իր հարազատ-բարեկամներին է դպրոցում տեղավորում: Ամսվա վերջում են ուսուցիչները պարզում, որ իրենցից ոմանք գաղտնի նկատողություններ են ստացել, այն դեպքում, երբ նման առիթ չեն էլ ստեղծել: Դրա հիմնական նպատակն այն է, որ ուսուցիչները տնօրենին, այսպես ասած, ձեւականորեն «լավ աչքով» նայեն, նա բացեիբաց այդ մասին հայտարարում է, իսկ եթե ոչ, ապա նկատողությունների քանակը կավելացնի»,- ներկայացնում է դպրոցականի ծնողը։ Նա նաեւ տեղեկացնում է, որ դպրոցի լուսանկարչական եւ քսերոքսի ապարատների հաշվին էլ է տնօրեն Աշոտ Հոխիկյանը բիզնես անում եւ ստիպում երեխաներին մշտապես քսերոքս անել եւ պարբերաբար նկարվել: Սակայն ամենից շատ բողոք-նամակը գրողին անհանգստացնում է այն, որ դպրոցի տնօրենը կարողացել է հանրապետությունից բացակայող իր սեփական որդուն ֆիկտիվ տեղավորել Լիճքի գյուղապետարանում աշխատանքի, քանի որ, իր կարծիքով, հենց Աշոտ Հոխիկյանն է պատճառը, որ իրենց գյուղում կոռուպցիան հասել է մեծ ծավալների. «Ավելի ճիշտ՝ կրթության ոլորտի կոռուպցիան, իսկ ավելի ճիշտ՝ չկա ընդհանրապես կրթություն մեզ մոտ»:
Այս առնչությամբ մենք պարզաբանումներ խնդրեցինք հենց Աշոտ Հոխիկյանից։ Նրա խոսքերով, այս նամակն ու նման գործողությունները բոլորն իր դեմ սարքված խաղեր են եւ ինքն իսկապես նորմալ աշխատող մարդ է. «Եթե այդպես չլիներ, ինչո՞ւ էին դպրոցի աշակերտների ծնողները մեզ 3 միլիոն դրամի գույքային տեսքով նվիրաբերություն անում։ Ինչո՞ւ ստուգող հանձնաժողովները ոչ մի խախտում չեն հայտնաբերել մեզ մոտ։ Ինչո՞ւ են ծնողներն իրենց երեխաներին բերում մեր դպրոց։ Մենք այս տարի 3 առաջին դասարան ունենք՝ ընդհանուր թվով 73 աշակերտ։ Եթե մեզ մոտ այդքան վատ է, ինչո՞ւ այդ երեխաներին այլ դպրոց չեն տեղափոխում, գյուղում այլ դպրոց էլ կա»։ Նա ասաց, որ նման նամակներ իրենց գյուղապետն ու մարզպետն էլ են ստացել. «Ես կարծում եմ, որ այդ ամենը անում են այն մարդիկ, որոնց կոռուպցիոն աշխատանքին ես խանգարել եմ։ Ես նրանց գործելաոճը լավ գիտեմ։ Նրանք դպրոցի հետ կապ չունեն, սակայն հնարավոր է, որ իրենք դպրոցի հետ կապ ունեցող մարդկանց անուններով ստորագրված նամակն ուղարկած լինեն»։ Ասաց նաեւ, որ ինքը ի պաշտոնե իրավունք չունի առանց մրցույթի նոր աշխատակիցներ ընդունել, իսկ հին անձնակազմից ոչ մի աշխատակցի չի հեռացրել։ Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այդ դպրոցի խորհրդի նախագահն է եւ մեզ ուղարկված նամակն ամբողջությամբ հերյուրանք է։ Նա ասաց, որ ինքը դպրոցում տեղի ունեցող ամեն ինչ պահում է հսկողության ներքո. «Ինչ վերաբերում է Աշոտ Հոխիկյանին, ապա ասեմ, որ նա իսկապես աշխատող մարդ է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել