Նույնիսկ «Սուրբ պատարագն՝ աշակերտի շուրթերով» մրցույթո՞ւմ են լինում անարդարություններ
Այս տարվա սեպտեմբերից Երեւանի եւ մարզերի հանրակրթական դպրոցներում սկսել էր հոգեւոր շարժում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Հայրապետի գահակալության 10-ամյակի կապակցությամբ եւ ԿԳՆ-ի աջակցությամբ կազմակերպվեց «Սուրբ պատարագն՝ աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը: Ծրագրի նպատակն էր աշակերտներին հաղորդակից դարձնել Սուրբ պատարագի խորհրդին: Այն անցկացվեց երեք փուլով՝ համայնքային, մարզային եւ հանրապետական: Իսկ արդեն երեկ տեղի ունեցավ մրցույթի փակման արարողությունը, որի ընթացքում հաղթողներին պարգեւատրեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Մինչ մրցանակաբաշխության սկսելը՝ «Առավոտը» փորձեց մրցույթին մասնակցած մի շարք դպրոցների աշակերտների հետ զրույցում պարզել՝ պատարագն ի՞նչ խորհուրդ ունի նրանց համար եւ ինչպե՞ս են երեխաներն ընկալում եկեղեցական կրթությունն ու դաստիարակությունը: Զրուցեցինք Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի աշակերտուհի Դիանա Մովսիսյանի հետ: Նա նշեց. «Մենք ներկայացում ենք բեմադրել, երգել, ասմունքել, պարել ենք՝ որպես հրեշտակներ: Մի խոսքով, այս մրցույթը մեզ համար ուներ նաեւ կրթական նշանակություն: Իսկ դպրոցում դասավանդվող եկեղեցու պատմություն առարկան շատ կարեւոր է, քանի որ մենք պետք է ինքներս մեզ ճանաչենք, որպեսզի չտարվենք այլ ուսմունքներով: Մեր ուսուցիչները բավականին հասկանալի են այդ առարկան դասավանդում»: Երեւանի թիվ 154 դպրոցի աշակերտուհի Գոհար Հարությունյանն էլ նշեց, որ ինքը բազմիցս մասնակցել է պատարագի: Երբ հարցրինք, թե ի՞նչ է պատարագը, նա պատասխանեց. «Պատարագ նշանակում է նվեր կամ զոհաբերություն: Իսկ եկեղեցու պատմություն առարկան ինձ դուր է գալիս, քանի որ այն ինձ օգնում է կապվել Աստծո հետ»: Հետաքրքրվեցինք, թե ըստ նրա՝ ո՞րն է Աստծո հետ կապը: Աշակերտուհին ասաց. «Ես դա անում եմ աղոթքների միջոցով: Օրինակ՝ Աստծո հետ կապն այն է, որ ես նրան մի բան խնդրեմ, իսկ նա կատարի իմ երազանքները: Օրինակ՝ այս մրցույթի առաջին փուլին մասնակցելիս ես տանը մոմ վառեցի եւ Աստծուց խնդրեցի, որ մենք անցնենք հաջորդ փուլ, եւ այդպես էլ եղավ»:
«Առավոտի» տեղեկություններով՝ մրցույթին մասնակցած մարզերից ամենաակտիվը եղել է Գեղարքունիքը, մրցույթին ընդհանրապես չի մասնակցել Տավուշի մարզը: «Առավոտի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ կան դժգոհություններ, որ մարզերից մրցույթի եզրափակիչ փուլ ոչ բոլոր դեպքերում են անցել լավագույնները: Այս մասին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց հետեւյալը. «Մրցույթը ոչ միայն բովանդակային եւ կազմակերպչական, այլեւ արդարության առումով փայլուն է անցել, քանի որ եղել են հանձնաժողովներում անդամներ ոչ միայն կրթական համակարգից, եկեղեցուց ներկայացուցիչներ, այլեւ մշակույթի գործիչներ, այսինքն՝ ցուցաբերվել է առավելագույն պրոֆեսիոնալ մոտեցում: Իսկ թե ինչու Տավուշի մարզը չի մասնակցել, չեմ կարող ասել, բայց վստահորեն կարող եմ ասել, որ մենք այդ մարզին, ինչպես մյուսներին, տեղեկացրել ենք»: Մրցույթը կարեւորելով՝ նախարարն ասաց. «Մեզ համար կարեւոր է, որ կրթական հաստատություններից դուրս գան ոչ միայն գիտելիքներ ունեցող, այլեւ ավանդական արժեքներ կրող մարդիկ: Իսկ այդ արժեքներից ավելի լավը չի կարող լինել, քան եկեղեցին, որը ազգային ինքնության պահպանման հարցում բացառիկ դերակատարություն է ունեցել: Սակայն միայն եկեղեցիով չեն սահմանափակվում մեր նախարարության հայեցակարգային մոտեցումները դաստիարակության նկատմամբ: Եթե փորձեմ համակարգված ասել, ապա դա եկեղեցին է, բանակը եւ Արցախը. այս երեք հիմնական գործոններն են այն սյուները, որոնց վրա կարելի է կառուցել ուսումնադաստիարակչական գործընթացը»:
Իսկ «Առավոտի» այն դիտարկմանը, թե կրթադաստիարակչական գործընթացի հիմնաքարերից են նաեւ գրագետ, աշակերտին մատչելի դասագրքերը, մինչդեռ որոշ ծնողներ դժգոհում են նաեւ եկեղեցու պատմության դասագրքերի դժվարընկալելի ձեւակերպումներից, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Կա՞ գեթ մեկ առարկա գեթ մեկ դասարանում, որի դասագրքից ծնողները չբողոքեն: Դրանք մեր դասագրքերի՝ տարիներով կուտակած խնդիրներն են: Բայց միանգամից մաքրել բոլոր դասագրքերը եւ փոխարինել նորերով ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ իրավական առումով հնարավոր չէ»: Վերջում պարզ դարձան նաեւ հաղթողները: Տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան Երեւանի թիվ 154, Հառիճ գյուղի, Եղեգնաձորի թիվ 2, Գորիսի թիվ 3, Գավառի թիվ 7, Մասիս, Ջրվեժ գյուղերի դպրոցները, Էջմիածնի Ներսիսյան վարժարանը: Իսկ «Հայրապետական մրցանակ»-ի՝ 500.000-ական դրամի արժանացան Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 եւ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 3 դպրոցները: