Ներհայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների հետագիծն աստիճանաբար ի ցույց է դնում այն ուղղությունը եւ նպատակը, դեպի որը եւ դեպի ուր ընթանում են կուսակցությունները, հասարակական շարժումները, անհատ քաղաքական գործիչները: 2012 թ. խորհրդարանի ընտրությունները հայաստանյան հասարակական-քաղաքական մտքի նպատակակետն են, ընդդիմադիր կամ իշխանամետ կեցվածքի մեկնակետը՝ պարուրված գորշ եւ ձանձրալի կրկնաբանությամբ, ապաշնորհ քաղաքական տեխնոլոգիաներով եւ անկենդան խոստումներով: Ազգային ժողովի հերթական ընտրությունների շեփորը հնչել է՝ ազդարարելով արտահերթ ընտրությունների սպասումների եւ խոստումների վախճանը:
1.
«Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի…»
Եղիշե Չարենց
Մեկ տարի առաջ՝ 2008-ի դեկտեմբերին, երբ ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթը Լեւոն Տեր-Պետրոսյանից հետաքրքրվում էր, թե «2009 թվականի համար ընդդիմությունն ի՞նչ ծրագրեր ունի», ընդդիմության 2008 թ. միասնական թեկնածուն սահմանում էր, որ «Համաժողովրդական շարժման գլխավոր նպատակը մնում է երկրում սահմանադրական կարգի եւ ժողովրդավարական ազատությունների վերականգնումը, որի իրականացումը մենք տեսնում ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեջ» («Հայկական ժամանակ», 24 դեկտեմբերի 2008 թ.): Տեր-Պետրոսյանը բավականին ճկուն էր, որ զբաղվեր կանխատեսումներ անելու անշնորհակալ գործով, մանավանդ որ, այդ կանխատեսումների իրականացումը հենց իրենից էին սպասում, սակայն բավարար չափով անկեղծ չէր, որ խոստովաներ, թե չի տեսնում արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Այդ հարցազրույցից ընդամենը երկու ամիս անց՝ 2009թ. մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը շատ ավելի հստակ եւ որոշակի ներկայացրեց իր քաղաքական ուղեգիծը, այն է՝ «Ցանկացած իշխանափոխություն պետք է տեղի ունենա բացառապես սահմանադրական ճանապարհով, այն է՝ օրինական ընտրությունների միջոցով, ինչը իրավական, ժողովրդավարական պետության կառուցման միակ երաշխիքն է» («Հայկական ժամանակ», 3 մարտի 2009 թ.): Դասական քաղաքագիտության կտրվածքով սա, անշուշտ, ճշգրիտ ձեւակերպում է, սակայն ոչ հայաստանյան իրականության համար:
Հայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների բոլոր ընտրափուլերը մեկ հանգրվան ունեն՝ կեղծված, ապականված, ապօրինի ընտրություններ: Չնայած այդ անփոփոխ հանգրվանի կենսունականությանը՝ հայաստանյան քաղաքական ուժերը մղվում են դեպի այն՝ խորհրդային հին անեկդոտի պես իրենց հետ տանելով նաեւ կախաղանի այն պարանը, որն անցկացնելու են հենց իրենց պարանոցին: Ընտրությունները նմանվում են այն կուրացուցիչ լույսին, որից հայացքը հեռացնելու փոխարեն, ակնապիշ նայում են՝ հաճախ կորցնելով քաղաքական տեսողությունը: Երկրում, ուր շատերն են կորցրել տեսողությունը, դրանից զրկված չլինելը վերածվում է անեծքի, այդ իսկ պատճառով նրանք, ովքեր դեռ պահպանում են տեսողությունը, գերադասում են կույր ձեւանալ: Այդպես է Հայաստանում գոցվում քաղաքական փոփոխությունների ճանապարհը, այդպես է ձախողվում հեղափոխությունը:
Անտեսելով այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրությունների մասնակցության հայտ ներկայացնելիս պետք է ոչ միայն անսխալ ճանաչես հակառակորդիդ, այլեւ նույնքան անսխալ հաշվարկես համակարգի անգթության աստիճանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գլխավորած Հայ ազգային կոնգրեսի հետ մեկտեղ երկու անգամ ընտրությունների մասնակցեցին թե հակառակորդի եւ թե ընտրական, քաղաքական, պետական համակարգի մասին չարդարացված աղոտ պատկերացումներով, թեպետ Տեր-Պետրոսյանի կրկնակի հակառակորդների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական կենսագրության էջերը գրվել-ամբողջացել էին հենց նրա ջանքերով, իսկ համակարգի կայացման հիմքերը դրվել էին ՀՀ հիմնադիր նախագահի կառավարման ժամանակահատվածում:
Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը ընտրությունների էին գնում առանց ընկալելու, որ ընտրակեղծիքների կանխման անկարողությունն արդեն իսկ պարտություն էր նշանակում: Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագիրը պտտվում էր ընտրությունների, կրկին ընտրությունների եւ դարձյալ ընտրությունների շուրջը: Սակայն նա ընտրությունները դիտում էր ոչ թե որպես հնարավորություն հանրային ընդվզումը կազմակերպելու, այլ 1990-ի խորհրդարանի ընտրությունների հանգույն «թավշյա հեղափոխություն» իրականացնելու: Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավալիորեն սխալվում էր, կարծելով, որ «սահմանադրական ճանապարհը» եւ «օրինական ընտրությունները» ծնվում են իր տեսական բնույթի ելույթների արդյունքում: Կրկնակի պարտվելով անողոք «ընտրություններում»՝ նա շարունակում էր մնալ անզիջում, երբ հայտարարում էր. «Չկայացած ընտրությունների պատճառով Հայ ազգային կոնգրեսն իր ծրագրերը, մեթոդները եւ գործելակերպը վերանայելու կամ էապես փոխելու կարիք չունի: Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ քաղաքական պայքարի սահմանադրական ուղուն» («Հայկական ժամանակ», 13 հունիսի 2009 թ.): Տարակուսելի է, սակայն նրա մարդկային եւ քաղաքական անզիջում համառությունն ուղղված էր ոչ թե իր հակառակորդների, այլ իր զինակիցների եւ համախոհների դեմ: Մարդկանց, ովքեր հավատացել էին նրա գլխավորությամբ «ավազակապետական համակարգը» ջարդելու, «ավգյան ախոռները մաքրելու», ոչ միայն «իրենց անունով կոչելու», այլեւ «հաշիվ պահանջելու» խոստումներին եւ որոնց համար վճարեցին իրենց կյանքով, անազատությամբ, վտարանդիությամբ եւ հուսախաբությամբ:
Մերժելով «անխոհեմ գործողությունները» եւ «քաղաքական մաքսիմալիզմը»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականում անշտապ քայլերով ընթանում է դեպի Ազգային ժողովի հերթական ընտրություններ, որի մեկնարկը նա տվեց այս տարվա մարտիմեկյան հանրահավաքում՝ հայտարարելով՝ «Քաղաքականության մեջ վճռականությունը ոչ թե մեկանգամյա խելահեղ պոռթկումն է, այլ համառ, համբերատար, երկարատեւ պայքարի ունակությունը» («Հայկական ժամանակ», 3 մարտի 2009 թ.): Հենց այդ համոզմունքից ելնելով, Տեր-Պետրոսյանը բողոքի հանրահավաքների պարբերականությունը երկարաձգեց 3-4 ամիսների կտրվածքով. եւս 8-10 հանրահավաք, եւ հերթական ընտրությունները կբախեն դռները: Քաղաքականությունը հնարավորինի արվեստ համարող Լեւոն Տեր-Պետրոսյանը ակնհայտորեն նյարդայնանում է, որ դրա հետ չի համակերպվում իր թիմը՝ ցաքուցրիվ, պառակտված, երկփեղկված:
Սակայն անգամ հերթական ընտրությունները չեն, որ ետ են պահում Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական ասպարեզն իսպառ լքելու մտքից: Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հանդեպ ունեցած տագնապն է, որ Տեր-Պետրոսյանին ստիպում է ժամանակ առ ժամանակ հիշեցնել իր մասին՝ հանդես գալով հասարակական-քաղաքական կյանքի հովվերգական անդորրը վրդովող վիճահարույց ակադեմիական ելույթներով: Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը կանխելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է կատարել անհնարինը՝ համագործակցել Սերժ Սարգսյանի հետ: Սա ոչ թե իրատես, այլ հուսահատված գործչի քայլ է, որը փոթորիկը կանխելու համար պատրաստ է համագործակցել քամու հետ:
2.
«Մի կարմիր գիշեր
կմտնեմ Հռոմ…»
Եղիշե Չարենց
Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի մասին լուրերն առայժմ գալիս են աֆրիկյան հեռավոր տափաստաններից: Իրեն շուրջերկրյա ճանապարհորդությանը եւ «միջազգային» որսորդությանը հանձնած ՀՀ 2-րդ նախագահի համար Սերժ Սարգսյանը քաղաքական թիրախ չէ, մանավանդ որ՝ նրանց միմյանց շաղկապող խնդիրները եւ ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները եւ տարաձայնությունները: Անշուշտ, Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ քաղաքական եւ մարդկային լուռ, շատերի համար աննկատ մրցակցություն կա:
Միաժամանակ, վերադառնալու համար Քոչարյանը քաղաքական հայտարարությունների կարիք չի զգում եւ չի ակնկալում, որ «ազգովին խնդրեն» կամ նախապատրաստեն հանրային կարծիքը: Եթե Քոչարյանը որոշեց վերադառնալ, ապա կհայտնվի ամենաանհավանական պահին, երբ նրան ոչ ոք չի սպասում: Որսորդի իր դիտողականությամբ նա անվրեպ զատորոշում է բոլոր թիրախները՝ սպասելով, որ դրանք անզգուշորեն հայտնվեն իր տեսադաշտում:
Սակայն նրա քննախույզ հայացքի եւ կամային, վճռական վարքագծի ետեւում թաքնված է վախը, որին միշտ չէ, որ նա կարողանում է հաղթել: Այդ վախը կարող է արթնանալ միայն այն ժամանակ, երբ նա դեմառդեմ հանդիպի ուժի, որը չի ընկրկի նրա վճռականության առջեւ, երբ հանդիպի անթարթ հայացքի, որը չի շրջվի նրա քննախույզ հայացքից: Խարդավանքներից նա չի վախենում, քանի որ ի զորու է չեզոքացնել դրանք: Միակը, որը նա չի կարող չեզոքացնել, վանել, հեռացնել իր ճանապարհից, ուժն է, որին, սակայն, նա ցայսօր չի հանդիպել: Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Սերժ Սարգսյանը նրա համար այդ ուժը չեն այլեւս, այդ իսկ պատճառով նրա թիրախները չեն: Նա կասկածում է, որ ինչ-որ տեղ կարող է էներգիա կուտակվել եւ ուժ առաջանալ, սակայն դեռ չգիտե, թե որտե՞ղ է այն եւ ի՞նչ ներուժ ունի: Նա սպասում է, որ երբ այդ ուժը խտանա այնչափ, որ ընդունակ լինի դիմադրության, ահա այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանը կկանչի իրեն: Եվ եթե չկանչի, նա կմտնի Հռոմ:
3.
«Կզգաս դեմքիդ մահվան քամին եւ հողմավար
Կընկնես անշունչ,
սակայն մահվան չես հավատա»
Մուշեղ Իշխան
Կանխելու համար արտահերթ ընտրությունների, քաղաքական քարտեզի փոփոխությունների բոլոր հնարավոր սպասումներն ու կանխատեսումները՝ Սերժ Սարգսյանն այս տարվա նոյեմբերի վերջին Հանրապետական կուսակցության համագումարում 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների պաշտոնական մեկնարկը տվեց՝ հայտարարելով, թե՝ «ՀՀԿ-ն իր անցած ճանապարհով, քաղաքական փորձով, կադրային եւ պրոֆեսիոնալ ներուժով ապացուցել է, որ մեր երկրի առաջատար քաղաքական ուժն է, եւ այդ կարգավիճակը պետք է պահպանի նաեւ տեսանելի ապագայում» (https:// lragir.am): Դա ոչ միայն քաղաքական զորահավաք էր կամ ուժի ցուցադրում, այլեւ ազդականչ կուսակցություններին եւ անհատ քաղաքական գործիչներին՝ պատրաստվել Ազգային ժողովի ընտրություններին: Իրականում դա քաղաքական խայծ էր՝ ամրացված ընտրապայքարի դրոշակի փայտին: Սերժ Սարգսյանը հերթական ընտրությունների պատրաստվելու կոչն անելիս բնավ առաջինը չէր. նրանից առաջ դեպի ընտրություններ էին ընթանում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսի մի մասը:
Ընդամենը մեկ ամիս անց՝ արդեն 2010-ի հունվարի վերջից Հայաստանի կուսակցական դաշտում ծայր է առնելու իրարանցումն ու հրմշտոցը: Գտնված հնարավորություն այն իշխանության համար, որը իշխանությունը չի հանձնում ընտրությունների արդյունքում: Հայաստանի կուսակցական դաշտում չկա որեւէ մեկը, որն անտեղյակ լինի, որ այս հաստատված օրինաչափությունից շեղումներ չեն արձանագրվել արդեն մեկուկես տասնամյակ: Հայաստանում այս օրինաչափությունը ջարդելու երեք հնարավորություն կա. 1-ինը կարող է իրականացնել բացառապես գործող իշխանությունը, 2-րդը՝ միջազգային դերակատարները, 3-րդը՝ հասարակությունը:
Առաջին ճանապարհը քաղաքական արմատական բարեփոխումների ճանապարհն է, որը ենթադրում է գործող քաղաքական համակարգի խորքային փոփոխություններ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգում, կոռուպցիայի հաղթահարում, օրինականության եւ արդարության հաստատում, սոցիալական բեւեռացման մեղմացում եւ ազատ, արդար, օրինական եւ թափանցիկ ընտրությունների անցկացում: Այս ճանապարհը Հայաստանում բացառվում է նույնքան, որքան բացառվում է ամռանը տեղացող ձյունը:
Հաշվի առնելով արդեն ձեւավորված օրինաչափությունները՝ հայաստանյան կուսակցական գործիչները գնում են արդեն բացված ճանապարհով, այն է՝ պայմանավորվել գործող իշխանության միակ կրողի՝ Սերժ Սարգսյանի հետ: Այսօր արդեն Սարգսյանի ուրվագծած ապագա խորհրդարանի հաշվեմատյանում երեք գործիչներ եւ նրանց գլխավորած կուսակցությունների անվանումներ են առկա՝ Արթուր Բաղդասարյանը եւ նրա ղեկավարած ՕԵԿ-ը, Վազգեն Մանուկյանը՝ իր գլխավորած ԱԺՄ-ով, Արտաշես Գեղամյանը եւ նրա ԱՄ-ն: Հստակ է, որ ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնություն լինելու հանգամանքը չի էլ քննարկվում: Կոալիցիոն ԲՀԿ-ն, նախկին կոալիցիոն անդամ ՀՅԴ-ն, եթե անգամ արմատական ընդդիմություն դառնան, չեն կարող հայտնվել Սարգսյանի ուրվագծած ԱԺ քարտեզում: «Ժառանգության» վերադարձը եւս չի նախատեսվում: Միաժամանակ, չի բացառվում, որ խորհրդարան մտնի ՀԱԿ-ի մի մասը, այն էլ ոչ թե քաղաքական պայքարի, այլ պայմանավորվածությունների արդյունքում: Այդպես փակվում է շրջանը մինչեւ ՀՀ նախագահի հերթական ընտրություններ:
Իշխանությունը ընտրությունների արդյունքում փոխելու երկրորդ ճանապարհը միջազգային հանրության կողմից կեղծված ընտրությունների արդյունքները չճանաչելը եւ պաշտոնական Երեւանի միջազգային մեկուսացումն է: Այս ճանապարհը բացառվում է նույնքան, որքան քաղաքական վերափոխումների ճանապարհը, մանավանդ որ, նույն միջազգային հանրությունը վաղուց արդեն ձեռք է թափ տվել Հայաստանի ժողովրդավարության հեռանկարի վրա: Բացի այդ, միջազգային կամ եվրոպական կառույցներում ժողովրդավարության ոտնահարումները փոխհատուցվում են կոռուպցիոն դրսեւորումներով:
Երրորդ ճանապարհը հասարակական ընդվզումն է, հայկական հեղափոխության վերազարթնումը՝ առանց սպասելու ընտրապայքարին: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց ողջ-ողջ թաղել հայկական հեղափոխության հույսերն ու հնարավորությունները, եւ այնքան խորը թաղել, որ նրա տեղը գտնելը բարդ է լինելու: Մանավանդ որ, հայտնի էլ չէ, թե հաջողվե՞լ է, արդյոք, այդ հեղափոխությանը ողջ մնալ ընտրապայքարի գերեզմանոցում: