Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչներին ուղղորդում է մեղադրյալը

Դեկտեմբեր 16,2009 00:00

«Առավոտը» պարբերաբար անդրադարձել է այնթապցի Վարդուհի Բադալյանի կողմից իրանահայ Արսեն Փուրղասեմյանսին 40 000 դոլար «քցելու» փաստի կապակցությամբ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում կատարվող քրեական գործի սուբյեկտիվ քննությանը:
Մինչ մամուլի հրապարակումները, բազմիցս իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել քրեական գործով կատարվող կողմնակալ քննության փաստին: Հիմնավորել եմ ոչ օբյեկտիվ քննությունը եւ խնդրել, որ այն տեղափոխվի այլ տարածք: Խնդրել եմ նաեւ, որ Վարդուհի Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ընտրված ստորագրությունը փոխվի կալանքի՝ քանի որ ազատության մեջ մնալով, վերջինս կեղծ ապացույցներ է ներկայացնում՝ ուղղորդելով քննությունը: Սակայն՝ ձայն բարբառո հանապատի. քննությունը թողնվեց Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի վարույթում, իսկ Վ. Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ անփոփոխ: Արդյունքում՝ քննիչն էլ միանալով մեղադրյալին, այս անգամ սկսեցին կեղծել միասին. մեկը՝ փաստերը, մյուսը՝ փաստաթղթերը:
Երբ ղեկավարության ուշադրությունը հրավիրեցի փաստաթղթային խեղաթյուրումներին եւ խնդրեցի, որ գոնե այսքանից հետո քրգործի քննությունն այլ բաժնի վարույթ տեղափոխվի, վերջիններս արհամարհանքով գործը թողեցին նույն բաժնում՝ փոխելով միայն քննիչին, իսկ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:
Այսքանից հետո ամենաթողությունը հասավ այն աստիճանի, որ չխորշեցին կեղծել անգամ մեր իսկ կողմից տված (տուժողի) ցուցմունքը: Ավելին՝ քննիչը հայտարարեց, թե նման ցուցմունք չի էլ եղել:
Մանրամասնեմ. քրեական գործից հանվել է 25.11.09 թվականի առերես հարցաքննությամբ արձանագրված տուժող Փուրղասեմյանսի տված հարցն ու Վարդուհի Բադալյանի պատասխանը հետեւյալի մասին. եթե բնակարանի կանխավճար է տրվել, ապա ինչո՞ւ հետաքննությունում եւ նախաքննության սկզբի երկու ամիսներին մեղադրյալն այդ մասին ցուցմունք չի տվել: Մեղադրյալը հարցին պատասխանել է քննիչի օգնությամբ, որը եւ արձանագրվել է:
Սակայն 14.12.09 թ. ներկայանալով հերթական քննչական գործողությանը, հայտնաբերեցի, որ գործից անհետացել են նշված հարցն ու պատասխանը ներառող արձանագրության էջերը: Բայց կեղծիքն անհետ քողարկել չեն կարողացել. այլընտրանք չունենալով, թողնվել է առերես հարցաքննության վերաբերյալ իմ գրավոր դիտողությունը, որն իրենով արդեն հուշում է բարձրացված հարցի մասին: Այս մարդիկ ոչ նորմալ քննություն կատարել գիտեն, ոչ էլ՝ նորմալ կեղծել:
Հարցին, թե ինչո՞ւ է բացակայում Ա. Փուրղասեմյանսի հարցն իր պատասխանով, գործը ստանձնած նույն բաժնի նոր քննիչն առանց անհարմար զգալու ասաց՝ ոչ նման հարց է եղել, ոչ էլ՝ պատասխան: Իսկ հաջորդ հարցիս, թե՝ այդ դեպքում իմ գրավոր դիտողության բովանդակությունը որտեղի՞ց է բխում, քննիչը, պատասխան չունենալով՝ զարմացած նայեց դեմքիս:
Ակնառու կեղծիքից անակնկալի եկած տուժողը հրաժարվելով ցուցմունք տալուց, ցուցադրաբար լքեց ոստիկանական տեղամասը, հայտարարելով, որ մեկընդմիշտ հրաժարվում է Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հետագա գործողություններին մասնակցել: Նա հայտարարեց նաեւ, որ այսուհետեւ ցուցմունք կտա միայն հատուկ քննչական ծառայությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել