Պետությանն ու գործարարին չի հուզում Կապանում կեղտաջրերի հեռացման նորոգ համակարգի եւ մաքրման կայանի ավելի քան տասնամյա բացակայությունը:
Կապան քաղաքի կոյուղաջրերը բավական երկար ժամանակ է, որ կոյուղատար համակարգի անմխիթար վիճակի պատճառով թափվում են քաղաքի միջով հոսող Ողջի գետը: Իսկ գետը հոսում է քաղաքի մի քանի թաղամասերով, այդ թվում՝ Կապանի կենտրոնական հատվածով եւ օրվա տարբեր ժամերին այս հատվածը ամենամարդաշատն է: Կոյուղատարի մաշվածությունը բնապահպանական մեծ խնդիրներ է առաջացնում Կապան համայնքի համար: Կոյուղու վերածված գետի խնդիրը իր մասին զգացնել է տալիս հատկապես ամառվա տապ շրջանին: Փաստը բազմիցս է քննարկման առիթ դարձել, սակայն միայն քննարկումներով հնարավոր չէ առաջընթաց արձանագրել:
Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ը հետամուտ է եղել այս խնդրի վերհանմանը եւ ուսումնասիրություններից հետո պարզել. «Կեղտաջրերի մաքրման կայանը, որ գտնվում է Կապան քաղաքից 5կմ հեռավորության վրա՝ Սյունիք համայնքում երկար տարիներ չի աշխատում: Կեղտաջրերը լցվում են գետը եւ Ողջին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի համար ծառայում է որպես կոյուղատար, ինչի հետեւանքով քաղաքում բնապահպանական խնդիրներ են առաջանում»:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձել են պարզաբանումներ ստանալ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից եւ բոլոր համաքաղաքացիների անունից ընկերությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել խնդրի վերացման համար: Ընկերությունից պատասխանել են, որ իրենք կոյուղատար համակարգը ընդունել են անմխիթար վիճակում, առկա խնդիրներին միանգամից լուծում տալ հնարավոր չէ, կոյուղու մաքրման կայանը շարքից դուրս է եկել 1988-1994 թվականների պատերազմական գործողությունների ժամանակ:
«Կոյուղաջրերը մաքրման կայան չեն հասնում, միանգամից լցվում են քաղաքի գետը եւ բաց պայմաններում հոսում քաղաքի միջով: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ կոյուղաջրերը կոյուղատարով հանվեն Կապան քաղաքից»,- նշում են հ/կ-ի ներկայացուցիչները:
Հ/կ-ի այս դիտարկմանն ի պատասխան՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից պատասխանել են. «Իրոք, տեխնիկական անբավարար վիճակում է գտնվում ջրահեռացման համակարգը: Կապան քաղաքի թաղամասերից կոմունալ-կենցաղային կեղտաջրերը հեռացվում են մոտ 120 կմ երկարությամբ, 150-800մմ տրամագծով ջրահեռացման համակարգի միջոցով, որը Ողջի գետի երկայնքով ձգվող 400-800 մմ խողովակներով (կառուցվել է 40 տարի առաջ, հիմնականում պողպատե խողովակներով) միացված է գլխավոր կոլեկտորին: Տեխնիկապես քայքայված եւ վթարային վիճակում են հատկապես գլխավոր կոլեկտորի պողպատե խողովակներով կառուցված հատվածները: Ներկայումս գլխավոր կոլեկտորով հեռացված կեղտաջրերն առանց մաքրման (ինչպես հանրապետության մնացած քաղաքներում է կատարվում) լցվում են գետը՝ մի մասը քաղաքի տարածքից դուրս, իսկ Բաղաբերդ, Հունան, Ձորք եւ այլ բարձրադիր թաղամասերի՝ գլխավոր կոլեկտորի, ջրահեռացման ցանցի, ինչպես նաեւ կոյուղու մաքրման կայանի փուլ առ փուլ վերակառուցման, կեղտաջրերի կենսաբանական մաքրման համալիր հիմնախնդիրների լուծման համար պահանջվում են զգալի կապիտալ ներդրումներ եւ ժամանակ: Համաշխարհային բանկի վարկային ներդրումներով իրականացվող ընկերության կառավարման պայմանագրի ընթացիկ ծրագրում կեղտաջրերի հեռացման համակարգերի վերակառուցման նպատակով ներդրումներ նախատեսված չեն»,- պարզաբանել է «Հայջրմուղկոյուղին», նշելով, որ այս եւ հրատապ մի շարք հիմնախնդիրներ իրենց լուծումը կստանան միայն անհրաժեշտ ներդրումների առկայության դեպքում:
«Հայջրմուղկոյուղու» հարավային տեղամասից էլ հ/կ-ին պատասխանել են, որ ընկերության կառավարումը 2004 թվականից հանձնված է ֆրանսիական «Սաուր» կազմակերպությանը, որը ստանձնել է գործունեության կառավարումը, իսկ ահա ներդրումներ կատարելու պատասխանատվություն չի ստանձնել: «Միթե 2004 թվականից մինչ օրս գոնե վերանորոգումների միջոցով հնարավոր չէր կանխել մասշտաբային բնապահպանական այս խնդիրը, այդ դեպքում ինչո՞ւ եւ կոյուղու ո՞ր աշխատանքի համար է տվյալ ընկերությունը բնակիչներից գանձում ինչպես ջրամատակարարման, այնպես էլ՝ ջրահեռացման վարձավճարներ»,- ասում են հ/կ-ի ներկայացուցիչները:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը դիմել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ներկայացնելով իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրած բոլոր փաստերը՝ հույս ունենալով, որ բնապահպանության նախարարությունը անպայման համապատասխան միջոցառումներ կձեռնարկի կանխելու «Հայջրմուղկոյուղու» կողմից բնակչությանն ու էկոլոգիային հասցվելիք վնասը: Բայց բնապահպանության նախարարությունը ո՛չ քայլեր է ձեռնարկել դրա կանխման ուղությամբ, ո՛չ էլ պատասխանել հ/կ-ի գրությանը: Իսկ խնդիրը շարունակում է լուրջ մտահոգության ու անհանգստության տեղիք տալ կապանցիներին: