Համագործակցել է օտարերկրացու հետ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ավարտվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գեւորգ Հայրապետյանը 2009թ. ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել եւ նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ. Հայրապետյանը ստացել է 2009թ. սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ. Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը:
Բ. Բաղերիին Գ. Հայրապետյանը հյուրընկալել է իր տանը եւ ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ Մեղրիի «Կարճեւան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ, Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից: Բացի այդ՝ Գ. Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հրազեն եւ ռազմամթերք:
Գեւորգ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձեւով պետական դավաճանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ ԻԻՀ քաղաքացի Բ. Բաղերիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից): Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: