Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ոստիկանության պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Հովհաննես Ղուկասյանի եւ Գեղամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նրանք մեղադրվում են մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու եւ իրենց լիազորություններն անցնելու համար:
Հովհ. Ղուկասյանն իրեն մեղավոր չճանաչեց եւ հրաժարվեց ցուցմունք տալ: Սա այն դեպքում, երբ նախաքննության ժամանակ նա իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, ասել էր, որ հարվածել է տուժողին: Նա խնդրել էր իր նկատմամբ մեղմ պատիժ: Իսկ Գեղամ Հարությունյանը նկարագրեց Ազատության հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ տիրող իրավիճակը, ասաց, որ մի քաղաքացի չէր ենթարկվում, հայհոյում էր եւ ինքը ստիպված է եղել նրա ոտքերին ու ձեռքերին ռետինե մահակով խփել, որպեսզի «հանգստանա»:
Նա իրեն մեղավոր չէր ճանաչում:
Դատակոչվել էին նաեւ ոստիկաններ Արմեն Բեջանյանն ու Սասուն Կիրակոսյանը, որոնք ըստ էության իրենց գործընկերների դեմ ցուցմունք չտվեցին: Դատաքննությունն ավարտվեց եւ սկսվեց դատական վիճաբանությունների փուլը:
Մեղադրող Հարություն Հարությունյանն ուրբաթ օրը հանդես կգա մեղադրական ճառով: Այդ օրը նա կմիջնորդի պատժաչափի մասին: