Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՐԿՎԱԾԸ

Դեկտեմբեր 16,2009 00:00

\"\"Նոր Նորք համայնքի ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքի 804 սենյակում է բնակվում 46-ամյա Պայծառ Ծատուրյանը

Նա այստեղ է հայտնվել 1999թ. դեկտեմբերից, մանկուց հաշմանդամ դստեր՝ Աստղիկ Ծատուրյանի հետ: Մինչ Հայաստան գալը, ծնունդով արցախցի, բարձրագույն կրթությամբ Պայծառն աշխատել է Ռուսաստանի Ամուրի շրջանի սոցիալական ծառայության ոլորտում: Արցախյան պատերազմի ժամանակ ամուսնու՝ առաջաձորցի Վարուժան Վազգենի Ծատուրյանի հետ եկել է Հայաստան:
Պատերազմի ժամանակ կոնտուզիա է ստացել եւ Քոլատակում վիրավորվել է նախ Պայծառը (երեխան մանկուց հաշմանդամ է դարձել հենց այդ ժամանակ), իսկ հետագայում ականի պայթյունի զոհ են դարձել նրանց մանկահասակ երեխաները՝ 2 տարեկան տղան եւ 1,5 տարեկան աղջնակը: Սակայն այս ընտանիքի ծանրագույն օրը 1992թ. հոկտեմբերի 8-ն էր, երբ Մարտակերտում՝ Կուսապատի դիրքերում («Ճաքած պառավ» կոչվող տեղամասում) մարտական գործողությունների ժամանակ զոհվեց Վարուժան Ծատուրյանը:
Պայծառը ամուսնու զոհվելուց հետո վերադարձավ Ռուսաստան: Նա այնտեղ հաշվառվում է սոցիալական ծառայությունում եւ պետության կողմից մինչեւ 2005թ. ստանում էր նպաստ՝ կերակրողին կորցնելու համար: Աստղիկը ծնվում է թույլ, շնչարգելությամբ, սրտի անբավարարությամբ: Մայրը ստիպված էր գնալ Կիեւ, աշխատել խուլուհամրերի, Չեռնոբիլի աղետյալների հետ եւ միաժամանակ երեխայի բուժման հարցերը հոգալ:
Նա մեկ Հայաստանում էր, մեկ՝ Ռուսաստանում:
Երբ վերջապես Հայաստանում էր, հանրակացարանի իր խղճուկ բնակարանը հայտնաբերեց թալանված: Այլ աշխատանք չգտնելու պատճառով Պայծառը հավաքարար էր աշխատում:
Նա դիմեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ վարչապետին: Վերջինիս հանձնարարականով Պայծառին նվիրատվության կարգով ժամանակավոր տրվում է հանրակացարանի հիշյալ սենյակը, ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությանն էլ տրվեց հանձնարարական՝ «սահմանված զեղչերն ու արտոնությունները ձեւակերպելու համար»: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տվել էր մեկ այլ հանձնարարական էլ՝ զոհվածի ընտանիքի համար բնակարան գնել:
Ի վերջո, եկավ քաղաքաշինության նախարարության «բաղձալի» պատասխանը:
Ըստ նախարարի տեղակալ Կ. Գեւորգյանի պաշտոնական պատասխանի. «Ի կատարումն ՀՀ փոխվարչապետի 2008թ. 12-78/3 հանձնարարականի, քննարկելով Ձեր ընտանիքին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու հարցը, հայտնում եմ. ՀՀ 2008թ. պետական բյուջեի «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի շրջանակներում նախատեսվում է վկայագրի միջոցով շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցության տրամադրմամբ լուծել Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան եւ Դիլիջան քաղաքներում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները: Ձեր բնակարանային խնդիրը բնակարանի գնման վկայագրի միջոցով լուծելու հարցի քննարկմանը հնարավոր է անդրադառնալ հետագա տարիներին՝ Ձեր կարգավիճակի (փախստական, զոհված ազատամարտիկի այրի) վերաբերյալ հիմնավորված փաստաթղթերի առկայության դեպքում»:
Ի դեպ, Պ. Ծատուրյանը, որպես զոհված ազատամարտիկի այրի, «բացառության կարգով հաշվառվել է բնակարանի կարիքավոր ընտանիքների առաջնահերթ ցուցակում» (ըստ նախկին թաղապետ Դ.Պետրոսյանի 12.03.2007թ. 62 որոշման):
Հաշվառման համար միջնորդել էր ՊՆ ԶՍՊ վարչությունը:
Սա այն դեպքն է, երբ զոհված ազատամարտիկի կինը, նրա հիվանդ երեխան դեռ որեւէ արտոնությունից չեն օգտվել մինչ օրս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել