Արդեն մի քանի օր է՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում «խոզի գրիպի» ախտանիշներով 2 տարեկան մի երեխա է հոսպիտալացված: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում H1N1 վիրուսի 86 դեպք է լաբորատոր հետազոտությամբ հաստատվել, իսկ մահացության նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Նախարարությունը վստահ է, որ սուր շնչառական հիվանդությունների թվի նվազումը, որն արձանագրվել է դեկտեմբերի 9-ից, պայմանավորված է դպրոցների եւ մանկապարտեզների փակման հանգամանքով, շտապօգնության կանչերն էլ նվազել են 30-40-ով: Չնայած դրան, հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը «Առավոտի» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ «խոզի գրիպի» դեպքերն իրականում ավելի շատ են, քան լաբորատոր հետազոտությամբ հաստատվածները:
Ինչ վերաբերում է «խոզի գրիպը» բուժող դեղամիջոցին՝ «տամիֆլյուին», ապա, ըստ առողջապահության նախարարության, դրա բաշխումը բժշկական հաստատություններին իրականացվում է դեկտեմբերի 4-ից: Մոտ օրերս եւս 20 000 չափաբաժին «տամիֆլյու» կներկրվի Հայաստան: Իսկ Հայաստանի քաղաքացիներին առողջապահության նախարարությունից կոչ են անում չզբաղվել ինքնաբուժմամբ, «խոզագրիպի» ախտանշանների հայտնվելու դեպքում անպայման դիմել բժշկի, քանի որ բարդացումները լինում են հենց բժշկի ուշ դիմելու հետեւանքով: «Այծի գրիպի» մասին էլ նախարարությունից հավաստիացնում են, որ այդ գրիպը փոխանցվում է կենդանուց մարդուն, ոչ թե մարդուց մարդուն: