Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենախախտումաշատ մարզը Լոռին է

Դեկտեմբեր 16,2009 00:00

Երեկ Վերահսկիչ պալատը Լոռու մարզում արտագնա նիստ անցկացրեց

ՀՀ Վերահսկիչ պալատը, հաշվի առնելով, որ իր բացահայտած 7 խախտումից երեքը արձանագրվել է Լոռու մարզում, արտագնա նիստ կազմակերպեց հենց այդ մարզում, որի ժամանակ քննարկվեցին հետեւյալ ոլորտները. քաղաքաշինություն, սոցծառայության տարածքային բաժիններ, Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գտնվող հողատարածքներ եւ վարձակալությամբ տրվող տարածքներ:
Քաղաքաշինության համար պետբյուջեից մարզին տրամադրվել է 2,170 միլիարդ դրամ, շինարարության ծավալը կազմել է շուրջ 1,5 մլրդ դրամ, ուրեմն՝ մոտ կես միլիարդ ենթակա է վերականգնման՝ բյուջե: 2007-2009 թվականներին իրականացվել է ընդհանուր 2 միլիարդ դրամի 106 ծրագիր: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ վերականգնման ենթակա գումարի 90-95%-ն արդեն վերականգնվել է, իսկ մինչեւ դեկտեմբերի 25-ը բյուջե վերադարձվող գումարներն ամբողջությամբ կգանձվեն: «Մեծ մասամբ սա մրցույթներում կատարվող թերությունների արդյունքն է, շատ շինարարական կազմակերպություններ անբեխիղճ են աշխատում, կարելի է կիրառել եվրոպական երկրների փորձը, սեւ ցուցակներ կազմել եւ այդ կազմակերպություններին ու շինարարներին որոշակի ժամկետով զրկել գործունեությունից»,- հայտարարեց ՎՊ նախագահը: Ի. Զաքարյանը չթաքցրեց, որ շատ շինարարական կազմակերպությունների հետեւում հենց բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, բայց անուններ չհրապարակեց:
Սոցծառայության տարածքային մարմիններում արձանագրած խախտումները փաստաթղթային են: Պետական նպաստների համակարգում ընտանիքին ընդգրկելու համար տեղեկանք տրամադրող կազմակերպությունները փաստաթղթային անօրինականություններ են թույլ տվել: Փաստագրված քաղաքացիների 32%-ը տրամադրել է անհիմն եւ կեղծ տեղեկանքներ: Այս պարագայում սոցծառայությունների պետերն անմիջական մեղք չունեն, այդուհանդերձ, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը նրանց ազատել է աշխատանքից՝ անբարեխիղճ աշխատանքի համար: Սպիտակի, Թումանյանի եւ Տաշիրի տարածաշրջանների 7 քաղաքային եւ 84 գյուղական համայնքներում մայիս ամսին ընտանեկան նպաստ տրամադրվել է 11 950 եւ հրատապ օգնություն՝ 1534 ընտանիքի: 2007 թվականին սոցծառայությանը պետբյուջեից տրամադրվել է 2,610 միլիարդ, 2008-ին՝ 2,839 միլիարդ եւ 2009-ին՝ կրկին 2,839 միլիարդ դրամ: Անճշտությունների պատճառով մոտ 60 միլիոն դրամ ավելի է վճարվել, բայց այս գումարը բյուջե վերադարձնել հնարավոր չէ, քանի որ, ըստ ՎՊ հաշվետվության, չի կարելի մեկի սխալի համար ուրիշին մեղադրել: Պարոն Զաքարյանի ներկայացմամբ, այստեղ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ:
Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գտնվող հողատարածքների վարձակալության փաստաթղթերում եւս լուրջ խախտումներ են գրանցվել: Մասնավորապես, կառավարության որոշմամբ Թեղուտ ՓԲԸ-ին պարտավորեցրել են 245,476 միլիոն դրամ վճարել Շնող համայնքին, իսկ 76,852 միլիոն դրամ՝ Թեղուտ համայնքին: Ընդհանուր առմամբ, 739.5 հա հողային ֆոնդից վարձակալությամբ է տրվել 339,9 հա, մինչ այժմ 68 պայմանագիր է կնքվել: Խախտումների մի մասը, ըստ Վերահսկիչ պալատի, օրենսդրական դաշտի չիմացության արդյունք է, մի մասն էլ՝ օրենքը հմտորեն շրջանցելու: Լինում են դեպքեր, երբ պաշտոնյաներից գրություններ են ստացվում՝ համայնքում առկա վթարային շենքերի քանդված լինելու մասին, բայց ՎՊ ստուգումների արդյունքում պարզվում է, որ շենքերը դեռ կանգուն են: Ի. Զաքարյանը նշում է, որ շատ պաշտոնյաներ այսօր իրենց տեղերում չեն, բայց ՎՊ-ն էլ պատժիչ օղակ չէ, ընդամենը հսկում է՝ պետբյուջեից տրված միջոցներն արդյո՞ք իրենց նպատակին են ծառայել:
Ի դեպ, ՎՊ-ն Ստեփանավանում հայտնաբերել է 31 միլիոն, իսկ Վանաձորի քաղաքապետարանում՝ 179,630 միլիոն դրամի խախտումներ: 103 միլիոնը արդեն վերադարձվել է բյուջե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել