Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՃԱՐՆԵ՞ՐԸ

Դեկտեմբեր 16,2009 00:00

Այս մասին են փաստում Գյումրիում կատարված ուսումնասիրությունները

\"\"
Վ. Թումասյանի հ/կ-ն վերահսկում է, որպեսզի անճար
անօթեւանները բնակարաններ ստանան:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ծեծկռտուքից հետո, կառավարությունը 2008թ. նոյեմբերին որոշեց աղետի գոտում անձամբ իրականացնել բնակբաշխման գործընթացը: Այդ պարտականությունը դրվեց քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանի վրա: Գյումրիի քաղաքապետը մարզպետարանի բնակբաշխման հանձնաժողովին մեղադրում էր կաշառակերության մեջ՝ հրապարակավ հայտարարելով, որ անօթեւան գյումրեցին «Լինսիի» շենքերից բնակարան ստանալու համար ստիպված է եղել վաճառել անգամ ոսկե ատամները: Արդյո՞ք կոռուպցիոն ռիսկերը բացառված են քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովի աշխատանքում, երեկ լրագրողները այսպիսի հարց ուղղեցին հասարակական հիմունքներով տվյալ հանձնաժողովում ընդգրկված «Շիրակ կենտրոն» հ/կ–ի ղեկավար Վահան Թումասյանին: Նա երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ իր կազմակերպությունը բնակբաշխման գործընթացը թափանցիկ դարձնելու ու բնակարանները հասցեատերերին՝ իրական անօթեւաններին հասցնելու նպատակով Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ մոնիտորինգ է անցկացնում: «Սա կարելի է նաեւ հակակոռուպցիոն կամ կոռուպցիոն ռիսկերի կրճատման ծրագիր անվանել, բնակարանների բաշխման գործընթացում երբեք չի եղել դեպք, որ այն ընթանա հասարակական հատվածի մասնակցությամբ, այլընտրանքով: Չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը ու ասել, թե իշխանություններն ամեն ինչ արել են բնակբաշխումը կոռուպցիայի, փող աշխատելու վերածելու համար, բայց բոլորս էլ գիտենք, ակնհայտ է, որ Գյումրիի բնակբաշխման գործընթացում թերացումներ, օրինախախտումներ են տեղ գտել: Հիմա մենք մասնակցում ենք՝ նպատակ հետապնդելով, որ նման դեպքերը տեղ չգտնեն: Նոյեմբերի 25-ի հրամանագրով՝ 1054 անօթեւանից միայն 18-ին է տրված բնակարան, եւ նրանց բոլորի գործերը կրկնակի ստուգման են ենթարկվում: Ես հակված եմ մտածելու, որ նման դեպքեր չեն լինի, հավատացեք, որ մենք ավելի քիչ անօթեւաններ կունենայինք, եթե մինչ օրս բնակարանների բաշխման գործընթացը գոնե կիսով չափ թափանցիկ ընթանար»,- ասաց Վահան Թումասյանը՝ անտեղյակ լինելով, որ քաղաքաշինության բնակբաշխման հանձնաժողովը եւս փակ է աշխատում եւ լրագրողներին իր նիստերի մասին բացարձակապես տեղյակ չի պահում:
Կոռուպցիայի թեմայից դուրս բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ բնակարան ստանալու նպատակով հանձնաժողովին դիմել են անօթեւանների ընդամենը 60%-ը, իսկ 40%-ը տարբեր պատճառներով չի ներկայացրել: Հետեւաբար, նրա կազմակերպությունը սկսել է տնետուն ընկնել ու ուսումնասիրել պատճառները: «Հիմնական պատճառները բաժանում ենք 4 մասի, առաջինը փաստաթղթերի բացակայությունն է, գիտեք, որ հսկա փաստաթղթերի կույտ է պահանջվում, շատ ընտանիքներ տարբեր պատճառներով չեն կարողանում պարզապես էդ փաստաթղթերը ներկայացնել, օրինակ, մտանք մի տնակ, որտեղ 10 անդամներից բաղկացած ընտանիքից մնացել էր միայն մայրը, մյուսները բացակայում էին Հայաստանից: Նրանք պետք է համապատասխան լիազորագրեր ներկայացնեն, փաստորեն՝ փաստաթղթերը ամբողջական չեն ու նրանք այս փուլում դուրս են մնում բնակարան ստանալու իրավունքից: Երկրորդ պատճառն այն է, որ քսան տարի է անցել երկրաշարժից, բնականաբար ընտանիքը բազմացել է, զավակները մեծացել ու ամուսնացել են, տարբեր ընտանիքներ են կազմել, բայց նրանք հաշվառված են մի բնակարանի վրա, այսինքն՝ ստացվում է, որ 3 կամ 4 ընտանիք ստանալու է մի բնակարան, եւ փաստաթղթերը չներկայացնելու պատճառն անհամաձայնությունն է, թե տվյալ բնակարանը ո՞ւմ է պատկանելու: Հաջորդ պատճառը անիրազեկությունն է, մարդիկ պարզապես չգիտեն, որ իրենց հերթը հասել է, 2008 թ.-ին վերջին փոփոխությունները որ արվել են, նրանք ավելի պակաս արտոնություններ են ունեցել, բայց դրանք ավելացել են ու իրենք տեղյակ չեն, որ անօթեւանների ցուցակում առաջին 100 կամ 200-ի մեջ են: Իսկ 4-րդ խումբը մարդիկ են, որոնք չեն ուզում քաղաքի ծայրամասում կառուցվող Մուշ թաղամասից բնակարան ստանալ, նրանք պատճառաբանում են, որ իրենց ժամանակավոր կացարանները տեղադրված են կենտրոնական մասում: Իհարկե, լավ կլիներ, եթե ժամանակին քաղաքի կենտրոնական մասը չօտարվեր եւ պահվեր բնակելի շենքեր կառուցելու նպատակով, գոնե մի մասը: Հետագայում եւս պետք է տարածքներ հայթայթել ու բնակարանաշինությունը տեղափոխել քաղաքի կենտրոնական մաս»,- կարծիք հայտնեց բանախոսը:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե Վահան Թումասյանը կիսո՞ւմ է, արդյոք, մյուս հ/կ-ներից հնչող այն կարծիքը, որ Գյումրիի անօթեւանների ցանկում մնացել են ծայրահեղ աղքատները: «Այս մասին ոչ միայն իմ ուսումնասիրություններն են փաստում, այլեւ ակնհայտ է, որ վերջին 20 տարում բնակարաններ են ստացել հիմնականում այն մարդիկ, որոնք շատ ճարպիկ, «շուստրի» են եղել, համաձայն եմ այդ կարծիքի հետ: Իմ տպավորությունն այն է, որ մնացել են այն մարդիկ, որոնք պնդաճակատ չեն»,- ասաց բանախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել