Սանկտ Պետերբուրգ այցից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական եւ տնտեսական քաղաքականության որոշ հարցերի: Ինչպես ճգնաժամի սկզբնական շրջանում՝ Տ. Սարգսյանը գովերգել է Հայաստանի բանկային համակարգը:
Մասնավորապես՝ նա կրկին ընդգծել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ցույց է տվել իր պատրաստվածության բարձր աստիճանը, ինչն արտահայտվել է նրանով, որ, ի տարբերություն ԱՊՀ բոլոր մյուս երկրների՝ Հայաստանի կառավարությունը եւ Կենտրոնական բանկն առեւտրային բանկերին ոչ մի լումա օգնություն չեն ցուցաբերել, առեւտրային բանկերն ունեցել են բավարար մակարդակի իրացվելիություն եւ ի վիճակի են եղել ինքնուրույն սպասարկել իրենց հաճախորդներին: Այս մասին գրում է «cdaily. am»-ը՝ նշելով. «Մենք երբեք խնդիր չունեցանք ավանդատուների հետ: Մեր քաղաքացիները կարողանում էին ազատորեն օգտվել իրենց իրավունքից՝ ստանալ իրենց ավանդները, փոխարկել դրանք այլ արժույթի՝ առանց որեւէ խնդիր ունենալու բանկերի հետ: Այլ երկրներ ստիպված եղան միլիարդավոր գումարներ ծախսել՝ լուծելու բանկային համակարգում առաջացած խնդիրները: Հայաստանն ԱՊՀ երկրներում բացառիկ էր այս տեսանկյունից, եւ դա եւս մեկ անգամ վկայում է տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու մեր հավակնությունները»:
Հարկ է նշել, որ Հայաստանի քաղաքացիները վերոնշյալ ժամանակահատվածում իրականում խնդիրներ ունեցել են կանխիկ արտարժույթի ձեռքբերման ժամանակ, քանի որ փոխանակման կետերում կիրառվել են սահմանափակումներ: Իսկ բանկերի իրացվելիությունն ապահովելու համար ԿԲ-ն ստիպված է եղել ամսական 200 մլրդ դրամը գերազանցող ռեսուրսներ տրամադրել առեւտրային բանկերին, ինչն աննախադեպ երեւույթ է Հայաստանի ֆինանսական շուկայում:
Այնուամենայնիվ, առկա դժվարությունները Հայաստանի կառավարությանը հետ չեն կանգնեցնում տարածաշրջանային ֆինանսական կենտրոն ստեղծելու հավակնություններից: