Բջջային կապի օպերատորի աշխատանքը գնահատելով 5 բալանոց սանդղակով, բաժանորդներն ընկերությանն այս գնահատականն են տվել:
Արդեն մոտ 1 ու կես ամիս է, ինչ Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը սկսել է շարժական կապի եւ ինտերնետի շուկայում ծառայություններ մատուցել իր բաժանորդներին: Այսօր բաժանորդների քանակը գերազանցում է ընկերության ղեկավարների սպասելիքները: Ավելի քան 100 հազար մարդ օգտվում են «Օրանժ Արմենիայի» շարժական հեռախոսակապի, իսկ 5 հազարը՝ ինտերնետի ծառայություններից: Երեկ, լրագրողների հետ հանդիպմանը, ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշեց, որ մինչեւ տարեվերջ ակնկալվում է ունենալ մոտ 120 հազար բաժանորդ:
Ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն էլ ներկայացրեց «Օրանժ Արմենիայի» Ամանորի առաջարկները: Այսպես, մինչեւ 2010-ի հունվարի 31-ը ընտրելով 055 եւ 095 կոդերով սկսվող 2 նույնական համարներով տոնական փաթեթը, բաժանորդները կարող են ամբողջ տարվա ընթացքում ամեն ամիս ստանալ 500 անվճար րոպե եւ ողջ տարվա ընթացքում միմյանց հետ խոսել անվճար: Կամ, պարզապես, կարելի է միմյանց հետ միացնել արդեն իսկ գոյություն ունեցող «Օրանժի» հեռախոսահամարները, եւ, դարձյալ ամբողջ գալիք տարվա ընթացքում ստանալ ամսական 500 անվճար րոպե՝ միմյանց հետ խոսելու համար: Բացի սա, այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում, ցանկացած գումարի չափով լիցքավորելով հաշիվը, այն կկրկնապատկվի:
«Օրանժը» կարծում է, որ ամանորի հրաշքները նախեւառաջ երեխաների համար են: Այդ իսկ պատճառով, ընկերությունում որոշել են հնարավորինս իրականություն դարձնել մի քանի հազար երեխաների երազանքը: Ա. Մկրտչյանի տեղեկացմամբ, «Օրանժը» աջակցություն կցուցաբերի «Բարի Ձմեռ պապ» ծրագրին, որի շնորհիվ Վայոց ձորի 3 հազարից ավելի երեխաներ կստանան այն նվերները, որոնք խնդրել են Ձմեռ պապից:
Պարոն Դյութուան անդրադարձավ նաեւ նոյեմբերին ցանցում առաջացած որոշ խնդիրներին, մեկնաբանելով, որ դրանք եղել են բաժանորդների մեծ քանակի պատճառով. «Միանգամից հնարավոր չէր մեծ արագությամբ սպասարկել այդքան շատ հաճախորդների»: Խոսելով ներդրումներից, Բ. Դյութուան նշեց. «Այս տարվա համար նախատեսված է 95 միլիոն դոլարի ներդրում, բայց եթե հաշվենք մեր կատարած բոլոր ծախսերը, այդ թվում նաեւ արտոնագրի համար վճարված գումարը, որը բավականին թանկ արժե, ապա 2008-ի վերջից մինչ այս տարեվերջ ծախսել ենք 140 միլիոն եվրո»:
Ընկերության տնօրենը նշեց նաեւ, որ դեռեւս շահույթ չունեն, իսկ դեմպինգային քաղաքականություն էլ չեն վարի, քանի որ մեծ ներդրումներ են կատարել եւ դրանց դիմաց պետք է փոխհատուցում ստանան. «Առաջին եկամուտները սկսել են գալ արդեն նոյեմբերից, սակայն, բնականաբար, դրանք բավարար չեն մեր ծախսերը փակելու համար»:
Նշենք, որ այսօր «Օրանժի» կապը հասանելի է Հայաստանի բնակչության 83 %-ին, իսկ 2010-ի ընթացքում արդեն բջջային 3-րդ օպերատորի ծառայություններից կարող է օգտվել մեր բնակչության 90%-ը:
Պարոն Բրունոյի ներկայացմամբ, բաժանորդների շրջանում կատարած հարցումների արդյունքում, 5 բալանոց սանդղակով, ընկերության աշխատանքը ստացել է 4 գնահատականը: