Կամ՝ ինչո՞ւ են յուրացնում Քըրք Քըրքորյանի նվերը
Օրեր առաջ Գյումրիում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Գյումրիի քաղաքապետարանը ապամոնտաժում է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի անձնական միջոցներով կառուցված «Լինսի» բնակելի շենքերից մեկի՝ Խրիմյան Հայրիկի 4 հասցեի կաթսայատունը՝ այն տեղափոխելով քաղաքապետարանի նորակառույց շենք:
Մեր տեղեկություններով, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մտադրվել է այդ շենքից որոշ հատված շահագործման հանձնել Ամանորին: Բնակիչներն այս թեմայով մեծ աղմուկ բարձրացրին՝ տեղի հեռուստաընկերություններին հրավիրելով ու քաղաքային իշխանությունների հասցեին ամենավերջին անեծքը հնչեցնելով: Սակայն նրանց պայքարն ապարդյուն անցավ, քանի որ պատասխանատուները, տվյալ դեպքում՝ Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատար Ռաֆիկ Հակոբջանյանը պարզաբանեց, որ կա ավագանու որոշում, եւ կաթսայատունը քաղաքապետարանին շատ ավելի անհրաժեշտ է, քան բնակիչներին. այն, ըստ էության, ծախսատար է, գործարկել հնարավոր չէ, քանի որ բնակիչները փող չունեն, համատիրությունն էլ այս հարցը չի կարող լուծել, հետեւաբար՝ քաղաքապետարանի քայլն արդարացված է: Հնչեց նաեւ այն միտքը, որ կաթսայատունը համայնքային սեփականություն է, եւ համայնքը կվարվի այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում: Սակայն պաշտոնյայի պարզաբանումից մեկ օր չանցած՝ կիրակի օրով Գյումրի ժամանեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, որն էլ շիրակցի բարձրաստիճան պաշտոնյաներին իրար գլխի հավաքեց՝ շենքին պատկանող սեփականության հարցը ճշտելու համար: Կառավարությանը, բնականաբար, անհանգստացրել էր այն միտքը, թե հանկարծ բնակիչների բողոքը չհասնի բարերարի ականջին:
Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, այս հարցով լուրջ մտահոգված են անգամ նախագահականում, արդեն մի քանի օր է՝ կառավարության անդամները Շիրակի մարզում են: Տեղեկացնենք, որ խոսքը անչափ թանկարժեք նվերի մասին է, կաթսայատունը մոտ 180 միլիոն դրամ արժե, հագեցած է ամենավերջին տեխնիկայով, եւ, մեր աղբյուրների պնդմամբ՝ միայն պոմպը արժե 18 հազար դոլար: Սակայն թանկարժեք լինելը հարցի մի կողմն է, աբսուրդն այն է, որ կաթսայատունը քաղաքապետարանի սեփականությունը չէ: «Առավոտը» ճշտեց, որ այն սեփականության իրավունքով պատկանում է Շիրակի մարզպետարանին, որը սեփականության վկայականի մեջ գրանցված է Խրիմյան Հայրիկի 4/1 հասցեով: Այս դեպքում, բնականաբար, թերացել է Շիրակի մարզպետարանը՝ բացարձակապես տեր չկանգնելով Քըրքորյանի կողմից իրեն նվիրաբերած գույքին: Մեր հարցին, արդյոք Գյումրիի ավագանին ապամոնտաժման մասին որոշում կայացնելուց առաջ թույլտվություն հարցրե՞լ է սեփականատիրոջից՝ մարզպետարանից, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը պարզաբանեց, որ 2003-ին Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությամբ այն շահագործման հանձնելու նպատակով հատկացվել է քաղաքապետարանին: Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, ստացվել է այնպես, որ այն թեեւ իրենց սեփականությունն է, սակայն քաղաքապետարանի հաշվեկշռում է:
Իսկ թե ինչո՞ւ է ավագանին ինքնագլուխ որոշում կայացրել, Ալբերտ Մարգարյանի խոսքերով, այս հարցով զբաղվում է կառավարությունը: Անխոս, գովելի է, որ կառավարությունը թերեւս առաջին անգամ սկսել է զբաղվել կաթսայատների ապամոնտաժման հարցով, վերջապես ուշադրություն է դարձնում, թե ինչպիսի՞ «հանճարեղ» որոշումներ է կայացնում Գյումրիի ավագանին, սակայն հետաքրքիր է, թե մեկ տարի առաջ որտե՞ղ էին այդ նույն կառավարության անդամները, երբ հանրապետության օլիգարխ պատգամավորներից մեկը՝ Սամվել Ալեքսանյանը, բառի իսկական իմաստով քաղաքապետի ձեռքից խլում էր Գյումրիի ամենաարժեքավոր հարստություններից մեկը՝ Մայիսյանի 6-8 միլիոն դոլար արժողությամբ կաթսայատունը, որը տարիներ շարունակ ջեռուցում էր Անի եւ Ավստրիական թաղամասերը: Ըստ մասնագետների, կաթսայատունն այնքան հզոր էր, որ կարող էր ջեռուցել անգամ չորս Անի թաղամաս միասին վերցրած: Սամվել Ալեքսանյանը, Ախուրյանում կառուցվող շաքարի գործարանը ջեռուցելու նպատակով, Գյումրիի համայնքային սեփականություն հանդիսացող թանկարժեք կաթսայատունը գնեց ջրի գնով՝ ընդամենը 250 000 դոլարով: Այդ անգամ էլ Գյումրիի ավագանին պարտադրված որոշում կայացրեց այն օտարել Սամվել Ալեքսանյանին, սակայն կառավարության անդամները, կաթսայատանը տեր կանգնելու փոխարեն, մի բան էլ միջամտեցին, որ այն քաղաքապետը մատչելի գնով «նվիրի» պատգամավորին: Համենայնդեպս, Գյումրիի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հավաստմամբ, սա ամենեւին էլ քաղաքապետ Վ. Ղուկասյանի սրտով չի եղել:
Ինչո՞ւ էր լռում կառավարությունը, թե՞ այստեղ չկար Քըրքորյանի պես հարգարժան բարերարի գործոնը. հասկանալի է, եթե Քըրքորյանը խռովի, Հայաստանում շատ ծրագրեր են տուժելու, իսկ Մայիսյանի կաթսայատան պարագայում դիմացն ընդամենը հասարակ գյումրեցին էր կանգնած, որի հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանում են: