ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները երեկ ՀՀ Ազգային ժողովում էին
Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Այն ընթացավ լրատվամիջոցների աչքից հեռու: Նիստը փակ էր, եւ ավարտից հետո պատգամավորները լրագրողների հարցերին պատասխանելու տրամադրություն չունեին, շտապում էին Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկ դնելու Ցեղասպանության զոհերի հուշարձանին: «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը ավելի ուշ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ խոսք է գնացել ժողովրդագրական իրավիճակի մասին, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումների մասին: Ի դեպ, այս թեմայով տիկին Ալավերդյանը զեկույց է ներկայացրել համատեղ նիստի ժամանակ:
Ըստ մեր զրուցակցի՝ արդեն ուրվագծվում է աշխատանքային այն ռեժիմը, որում երկու հանրապետությունների պատգամավորները պետք է աշխատեն: Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Որոշ հարցեր որ բարձրացվեցին հանձնաժողովի նիստում, կարծում եմ, արժե, որ հասարակության շատ ավելի լայն շրջանակներում քննարկվեն: Մասնավորապես, միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի հարցի ընկալումը: Համոզմունք հնչեց ե՛ւ ԼՂՀ ԱԳ նախարարի կողմից, ե՛ւ իմ կողմից, որ ժամանակն է ճիշտ ուղու վրա դնել այն մոտեցումները, բանաձեւերը, մինչեւ անգամ բառապաշարը եւ հասկացությունների պաշարը, որով մենք ներկայացնում ենք ԼՂՀ-ին առնչվող հարցերը՝ բոլոր միջազգային ատյաններում: Մենք դա պարտադրված ենք անել, եւ մենք պետք է մշակենք այն բառապաշարը, որով կերեւա, որ Հայաստանը ընդամենը հարցի օժանդակող կողմն է եւ ջատագովն է իրավական հենքի վրա դնելու Արցախին վերաբերող բոլոր հարցերը: Իսկ Արցախը ունակ է եւ պատասխանատվություն կրել իր արածի համար, եւ պարտավորություններ ստանձնելով՝ իրականացնել դրանք: Պարտավորություններ՝ թե՛ սեփական ժողովրդի առջեւ, թե՛ միջազգային ատյանների առջեւ»:
Լարիսա Ալավերդյանը նկատեց նաեւ, որ միջխորհրդարանական շրջանակն ավելի ազատ է եւ մոտեցումների, եւ գործելակերպի մեջ: «Թե ինչպես դա կանդրադառնա գործադիր իշխանության եւ երկրի գլուխ հանդիսացող մարմնի մակարդակով, դա դեռ առջեւում է»,- ի պատասխան մեր հարցի՝ արդյոք այս ակտիվացումը նշանակո՞ւմ է, որ ԼՂՀ-ն շուտով դառնալու է բանակցությունների մասնակից, ասաց Լարիսա Ալավերդյանը: Հարցրինք նաեւ՝ տիկին Ալավերդյանի տպավորությամբ՝ ղարաբաղցի պատգամավորները գո՞հ էին Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունից: Տիկին Ալավերդյանն ասաց, որ խնդիրն այդպես չի դրված. «Խնդիրը դրված էր բոլորովին այլ կերպ՝ այնպես անենք, որ ոչ թե իրարից գոհ կամ դժգոհ լինենք, այլ ուժեղացնենք եւ պարզեցնենք, պարզ ձեւով շտկենք Արցախի հարցի, ես կասեի՝ Արցախի հետ առնչվող հարցերի ընկալումը»: