Այնպես, ինչպես չի կարող լինել իրադարձության բացարձակ օբյեկտիվ լուսաբանում
Հարգելի պարոն Աբրահամյան, Դուք խնդրել էիք, որ գրավոր տեսքով ներկայացնեմ ազատ եւ անկախ մամուլի մասին իմ նկատառումները, եւ, մասնավորապես, թե ինչն է ինձ առիթ տալիս ասելու, որ մեր իրականության մեջ բացարձակ իմաստով չի կարող լինել անկախ թերթ: Սիրով արձագանքում եմ Ձեր ցանկությանը:
Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մեր հեռուստաեթերներում կազմակերպվող բանավեճերում եւ թերթերի հարցազրույցներում ժամանակի սղության ու տպագրվող նյութի տարածքի սահմանափակության պատճառով միշտ չէ, որ կարողանում ենք լիարժեք պատասխաններ տալ ու փաստարկել մեր հայտնած միտքը կամ՝ եզրահանգումը: Սա լավ առիթ է առավել հանգամանալից եւ մտերմիկ զրույցի տեսքով ներկայացնելու իմ դիտարկումները՝ այդ հարցերի վերաբերյալ: Նախ՝ նշեմ, որ մեր իրականության մեջ ինչպես շատ այլ հասկացություններ, այնպես էլ մամուլին առնչվող տերմինների կիրառության պարագայում կարիք կա դրանց բնութագրման: «Ազատ մամուլ» ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ ոչ թե մի կոնկրետ թերթ, այլ այն միջավայրը, որտեղ բազմաթիվ լրատվամիջոցներ՝ TV-ալիքներ, ամսագրեր եւ թերթեր կարող են ազատ արտահայտվել: Ոմանց կարող է թվալ, թե լինում են բացարձակ անկախ լրատվամիջոցներ: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ սա միֆական պատկերացում է, քանի որ, եթե նույնիսկ որեւէ թերթ կախում չունի այս կամ այն քաղաքական ուժից ու ֆինանսական ֆիգուրից, ապա, միեւնույն է, այն, որպես ապրանք, արդեն կախված է շուկայից: Իսկ շուկայում մրցակցությունը միշտ չէ, որ առողջ է եւ բարեկիրթ: Որպես տնտեսագետ՝ լավ եմ պատկերացնում, թե ինչ ասել է մեր օրերում միայն թերթի համեստ շահույթներով տպագիր օրգանի արտադրություն կազմակերպելը եւ ինչ դժվարություններ են հաղթահարում թերթերի հիմնադիրներն ու գլխավոր խմբագիրները իրենց ստեղծագործական եւ արտադրական պրոբլեմները լուծելու ճանապարհին: Եվ ասել, թե այս կամ այն թերթն ապրում կամ գոյատեւում է բացառապես իր եկամուտների հաշվին, մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չէ, այլ հարց է, թե ինչ որակի բարերարներ ու աջակցողներ են բաժին ընկել տվյալ թերթին, եւ խաղի ինչ կանոններ են սահմանված: Կարծում եմ՝ այս կետում «Առավոտի» բախտը որոշ առումով բերել է, քանի որ թերթը, ի վեջո, կարողանում է պահպանել իր հարաբերական անկախությունը: Առկա է նաեւ շփոթ մամուլի անկախություն եւ օբյեկտիվություն հասկացությունների գործածման դեպքում: Ինչպես չի կարող լինել բացարձակ անկախ թերթ, այնպես էլ չի կարող լինել իրադարձության բացարձակ օբյեկտիվ լուսաբանում, այն պարզ պատճառով, որ իրադարձությունը լուսաբանող անձը արդեն սուբյեկտ է, հետեւաբար՝ նա չի կարող զերծ լինել ոչ իր անձնական համակրանքներից ու հակակրանքներից, ոչ շուկայի պահանջներից եւ ոչ էլ իր թերթի, ինչու չէ՝ նաեւ մամուլի կորպորատիվ շահերից եւ իր վարկանիշը այս կամ այն կերպ պահելու հրամայականից: Որքան էլ փորձի հավատարիմ մնալ Մամուլի մասին օրենսդրության կամ հայտարարված մասնագիտական պահանջներին, միեւնույն է, գործունեության էթիկական մասը լինելու է վիճելի, իսկ օբյեկտիվությունը՝ հարաբերական: Եթե նաեւ նկատի ունենանք, որ Հայաստանում ինչ լուրջ խնդիր է կոռումպացված համակարգի օղակներից հավաստի եւ արժեքավոր տեղեկություններ ձեռք բերելը, ապա պարզ կդառնա, թե ինչու եմ կասկածի տակ դնում թերթերի լիովին անկախ լինելու, լիովին ազատ արտահայտվելու եւ լիովին օբյեկտիվ լուսաբանումների հնարավորությունները:
Անձամբ ես, որպես ընթերցող, հայաստանյան իրողության պայմաններում «Առավոտը» համարում եմ որակյալ թերթ, բայց ոչ այն պատճառով, որ նրա լուսաբանումները բացարձակ օբյեկտիվ են, այլ, որ դրանք արվում են որակյալ մամուլին հարիր պրոֆեսիոնալ մոտեցումներով, ինչը ենթադրում է սուբյեկտիվիզմի զգալի կրճատում: Ձեր թերթի հրապարակումներն իրենց արտահայտվելու ձեւերով կոռեկտ են, հայտարարված քաղաքականության շրջանակներում հիմնականում քաղաքական համակրանք-հակակրանքի տարրերը փորձում եք հասցնել նվազագույնի, եւ դա ողջունելի է: Որպես «մամուլ-մշակույթ», Ձեր դեպքում անհամեմատ ավելի լավ է, նույնիսկ աշխատաոճի առումով՝ ընդօրինակելի: Եվ կարծում եմ, որ պատահական չէ այն, որ «Առավոտը» ունի իր կայուն ընթերցողը եւ լավ վարկանիշը: Ըստ իս, Ձեր թերթի մյուս առանձնահատկությունը նրա՝ դեպի ժողովրդավարական արժեքներ կողմնորոշվածությունն է, որը մի շարք դեպքերում բացարձականացված է եւ կարող է մի շարք դրվագներում լինել թերի մեր հասարակության ազգային գիտակցությունը ճիշտ հունավորելու առումով: Այս կետում ես եւ ինձ նման ընթերցողները, բնականաբար, կարող ենք ունենալ որոշ վերապահումներ: Եվրոպայի նորագույն պատմությունը հաստատում է, որ ժողովրդավարական արժեքները քանի դեռ հենված չեն ազգային ու պետական շահերի բարձր գիտակցության վրա, չեն բխում այդ շահերի խորքային ընկալումներից, կարող են տվյալ էթնոսի աշխարհայացքը աղճատողի դերում հայտնվել, նույնն է ասել՝ թե «արջի ծառայություն» մատուցել: Ուրեմն՝ մենք եւս ճիշտ կանեինք, եթե կարողանայինք այդ «ունիվերսալ գործիքներից» օգտվել վերապահումներով՝ արդեն մեր իսկ ազգային, պետական ու հասարակական շահերից ելնելով:
Քաղաքական անվանի գործիչներից մեկը սրամտելով ժողովրդավարության եւ ազատ մամուլի մասին, «բանաձեւել է»՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ասելու իր կարծիքը դիմացինի մասին, իսկ դիմացինն էլ իրավունք ունի դրա համար հասցնել նրա մռութին: Կեցցե «իրավունքը»…»: Մինչդեռ իրավունքի մեր ազգային առողջ ընկալումը կարող էր սահմանել խաղի ավելի լավ կանոններ, որոնցում եւ խորը մարդասիրություն կա, եւ օրինասիրություն: Ամենքից լավ Դուք գիտեք, որ որպես հասարակություն՝ դեռ չունենք դիմացինի կարծիքը հանգիստ լսելու, ընդունելու կամ մերժելու «ներքին ազատություն», իսկ դա արդյունք է ազգային ամբողջացված ինքնագիտակցություն չունենալու: Ի վերջո, ինչո՞ւ են ժողովրդավարական արժեքները մեր պետական համակարգի մեջ եւ հանրության աշխարհայացքում երբեմն շփոթ առաջացնում, իսկ վատթարագույն դեպքում՝ ակամայից նույնիսկ դառնում հասարակությունը պառակտող «քաղաքական գործիքներ»: Բացի այն, որ դրանք չեն գործադրվում ինչպես հարկն է, այլ նաեւ այն պատճառով, որ ուզում ենք միամտաբար «մեկը փոխարինել մյուսով», մինչդեռ դրանք պետք է լրացնեին միմյանց: Ինչո՞ւ են, օրինակ, «հայ ընդդիմադիրն» ու «իշխանականը» սեղանի շուրջ կամ մտերմիկ զրույցի մեջ իրար ավելի լավ հասկանում, քան «քաղաքական եւ կուսակցական խրամատներում նստած»: Որովհետեւ՝ առաջին դեպքում նրանք իրար հետ խոսում են իբրեւ հայեր, այստեղ՝ որպես թերզարգացած «ժողովրդավարներ»: Հիմա ո՞րն է սրանցից լավ: Երբ առկա են ազգային գերակա արժեքներ եւ բարձր ազգային ինքնագիտակցություն, այնժամ պետական եւ քաղաքական կյանքի մոդելներն ու պրոցեսները, ինչպես նաեւ՝ տեղեկատվական ու քարոզչական գործունեության բոլոր դրվագները իրենց տեղն են ընկնում եւ ազնվորեն ծառայում ժողովրդին: Ավարտելով իմ դիտարկումները՝ ուզում եմ մտաբերել Գարեգին Նժդեհի խոսքը, որը Դուք մեջբերել էիք Ձեր թերթի խմբագրականներից մեկում.
«Խոսքը՝ մարդու բարոյական շունչն է…»:
Եվ ամեն ինչ, այդ թվում՝ մամուլը, սկսվում է այստեղից:
Շնորհակալություն: