Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Դեկտեմբեր 16,2009 00:00

Խորհրդարանի քսանմեկ պատգամավորներ նամակով դիմել էին Հանրապետության նախագահին եւ խնդրել, օգտվելով Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունից, ներում շնորհելու միջոցով Սասուն Միքայելյանին ազատել պատժի հետագա կրումից: Մեկնաբանեով այդ եւ նմանատիպ միջնորդությունները՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանն ասաց. «Հանրապետության նախագահը, բնականաբար, տեղյակ է այդ առնչությամբ իրեն հասցեագրված բոլոր նամակներին ու դիմումներին, այդ թվում եւ լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներին: Նախագահ Սարգսյանին հասցեագրված նման խնդրանքների բովանդակությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Առաջին, երբ խնդրվում է առողջության բերումով Սասուն Միքայելյանին ազատել պատժի հետագա կրումից: Այս առնչությամբ մեկնաբանություն արդեն արվել է. առողջության բերումով պատժի հետագա կրումից դատապարտյալը կարող է ազատ արձակվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ առողջության բերումով պատժի հետագա կրումից դատապարտյալին ազատ արձակելու միջնորդությամբ հանդես գալու լիազորությամբ Հանրապետության նախագահն օժտված չէ: Երկրորդ խումբ խնդրանքները վերաբերում են ներում շնորհելու միջոցով Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից ազատ արձակելուն: Դատապարտյալին նախագահի կողմից ներում շնորհելու խնդիրը կարգավորվում է Սահմանադրության 55-րդ հոդվածով եւ ՀՀ նախագահի 2003 թ. նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» հրամանագրով, որտեղ հստակ ամրագրված է, որ Հանրապետության նախագահը դատապարտյալին ներում շնորհելու հարցը կարող է քննության առնել բացառապես դատապարտյալի կողմից` Հանրապետության Նախագահին հասցեագրված ներման խնդրագրի հիման վրա: Սա է այն իրավական հիմքը, որով կարգավորվում է խնդիրը: Խորհրդարանի պատգամավորների դիմումները, ուզենք թե չուզենք, չեն կարող փոխարինել այդ իրավական հիմքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել