ՀԱԿ-ից մարքսիստի հեռանալու մասին ասում է Լեւոն Զուրաբյանը
«ՀԱԿ-ում Մարքսիստական կուսակցության անդամակցությունը եւ համագործակցությունը նպատակ էր հետապնդում ստեղծելու համազգային միասնական ընդդիմություն՝ հանուն իշխանափոխության՝ գաղափարական սերնդափոխության ձեւով: Ցավոք, ՀԱԿ-ն այդպես էլ չդարձավ համազգային ընդդիմություն, մնաց ՀՀՇ-ական ընդդիմություն՝ տակտիկական զինանոցի իր տկարության պատճառով, եւ իշխանափոխությունը՝ քաղաքական սերնդափոխության ձեւով, չիրագործեց». սա այն հիմնավորումն է, համաձայն որի՝ երեկ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց ՀԱԿ-ում իր ղեկավարած կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին: Ավելին, նա գտնում է, որ ՀԱԿ-ն այդպես էլ չկարողացավ դառնալ 21-րդ դարի նեոլիբերալիզմի գաղափարական ջահակիրը եւ նոր լիբերալիզմի, նոր դեմոկրատիայի ոլորտում այդպես էլ նոր գաղափարական սաղմեր ու մասունքներ հասարակությանը չկարողացավ մատուցել: «Ամեն մի քաղաքական դաշինք կարողանում է գոյատեւել այնքան, որքանով նա կարողանում է լինել փարթամ քաղաքական մտքերի գեներատոր: Երբ քաղաքական իդեաների գեներացիան դադարում է, մեռնում է նաեւ այդ կառույցը: ՀՀՇ-ն ֆրանսիական բուրբոնների նման պատմության դառը դասերից ոչ մի հետեւության չհանգեց, հատկապես կադրային քաղաքականության հարցում՝ «կակ բիլի, տակ ի աստալիս ժալկիմի բալտունամի»,- «Առավոտին» փոխանցեց մարքսիստը:
Նա պատմական անհրաժեշտություն է համարում նոր քաղաքական ուժի ձեւավորումը՝ նոր լիդերի գլխավորությամբ: Ըստ նրա, միայն նոր ուժը կարող է լուծել ազգի քաղաքական եւ գաղափարական միասնության, կենսաբանական եւ ֆիզիկական անվտանգության եւ պատմաաշխարհագրական տարածքների, տարածքային ամբողջականության վերականգնման գերխնդիրները: Լեւոն Տեր-Պետրոսյանի ավանդը հայ քաղաքական մշակույթի ձեւավորման մեջ, որպես պետական եւ քաղաքական գործիչ, մարքսիստը բարձր է գնահատում. «Բայց ժամանակը դաժան է, պատմությունն՝ անողոք: Իր պատմական առաքելությունը նա ժամանակին կատարել է սրբությամբ: Հայ ժողովուրդը Մյասնիկյանից ընդունեց 30 հազար քառակուսի կիլոմետր, Լեւոն Տեր-Պետրոսյանը հանձնեց 45 հազար քառակուսի կիլոմետր»:
Իսկ ինչո՞ւ է մարքսիստը հիմա հեռանում ՀԱԿ-ից. «Որպեսզի վաղը չասեն, որ 10-րդ ընտրատարածքում գողացար ՀՀՇ-ի դիվիդենդները»:
«Դժվար է, շատ դժվար է դիմանալ այդ վշտին, բայց Կոնգրեսն, այնուամենայնիվ, կաշխատի շարունակել պայքարել հանուն այն սկզբունքների, որոնց տակ ՀԱԿ-ի հռչակագրում ստորագրել է պարոն Դավիթ Հակոբյանը»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք անելու առանց մարքսիստի, ծանր չե՞ք տանում նրա կորուստը, ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: