ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հիշեցնում է, որ ընդդիմությունը միշտ էլ արմատական փոփոխություններ է պահանջել, բայց ոչ ծայրահեղ քայլերի միջոցով:
– Անցնող տարում, ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ զարգացումներ եղան թե ներքաղաքական եւ թե արտաքին հարաբերությունների հարթությունում:
– 2009 թվականը ձեռքբերումների տարի չէ, տնտեսության անկումը աննախադեպ է եւ կկազմի 15 տոկոսից ավելի: Չթերագնահատելով միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի գործոնը, պետք է նշել, սակայն, որ այս իրավիճակը արդյունք է տարիներ շարունակ իրականացվող քաղաքականության: Քաղաքականություն, որն ապահովում է մի խումբ մենաշնորհային դիրքեր զբաղեցնող ներմուծողների գերշահույթները, մի խումբ մարդկանց հարստացումը, որի արդյունքում խորանում է սոցիալական բեւեռացումը: Քաղաքականություն, որի արդյունքում շարունակաբար աճում է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, մեծանում է երկրի արտաքին պարտքը: Ի դեպ, անցած տարիներին հայտարարված տնտեսական աճը շոշափելի չէր մեր ժողովրդի ճնշող մեծամասնության համար: Ղարաբաղյան հարցում զարգացումները բոլորովին բարենպաստ չէին: Մադրիդյան սկզբունքները ձեռքբերում չեն, ավելին՝ անընդունելի են: Համանախագահների կողմից ներկայացվելու է թարմացված տարբերակը, ինչի մասին, իհարկե, կարելի է խոսել համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, սակայն չեմ կարծում, որ էական փոփոխություններ կլինեն այդ թարմացված տարբերակում: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացվում է մեր կողմից անընդունելի զիջումներով: Թուրքիան շարունակում է կարգավորումը կապել ղարաբաղյան հարցի հետ, եւ ակնհայտ է, որ մեծ տերություններն այսօր շահագրգռված են թե հայ-թուրքական հարաբերությունների եւ թե ղարաբաղյան հարցի կարգավորմամբ: Եվ որքան էլ ասեն, որ սրանք առանձին գործընթացներ են, ակնհայտ է, որ այդ գործընթացները փոխկապակցված են եւ գերտերությունները ջանքեր, ճնշում են գործադրում երկու հարցն էլ շուտափույթ լուծելու ուղղությամբ: Ներքաղաքական առումով նույնպես որեւէ առաջընթաց չի արձանագրվել, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման մասին չի կարելի խոսել: Դեռեւս կան քաղբանտարկյալներ: Հիմա խոսում են հանդուրժողականության մասին, երկխոսության անհրաժեշտության մասին, սակայն, մյուս կողմից, մենք տեսնում ենք պաթոլոգիկ ատելության դրսեւորումներ՝ իշխանությունների կողմից վերահսկվող որոշ լրատվամիջոցների կողմից: Ի դեպ, եւ հանդուրժողականության, եւ երկխոսության հարցերը ինքնաբերաբար լուծվում են, եթե թե ընդդիմությունը, թե իշխանությունը ձեւավորվում են նորմալ, քիչ թե շատ արդար ընտրությունների արդյունքում: Այդ դեպքում քաղաքական կյանքը մտնում է բնականոն հունի մեջ: Ուրեմն, առաջին հերթին այս խնդիրն է պետք լուծել: Եվ լավ կլիներ, հանդուրժողականության մասին խոսելուն զուգահեռ, անհանդուրժողականություն դրսեւորվեր իշխանական եւ օլիգարխական կամայականությունների նկատմամբ: Դա մենք չենք տեսնում: Այս երկիրը մի քանի մարդու երկիրը չէ:
– Դուք կարծես խոսեցիք միայն իշխանական դաշտի մասին, նշեցիք այն բացթողումները, որ կան այստեղ, սակայն չխոսեցիք ընդդիմության մասին: Ձեր կարծիքով, անցնող տարվա ընթացքում ինչպիսի՞ ձեռքբերումներ եւ սխալներ ունեցավ ընդդիմադիր դաշտը:
– Ընդդիմությունը պետք է սթափ գնահատի իր անցած ուղին: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա մեզ առաջին հերթին հետաքրքրում են երկրի ձեռքբերումները, որ այսօր չկան: Ընդդիմության ձեռքբերումների մասին ես չէի խոսի, քանի դեռ երկրում չեն իրականացվել որակական փոփոխություններ: Իհարկե, դրական կարելի է գնահատել այն փաստը, որ տարիներ առաջ սկսած պայքարը՝ հանուն արդարության եւ օրինականության, այսօր շարունակվում է:
– Ժամանակին իշխանությունն ասում էր, որ իր թիկունքին զգում է ընդդիմության շունչը, հիմա, ձեր կարծիքով, նո՞ւյնպես զգում է:
– Իհարկե, ընդդիմության շունչը զգացվում է, սակայն ընդդիմությունը պետք է այն է՛լ ավելի զգալի դարձնի:
– Սակայն ինչպե՞ս է զգացվում, երբ դադարեցրել եք հանրահավաքները, ակտիվ գործողությունները, եւ ժամանակ առ ժամանակ միայն ելույթներ են լինում, որոնք վերլուծողները դրանցում համագործակցության առաջարկներ են տեսնում՝ ուղղված իշխանությանը, լեգիտիմության մասին ակնարկներ են արվում:
– Լեգիտիմությունը ժողովրդավարական կամ ժողովրդավարական դառնալ ցանկացող երկրներում, ի վերջո մեր երկրի Սահմանադրությամբ, պայմանավորված է ժողովրդի քվեով, եւ եթե կա լեգիտիմության ճգնաժամ, այն պետք է հաղթահարվի ընտրությունների միջոցով: Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա հանրահավաքների դադարեցումը չի նշանակում որեւէ գործարք: Հանրահավաքները պետք է լինեն, քանի որ կա դրանց պահանջը, մանավանդ, նկատի ունենալով հեռուստաեթերում հանդես գալու՝ ընդդիմության խիստ սահմանափակ հնարավորությունները: Դադարն էլ պետք է լինի չափի մեջ:
– Ի՞նչ կլինի 2010-ին՝ Ղարաբաղի հարցը կլուծվի՞:
– 2010-ին ճնշումները ուժեղացվելու են Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ: 2010-ը դժվար տարի է լինելու տնտեսական առումով, նախադրյալներ չկան՝ պնդելու, որ տնտեսությունը դուրս է գալու այս ճգնաժամային վիճակից: Հայաստանը կանգնած է թե ներքին, թե արտաքին լուրջ մարտահրավերների առջեւ: Եվ, իհարկե, այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կոնսոլիդացիա, բայց դա չպետք է լինի խոսքերով, չպետք է կրի դեկլարատիվ բնույթ: Դրան պետք է հասնել կոնկրետ քայլերով, կոնկրետ գործերով: Եթե արվեն համապատասխան քայլեր՝ ճիշտ ուղղությամբ, դրանից կշահի երկիրը:
– Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ քայլեր ճիշտ ուղղությամբ:
– Առաջին հերթին նկատի ունեմ նոր, համապետական արդար ընտրությունները: Մեզ մոտ արդեն ավանդույթ է դարձել՝ ընտրությունները կեղծում են, հետո ուժ են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ, մարդկանց լցնում են բանտերը, հետո խոսում են հանդուրժողականության եւ երկխոսության մասին: Հետո մեղադրում են ընդդիմությանը՝ ոչ կառուցողական լինելու մեջ, ռադիկալիզմի մեջ: Ի դեպ, ես պետք է ասեմ, որ ընդդիմությունը Հայաստանում տարիներ շարունակ պահանջել է արմատական փոփոխություններ, բայց ոչ ծայրահեղ քայլերի միջոցով: Պետք է վերջ տալ այս դեմագոգիային եւ կոնկրետ քայլեր անել, ակնհայտ է, թե ինչ քայլեր՝ ազատել քաղբանտարկյալներին, պատասխանատվության ենթարկել մարտի 1-ի սպանդի մեղավորներին, իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ եւ այդ պայքարը սկսել ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից: Տարրական կարգ ու կանոն հաստատել երկրում, վերջ տալ կամայականություններին եւ անպատժելիությանը: Այս ամենը, բնականաբար, կնպաստի իրավիճակի առողջացմանը: