Կանանց շրջանում անցկացված՝ «Ի՞նչն է ձեզ ամենաշատն անհանգստացնում» հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 62%-ին անհանգստացնում է ցելյուլիտի հնարավոր առաջացումը:
Պարզելու համար՝ սպառնո՞ւմ է ձեզ ցելյուլիտը, թե՝ ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը եւ սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղեւի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է: Ի՞նչ է ցելյուլիտը: Այն կանանց բնորոշ խրոնիկ ախտահարում է, որը հանգեցնում է ենթամաշկային ճարպային հանգույցների փոփոխությունների: Ցելյուլիտն այսօր մեծ սպառնալիք է կանանց համար, ընդ որում՝ ոչ մի կին ապահովագրված չէ այս հիվանդությունից: Ըստ բժիշկների՝ այս հիվանդությունը եւ նրա հետ կապված բոլոր խնդիրներն արդիական են դարձել հատկապես վերջին 30 տարիների ընթացքում: Ցելյուլիտը հիմնականում ի հայտ է գալիս 35-40 տարեկան կանանց շրջանում, սակայն այն սկսել է ավելի հաճախ հայտնաբերվել նաեւ երիտասարդ աղջիկների մոտ: Պետք է գիտակցել, որ ցելյուլիտը ոչ միայն մաշկի գեղագիտական դեֆեկտ է, այլեւ այս կամ այն ներքին օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիոնալ խանգարման հետեւանք: Նախնական շրջանում այն կարող է հանգեցնել միայն շարակցական ու ճարպային հյուսվածքի աննշան փոփոխությունների, որոնք, սակայն, զարգանալով՝ վերածվում են ավելի բարդ խնդիրների:
Գովազդները, որոնք խոստանում են բուժել ցելյուլիտը մի քանի պրոցեդուրայի միջոցով, պարզապես խաբեություն են: Սա ցելյուլիտն ուսումնասիրող մասնագետների տեսակետն Է: Ցելյուլիտի դեմ կարելի է պայքարել միայն մշտական կոմպլեքս խնամքով եւ ճիշտ կենսակերպով: Ըստ մասնագետների, օրինակ, մարմնամարզությունը նպաստում է մկանային գործունեության ակտիվացմանը, նյութափոխանակության բարելավմանը, հետեւաբար՝ նաեւ ցելյուլիտի կանխարգելմանը: Ցելյուլիտի բուժման համար կարեւոր նշանակություն ունեն ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաները, մեզաթերապիան, մերսումները, որոնց շնորհիվ բարելավվում է արյան տեղային շրջանառությունը՝ նպաստելով ցելյուլիտի բուժմանը:
Նորագույն միջոցներից է էլեկտրոլիպոլիզը (մաշկի մեջ մտցված երկար ասեղների միջոցով թույլ հոսանք է արձակվում, որոնք էլ «կործանում են» ճարպային հանգույցները): Ցելյուլիտի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է կերակրի մեջ սահմանափակել ճարպի քանակությունը, ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, խուսափել գազային հեղուկներից, ալկոհոլային խմիչքներից, պահածոյացված ու ապխտած սննդամթերքից: Ինչ վերաբերում է ցելյուլիտի առաջացմանը, ապա, ըստ ankax.com-ի՝ ամենատարածված գործոններն են սխալ սնունդը, հատկապես՝ ճարպերի, ապխտած սննդամթերքի, աղի չարաշահումը, վնասակար սովորությունները, հիմնականում՝ ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահումը, անբարենպաստ միջավայրը, խիստ ցուրտը, մագնիսական դաշտը: Ինչպես նաեւ քաշի հաճախակի տատանումները, հորմոնալ խանգարումները, սթրեսները, վիտամինային եւ նյութափոխանակության խանգարումները, ժառանգական նախատրամադրվածությունը եւ ամենակարեւորը՝ առանց սպորտի, պասիվ կենսակերպը, ինչը շատ բնորոշ է հայ կանանց: