Իտալացի գիտնականները պարզել են, որ արյան մեջ խոլեստերինի, ինչպես նաեւ ճարպերի (լիպիդների) բարձր մակարդակը՝ հիպերլիպիդեմիան, զգալիորեն մեծացնում է կանանց սեռական ֆունկցիաների խանգարման հավանականությունը:
Հիպերլիպիդեմիան հանդիսանում է աթերոսկլերոզի առաջացման հիմնական պատճառը, քանզի զարկերակների պատերին առաջացնելով ճարպային կուտակումներ՝ խոչընդոտում են անոթների բնականոն աշխատանքը: Այս գործընթացն ընկած է սրտի իշեմիկ հիվանդության, իշեմիկ կաթվածների եւ այլ հիվանդությունների հիմքում: Տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի՝ իմպոտենցիայի առաջացման պատճառներից մեկը եւս հանդիսանում է հիպերլիպիդեմիան, քանի որ անոթների աթերոսկլերոզը նվազեցնում է արյան հոսքը:
Հայտնի է, որ կանանց սեռական ֆունկցիան նույնպես կախված է արյան բավարար հոսքից: Պարզվել է, որ արյան մեջ լիպիդների բարձր մակարդակ ունեցող կանանց մոտ ավելի հաճախ են նկատվում սեքսուալ խանգարումներ: doctors.am-ը նշում է՝ հետազոտված կանանց 32%-ի մոտ առկա է սեռական սառնություն, որը հայտնի է նաեւ ֆրիգիդություն անվամբ: Այնինչ, լիպիդների նորմալ մակարդակ ունեցող կանանց միայն 9%-ի ունի այդպիսի սեռական խանգարում:
Հետազոտությունների հիման վրա գիտնականները կարծում են, որ սեռական սառնությամբ տառապող կանանց կարող են օգնել այնպիսի դեղամիջոցները, որոնք նվազեցնում են խոլեստերինի սինթեզը: Սակայն համոզված լինելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ: