Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մինչդպրոցական տարիքի աղջիկների գրեթե կեսը անհանգստացած է իր կազմվածքով: Նույնիսկ եթե նրանք ինչ-որ ֆիլմ կամ մուլտֆիլմ են դիտում, որի գլխավոր հերոսուհին, մեղմ ասած, բարեկազմ չէ, դա նրանց չի սփոփում:
Ինչպես ցույց են տվել նախկին հետազոտությունները, փոքր տարիքում իրենց կազմվածքով մտահոգվող աղջիկները հետագայում ավելի շատ են հակված սննդային խանգարումների, ինչպես, օրինակ, անորեքսիան է:
Հետազոտությանը մասնակցել է 3-6 տարեկան 121 աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը փորձարկման ընթացքում շփվում էր փորձարկումը իրականացնող համալսարանի աշխատակցուհու հետ, ով, այլ հարցերից բացի, պարզում էր, թե ինչպես են աղջիկները ընկալում իրենց արտաքինը:
Մասնակիցների 31%-ը խոստովանել էր, որ գրեթե ամեն րոպե իրենք վախենում են գիրանալուց, իսկ 18%-ը միայն երբեմն էր մտածում այդ մասին: Մասնակիցների մի խումբը դիտել էր այնպիսի ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, որտեղ անընդմեջ գովերգում էին գլխավոր հերոսուհու գեղեցկությունը, իսկ մյուս խումբն էլ այնպիսի ֆիլմեր, որտեղ գեղեցկությունն առաջնային չէր: Պարզվեց, որ անկախ այն բանից, թե ինչ ֆիլմեր ու մուլտֆիլմեր էին դիտել աղջիկները, նրանք հայելու առաջ վատնում էին միեւնույն ժամանակը գեղեցկանալու համար:
Այնուամենայնիվ, հետազոտողները համարում են, որ ֆիլմերն ու մուլտֆիլմերը, ինչպես նաեւ ընտանիքի անդամների կշտամբանքները մեծապես նպաստում են գիրանալու վախի առաջացմանը: Դրա համար ցանկալի է, որ ծնողները քիչ կշտամբեն իրենց երեխաներին եւ բացատրեն, որ կինոնկարների հերոսուհիներն իրական չեն: