Ինչ էլ որ նա արած լինի
«Եթե երեխան որեւէ վատ բան է արել, ասեն՝ «սաղ քո ցեղն է, էլի», կամ «դու ինչ էիր հասկանում, որ հիմա հասկանաս», կամ «բոլորդ վեր կացեք այդ բազմոցից, այդտեղ պիտի կինս նստի, հազիվ էլ տեղավորվի»… Թվում է, թե սրանք կատակներ են, սակայն, երբ կինն այս արտահայտությունները լսում է օրական հարյուր անգամ, դժվար թե այն կատակ լինի։ Դա հոգեբանական բռնություն է։ Այսպիսի պայմաններում ապրող կանայք, որոնք գուցե մի քիչ գեր են՝ նիհարելու համար սկսում են իրենց տանջել, կարծելով, թե ամուսնուն կգոհացնեն։ Իմ կարծիքով, հայկական ընտանիքների 99%-ում հոգեբանական բռնություններն առկա են»,- այսպես սկսեց «Առավոտի» հետ զրույցը կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարող «Կանանց ռեսուրսների կենտրոնում» իրականացվող ծրագրերի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանը։ Նրա խոսքերով, չնայած իրենք կոնկրետ ուսումնասիրություններ չունեն, սակայն հստակ կարող են ասել, որ հայ բռնարար տղամարդկանց հատուկ է իրենց կանանց ծեծելը եւ հոգեբանական բռնության ենթարկելը. «Չեմ կարող ասել, թե այս երկու դեպքերից որ մեկն է ավելի տարածված։ Կարծում եմ, ե՛ւ կանանց ծեծելը, ե՛ւ հոգեբանական բռնության ենթարկելու փաստը մեզանում իրար հավասար են»։
Մեր զրուցակիցն այսպիսի եզրակացության է եկել իրենց կենտրոն հաճախակի զանգող՝ բռնության ենթարկված կանանց հետ զրուցելուց հետո։ «Մեզ ավելի շուտ զանգում են խորհրդատվության համար։ Հարցնում, թե տվյալ իրավիճակում ինչ կարող են անել։ Բայց մեզանում դեռեւս ձեւավորված չէ այն մշակույթը, որ կանայք համարձակվեն խոսել իրենց հետ կատարվածի մասին։ Շատ քիչ է պատահում, որ մեզ զանգեն այնպիսի կանայք, որոնք ասեն, որ հենց իրենք են բռնության ենթարկվել եւ ցանկանում են խոսել, բարձրաձայնել դրա մասին։ Հիմնականում զանգում են կոնկրետ հարցերով, օրինակ, թե ինչո՞վ կարող ենք մենք իրենց օգնել, եթե իրենք պարբերաբար ծեծի կամ այլ տիպի բռնությունների են ենթարկվում։ Դժվարանում եմ ասել, թե ինչ են սպասում, ակնկալում մեզնից, երեւի այն, որ մենք պետք է գնանք եւ խառնվենք իրենց ընտանեկան հարցերին, հարթենք տվյալ իրավիճակը, սակայն մենք նրանց ասում ենք, որ հենց իրենք պետք է որոշում կայացնեն, օրինակ՝ ամուսնալուծվե՞լ, թե՞ ոչ։ Մեր նման պատասխանից հետո շատերը պարզապես լսում են ու շնորհակալություն հայտնում։ Այսինքն՝ իրականում նրանք պատրաստ չեն ամուսնալուծվելու։ Իսկ այն կանայք, որոնք արդեն հստակ որոշել են, որ ամուսնալուծվելու են, զանգում են մեզ եւ հարցնում՝ այդ դեպքում ի՞նչ կլինի իրենց երեխաների հետ, ալիմենտի, բնակարանի հետ կապված հարցեր են տալիս…»,- նշեց Տ. Աղաբեկյանը։
Հանրության մեջ տարածված կարծիքին՝ գուցե ամուսինների կողմից բռնության ենթարկված կանանցից ոմանք մեղավոր են եղել, կամ հրահրել են ամուսնուն, որ իրենց ծեծի՝ նա պատասխանեց. «Նախ ընդհանրապես նման բան գոյություն չունի, որ ինչ-որ մեկն արժանի լինի բռնության՝ ինչ էլ ուզում է տվյալ կինը ասած կամ արած լինի: Նույնիսկ եթե մեր ազգի համար անընդունելի դավաճանություն տեղի ունենա, այսինքն՝ տղամարդը իր կնոջը տեսնի այլ տղամարդու հետ սեռական հարաբերությունների պրոցեսում, այդ դեպքում էլ նա իրավունք չունի կնոջը խփել կամ այլ կոպիտ բան անել։ Ամենաշատը պետք է թողնի եւ հեռանա»։
«Կանանց ռեսուրսների կենտրոն» շատ են զանգում նաեւ արդեն երկար տարիներ պարբերաբար բռնության ենթարկվող կանայք։ Ըստ Տ. Աղաբեկյանի, այս կանայք զանգում են իմանալու, թե ինչպե՞ս կդասավորվի իրենց կյանքը, եթե, ի վերջո, հեռանան ամուսիններից. «Լինում է, որ զանգում են եւ ասում, որ շատ փոքր բանից, որի մասին անգամ չեն էլ հիշում, ամուսինը բորբոքվել եւ ծեծի է ենթարկել իրենց։ Եղել է նաեւ այսպիսի դեպք. կինը ամուսնուց արդեն հեռացել էր, ապրել առանձին ու ինչ-որ հարցով գնացել ամուսնու տուն։ Այդ այցելության արդյունքում նրան սկեսուրի գլխավորությամբ ծեծել էին։ Դժվար է ասել, թե ինչի հետեւանքով է առաջացել այդ կնոջ ծեծը։ Բայց շատ հավանական է, որ ոչինչ էլ նախորդած չլինի բռնությանը։ Լինում է նաեւ, որ մեզ ասում են, թե ամուսնու խմելուց հետո է բռնություն տեղի ունենում, այսինքն, երբ ամուսինը ալկոհոլ է օգտագործում՝ ծեծում է, իսկ երբ խմած չի լինում՝ շատ լավն է։ Նույնիսկ եղել է դեպք, որ զանգել եւ խնդրել են մեզ, որ իրենց սովորեցնենք հոգեբանական որեւէ հնարք, որի շնորհիվ կարողանան այնպես անել, որ ամուսինն այլեւս չծեծի։ Մենք այդ կնոջը բացատրեցինք, որ եթե նրա ամուսինը հասկանում է, որ վատ բան է անում, ուրեմն ինքը պետք է դիմի հոգեբանի օգնությանը։ Իրականում շատ դժվար է կանանց համար ընտանեկան բռնությունից հետո ամեն ինչ թողնել եւ հեռանալ։ Շատ կանայք էլ մտածում են, որ մեկ անգամ եղավ, այլեւս չի կրկնվի ու չարժե մեկ անգամվա ծեծից կամ ապտակից հետո բաժանվել։ Սակայն կան կանայք, որոնք նույնիսկ տասը անգամ ծեծվելուց հետո էլ շարունակում են այդպես մտածել։ Նրանք կարծում են, որ ամուսինը կփոխվի, որովհետեւ շատ դեպքերում այդ ամուսինները բռնությունից մի քանի ժամ հետո փոխվում են ու իրենց դրսեւորում իդեալական ամուսնու պես։ Ճիշտ է, չի բացառվում, որ ծեծից մեկ տարի հետո ծեծող ամուսինն իրեն իդեալական պահի, սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե մեկ անգամ բռնություն է լինում, ապա այն կրկնվում է»։