Լրահոս
Օրվա լրահոսը

Պտտաձողերն ու զուգափայտերը կերե՞լ են

Դեկտեմբեր 15,2009 00:00

\"\"«Առավոտը» նոյեմբերի 9-ի համարում տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լոռու մարզում մեկնարկող «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի մասին: Ծրագիրը ներկայացրեց եւ դրա առանձնահատկությունն ու կարեւորությունը հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներին պարզաբանեց «Ֆուտբոլ» գրքի հեղինակ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամսոն Հակոբյանը: «Այսօր սարսափելի վիրավորական է, որ դպրոցներում ֆիզկուլտուրան դասավանդում եւ առողջ ապրելակերպ են սերմանում ոչ մասնագետները՝ կենսաբանը, իրավագետը, նույնիսկ… երգեցողության ուսուցիչը, տնօրենի խնամի-բարեկամները: Այսօր քանի՞ դպրոցի տարրական դասարաններում է առարկան դասավանդում մասնագետ ուսուցիչը՝ ոչ մի, կամ, լավագույն դեպքում, 1-2-ում»,- ցավով նկատեց նա:
Դպրոցներում մարզական խմբակների բացակայությունն էլ մտահոգող է: Զինակոչիկների մեջ մեծ թվով վատառողջ տղաներ կան, ինչը նույնպես, ըստ Սամսոն Հակոբյանի, դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի հավուր պատշաճի չդասավանդման հետեւանք է: Խորհրդային տարիներին բոլոր դպրոցները կանոնավորապես ստանում էին անհրաժեշտ մարզագույք: Այժմ պետությունը դա չի անում: Հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական բազան հիմնականում վատ վիճակում է: «Ի՞նչ եղան պտտաձողերը, զուգափայտերը… դրանք երկաթից էին, երկաթը թող ժանգոտի, բայց թող լինի: Կերա՞ն, ի՞նչ եղավ»,- ակնարկելով, հավանաբար, իրենց դպրոցի տնօրինությանը՝ արձագանքեց կողքիս նստած ֆիզկուլտուրայի ուսուցիչներից մեկը: Արդի վիճակը «անտնտեսվարության հետեւանք» համարելով՝ Սամսոն Հակոբյանը կարեւորեց այս գործում մոնիտորինգի անցկացումը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից այս նպատակով ստեղծվել է շուրջ 150 մոնիտորինգի խումբ:
«Այս ծրագրի վրա ֆուտբոլի ֆեդերացիան ծախսել է 200 միլիոն դրամ, կրթության եւ գիտության նախարարությունը զանգել եւ տեղեկացրել է դպրոցներին, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ուղղակի մեր «դամքաշն» է եղել. ոչ նյութական, ոչ բարոյական աջակցություն չենք ստացել»,- ասաց Սամսոն Հակոբյանը: Ծրագիրը Լոռիում ավարտվում է դեկտեմբերի 23-ին:
Մեզ հետ զրույցում Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վազգեն Քոչինյանն ասաց, որ հունվարից հանրակրթական դպրոցներում, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանի համաձայն մեկնարկող ֆուտբոլի դասընթացն արդյունավետ կլինի, կբարձրացնի երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը՝ նպաստելով բարոյակամային մթնոլորտի ձեւավորմանը նրանց շրջանում: Ուսուցիչը ասաց նաեւ, որ այս ծրագրի շրջանակներում դպրոցին հատկացվող գույքի կարիքը իրենք զգում են եւ հույս հայտնեց, որ աջակցությունը շարունակական բնույթ կկրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել