Մինչեւ 52,2 կգ քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը պաշտպանեց WBC-ի իր գոտին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մեքսիկացի Թոմաս Ռոհասին:
Սա Վիկի 33-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, իսկ մեքսիկացին՝ նրա 27-րդ մրցակիցը, որը ռինգի հատակին տապալվեց մինչեւ եզրափակիչ գոնգը հնչելը: Վախթանգի տարած նոկաուտով հաղթանակները սովորական են նրա բազմահազար երկրպագուների համար: Սակայն այս մեկն առանձնանում է մյուսներից եւ յուրահատուկ նշանակություն ունի: Դեկտեմբերի 12-ը երկար կմնա յուրաքանչյուրիս հիշողության մեջ: Այդ օրը Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակը տոնեց՝ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո եւ այս անգամ, ի նշան այդ հաղթանակի, ռինգում ծածանվում էր միայն մեր եռագույնը:
Մարտից առաջ Ռոհասը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հարգանքով էր արտահայտվում Վախթանգի մասին, սակայն վստահեցնում էր, որ խլելու է գոտիները: Ի պատասխան, Վախթանգը նույնպես իր արտահայտությունների մեջ զուսպ էր: Նաեւ մրցակցին ու նրա թիմին զգուշացնում էր, որ երազել կարելի է, սակայն նրանք ի վիճակի չեն լինի երազանքն իրականության վերածել: Ավելին, նա խոստանում էր, որ երբ Ռոհասն զգա իր հարվածների հզորությունը, անմիջապես կգիտակցի, որ սխալ է գործել: Ու Վիկ Դարչինյանը կատարեց իր խոստումը, այն էլ՝ արդեն երկրորդ ռաունդում՝ առաջին իսկ դիպուկ, կարճ, բայց հուժկու հարվածով:
Մարտից հետո մեկնաբանելով իր հաղթանակը՝ Վիկը լրատվամիջոցներին ասել է, թե նոկաուտը ընդամենը ժամանակի խնդիր էր: «Ուժի առումով կարեւոր չէ, թե 115 ֆո՞ւնտ քաշում ես մենամարտում, թե՞ 118, որովհետեւ տարբերությունը նվազագույն է: Հաղթանակի բանալին նախապատրաստության ընթացքի եւ համբերատարության մեջ է: Ես այս մարտում համբերատար էի, սպասում էի եւ հասա վճռական հարվածի պահին: Ռոհասը հարվածներ էր հասցնում, սակայն դրանց ես պատասխանում էի ավելի ու ավելի ուժեղ: Այնպես որ, մարտի այս ելքը միայն ժամանակի խնդիր էր»,-եզրափակել է Վիկը:
Հիմա Վախթանգի առաջնային նպատակը WBA-ի չեմպիոն Նոնիտո Դոների հետ ռեւանշ մենամարտ կազմակերպելն է, որին նա պարտվեց 2007 թվականին: Լրատվամիջոցներն արդեն տեղեկացնում են, որ մեքսիկացին վերջապես տվել է նախնական համաձայնությունը: Ըստ շրջանառվող լուրերի, Դոները հայտարարել է. «Ես հույս ունեմ, որ Վախթանգն ինձ հետ կրկին ռինգ մտնելու համարձակություն կունենա: Նա ինձ անդադար հրավիրում է: Եթե այդ մարտը կազմակերպել հաջողվի, հիանալի կլինի: Ես պատրաստ եմ»: