Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՆ ՄԱՔԼԱՖԼԻՆԸ ԿՆՎԱԳԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 15,2009 00:00

2010 թ. ապրիլի 28-ին Երեւանում տեղի կունենա լեգենդար անգլիացի ջազ-ֆյուժն կիթառահար Ջոն ՄաքԼաֆլինի եւ «The 4th Dimension» խմբի համերգը, տեղեկանում ենք համերգի կազմակերպիչների ուղարկած հաղորդագրությունից: Միջոցառումը, որ կազմակերպում է Vibrographus ընկերությունը, տեղի է ունենալու «Համաշխարհային երաժշտության փառատոնի» շրջանակներում: Ջոն ՄաքԼաֆլինը բոլոր ժամանակների ամենահայտնի կիթառահարներից է, ջազ-ռոքի հիմնադիրներից մեկը: Նա առավելապես հայտնի է իր կատարումներով, որոնք ձայնագրել է Մայլզ Դեւիսի «In a Silent Way» եւ «Bitches Brew» ալբոմներում: Նա հանդիսանում է «The Mahavishnu Orchestra» խմբի եւ world music ժանրի առաջնեկ` «Shakti» նախագծի հիմնադիրներից մեկը: ՄաքԼաֆլինը 70-ականների ջազ-ռոքի ամենահայտնի աստղերից է: Նա նաեւ լեգենդար ակուստիկ տրիոյի անդամներից մեկն է, ուր նվագել է Ալ դի Մեոլայի եւ Պակո դե Լուսիայի հետ:
2009-ի նոյեմբերին ՄաքԼաֆլինը եւ «The 4th Dimension» խումբը ձայնագրեցին ալբոմ, որը լույս կտեսնի 2010-ին եւ կազդարարի նրանց եվրոպական շրջագայության սկիզբը: «Համաշխարհային երաժշտության փառատոնը» անցկացվելու է 2010 թ. ամբողջ ընթացքում: Փառատոնին մասնակցության վերաբերյալ տարվում են բանակցություններ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են «Jethro Tull» խմբի մենակատար Յան Անդերսոնը, կիթառահար, գնչուական ջազի լավագույն կատարող Անջելո Դեբառը եւ այլք: Փառատոնի կազմակերպիչն է «Vibrographus» ընկերությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել