Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները՝ Հայաստանում

Դեկտեմբեր 15,2009 00:00

Դեկտեմբերի 11-13-ը Աղվերանում կայացավ «ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար, որին ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵԱՀԿ փոխդեսպան Կարոլ Հոֆստրան: Նա ողջունեց նման միջոցառումների անցկացումը եւ հույս հայտնեց, որ սեմինարին ավելի հետաքրքիր ու բազմազան կարծիքներ կլսի, քան, ասենք, դատախազի եւ արդարադատության նախարարի մասնակցությամբ օրեր առաջ կայացած միջոցառմանը, որտեղ, փոխդեսպանի խոսքով, միակողմանի տեղեկատվության է հաղորդակից եղել: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի զարգացման միջազգային տենդենցները: Նրա խոսքով, օրինակ՝ Վրաստանում երրորդ անգամ է ստեղծվում Լրատվամիջոցների խորհուրդ, որի շրջանակում ստորագրված խարտիային միացել են ոչ թե լրատվամիջոցները, այլ անհատ լրագրողները: Ընդ որում, վրացական իշխանամետ լրագրողները զերծ են մնացել այդ քայլից: Իսկ, այ, օրինակ, Բելգիայի մամուլի խորհուրդը, ըստ ԵՄԱ նախագահի, Եվրոպայում ամենազարգացածներից է: Հայաստանում լրագրողական էթիկայի հրատապ խնդիրներին, ԶԼՄ ինքնակարգավորման մարմնի կանոնակարգին, դրա ընդունմանն ու համաձայնեցմանը Վարքականոնի հետ՝ անդրադարձան Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, իսկ ԵՄԱ փորձագետ Հերիքնազ Հարությունյանը խոսեց Երեխաների իրավունքների պաշտպանութան մասին՝ լրագրողական էթիկայի շրջանակներում:
ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների մասին հանրության տեղեկացվածության ընդլայնման մասին զեկույցով հանդես եկավ «Ինտերնյուսի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Նրա համոզմամբ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմինը կարող է աշխատել, եթե լայն հանրությունն իմանա նրա մասին  եւ տեղյակ լինի, թե ինչպես կարելի է համապատասխան մեխանիզմներն օգտագործել: Ըստ նրա, մինչեւ հիմա անտեսված է եղել Դիտորդ մարմնի հետ կապված տեղեկատվության տարածման հարցը: Սեմինարի ընթացքում, ի թիվս այլ հարցերի,  անդրադարձ եղավ նաեւ Դիտորդ մարմնի անդամների հերթագայության սկզբունքներին:
Չմոռանանք նշել, որ սեմինարին հատկապես բուռն բանավեճեր եղան ինտերնետային հրապարակումների դեմ բողոքների եւ ինտերնետի ինքնակարգավորման խնդրի շուրջ քննարկումների ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել