Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության լուսանկարիչը

Դեկտեմբեր 15,2009 00:00

\"\"Կայացավ Արմեն Իսկանդարյանի «Հայաստան. բնության սիմֆոնիա» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

«Բնապատկերներով հայկական լուսանկարչական արվեստը չի փայլում, մեզ մոտ Հայաստանը բնապատկերող լուսանկարիչները չափազանց քիչ են»,- ասում է լուսանկարիչ, մասնագիտությամբ ծրագրավորող, «Դինո Սիսթեմզ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Իսկանդարյանը: Օրերս Նկարիչների միության ցուցասրահում կայացավ նրա անհատական ցուցահանդեսը (դեկտեմբերի 11-17-ը)՝ «Հայաստան՝ բնության սիմֆոնիա» խորագրով:
«Երբ այցելեցի Google ինտերնետային կայք եւ այնտեղ փորձեցի գտնել հայկական բնապատկերներով լուսանկարներ, մի տեսակ վատ զգացի, որ հայկական հիասքանչ բնությունը ինտերնետում իր տեղը չի գտել: Մեծ խանդ առաջացավ մեջս, որ տարբեր երկրների բնությունը մեծ շուքով ներկայացված էր, մերը՝ ոչ: Այդ հարցը շտկելու համար մեկընդմիշտ որոշեցի, որ ինտերնետային սարդոստայնը (կամ Ինտերնետը) պետք է լեցուն լինի հայկական բնապատկերներով»,- ասում է Ա. Իսկանդարյանը:
«Երեք տարի առաջ երեխաներիս նկարելու համար գնեցի լուսանկարչական ապարատ: Ավելի ուշ ձեռք բերեցի պրոֆեսիոնալ տեխնիկա եւ տարվեցի բնապատկերներով: Լուսանկարչական կրթություն չեմ ստացել, ամեն ինչ սովորել եմ համապատասխան գրականության միջոցով, հիմնվելով համաշխարհային վարպետների փորձի վրա»,- պատմում է Արմենը:
Ցուցահանդեսի մասին էլ նշում է. «Հավաքածուս բաղկացած է Հայաստանի տարբեր մարզերում արված լուսանկարներից: Ունեմ նաեւ այլ լուսանկարներ՝  ճարտարապետական կոթողների, եկեղեցիների պատկերներ, բայց կոնկրետ այս ցուցահանդեսս նվիրել եմ բնությանը: Ի դեպ, եկեղեցիներ նկարելիս դրանք  ներկայացնում եմ որպես բնության մի մասնիկ, այսինքն՝ ամեն ինչի մեջ էլ բնության մասնիկն եմ փնտրում: Ինձ համարում եմ բնության լուսանկարիչ:  Բնությունն ինձ համար ամենասիրելի թեման է՝ մաքուր, պարզ, արդար, առանց մարդու: Իմ նպատակն է հայրենի բնությունն այնպես ներկայացնել, որ Ամերիկայի, Ավստրալիայի բնապատկերների պես Հայաստանի նկարները դիտողի մոտ էլ հիացմունք հարուցեն ու ցանկություն՝ դրանք իրենց գեղեցկությամբ իրականում տեսնելու»: Ա. Իսկանդարյանը դժգոհում է հայերի՝ բնության նկատմամբ անտարբեր վերաբերմունքից. «Հայերը բնությանը մատների արանքով են նայում: Հաճախ լուսանկարներիս մի մասը մնում է իմ պահոցում. մեկ էլ տեսնում եմ, որ ֆոտոխցիկը այնքա՜ն աղբ է ֆիքսել շրջակայքում: Ցավով եմ նշում, որ Հայաստանում մաքուր բնություն դժվար է գտնել»:
Հայ լուսանկարիչների հայկական բնապատկերներ չնկարելու մասին ասում է. «Պատճառը հնարավորությունների բացակայությունն է. մեղադրելու չէ: Եթե համեմատես բնության թեման եւ գովազդային լուսանկարչությունը, վերջինը ավելի թանկ է գնահատվում: Ինչ-որ  ամսագրի շապիկ անելու համար լուսանկարիչը կարող է ավելի մեծ գումար ստանալ, քան բնապատկերի վաճառքից»: Լուսանկարչական արվեստում առկա խնդիրների մասով էլ Ա. Իսկանդարյանը նշեց. «Հայաստանում որակին այդքան մեծ դեր ու տեղ չեն տալիս: Լավ է, որ ունենք այս արվեստը, բայց այն չպետք է զիջի իր որակով այլ երկրներին: Օրինակ՝ ես օգտագործում եմ բարձրորակ թղթեր եւ ներկեր, ինչը թույլ է տալիս մինչեւ 100 տարի պահպանել լուսանկարի գույները, իսկ արխիվային պայմաններում նույնիսկ մինչեւ 200 տարի»:
Ա. Իսկանդարյանը համոզված է նաեւ, որ իր աշխատանքները կնպաստեն տուրիզմի զարգացմանը. «Հույս ունեմ՝ իմ լուսանկարները շատերի մեջ ցանկություն կառաջացնեն այցելել Հայաստան եւ սեփական աչքերով տեսնել այդ գեղեցկությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել