Մրցանակից մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ
Կիրակի օրը Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում կայացել է «Armenian music awards»-ի 10-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ Արթո Թունչբոյաջյանին մրցանակ է շնորհվել՝ «Արարատ» երգի համար: Քանի որ Արթոն այս օրերին Հայաստանում է՝ մի շարք բարեգործական ծրագրերում ներգրավված լինելու պատճառով, մրցանակը ԱՄՆ-ում ստացել է նրա որդին՝ Սեթոն:
Տարբեր տարիների «Armenian music awards»-ի հաղթողներից են եղել Շարլ Ազնավուրը, «System of a Down»-ը, Ջիվան Գասպարյանը եւ ուրիշներ: Հիշեցնենք, որ դեռեւս 2006թ. ապրիլի 7-ին, Արթո Թունչբոյաջյանի «Armenian Navy Band» համույթը Լոնդոնում բրիտանական BBC համաշխարհային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ քվեարկության արդյունքում 20 000 ձայների շնորհիվ World Music երաժշտական ուղղություններում ամենահանրահայտ կատարողն էր ճանաչվել: Այնպես որ, նրա Armenian Navy Band-ը լրացուցիչ ներկայացնելու կարիք չկա, նշենք միայն, որ ավանգարդ ֆոլք ոճում ստեղծագործող եւ կատարող Արթոն էլ «դրսում» հայտնի է իբրեւ միստր Avant-Garde Folk:
Ոչ միայն Արթոյի երգերն են ինքնատիպ, այլեւ տարբեր խնդիրների ու թեմաների շուրջ արտահայտած դատողությունները:
Երեկ երաժիշտը հյուրընկալվել էր Երիտասարդ առաջնորդների դպրոցում՝ խոսելու հայկական մշակույթի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին (վերջինի վերաբերյալ Արթոյի հարցազրույցը տես՝ «Առավոտ», 15.08.2009, «Վերնիսաժի անձնագիր ունեմ»): Իր հարցազրույցներում Արթոն միշտ ասում է, որ երազում է՝ հայերը միավորվեն հանուն հայության վաղվա օրվա, չտարանջատեն սփյուռքահային հայաստանցուց, իշխանություններն էլ ավելի շատ մտածեն ժողովրդի մասին:
Երաժշտի պրոդյուսեր Արտակ Գեւորգյանը «Առավոտին» փոխանցեց, որ պատահական չէ Արթոյի հյուրընկալվելը Երիտասարդ առաջնորդների դպրոցում, որովհետեւ այնտեղ հանդիպումներ են կայանում ճանաչված քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների հետ՝ սկսած ՀՀ վարչապետից. «Արթո Թունչբոյաջյանը, լինելով խարիզմատիկ լիդեր մշակույթի ասպարեզում, իրենց հետաքրքրել է»: Մեր զրուցակիցը նաեւ փոխանցեց, որ հավանաբար հաջորդ ուսումնական տարում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվանտորիայում կբացվի ավանգարդ-ֆոլքի ամբիոն, ու ցանկացողները թեկուզ ֆակուլտատիվ պարապմունքի ձեւով ոճին կծանոթանան. «Արթոն, համենայնդեպս, խոստանում է այդ ոճի երաժիշտներ հրավիրել Հայաստան, որոնք վարպետության դասեր կանցկացնեն ուսանողների հետ, նաեւ Armenian Navy Band անձնակազմը այդ պարապմունքները կվարի»: