Կիրակի՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վրա կատարված հարձակման հեղինակը, պարզվում է, հոգեկան խանգարմամբ տառապող 42-ամյա միլանցի Մասիմո Տարտալյան է: Վերջինս նախորդ 10 տարիների ընթացքում հոգեկան խանգարումից բուժվում էր Միլանի հոգեբուժարանում: Նա նախկինում որեւէ խնդիր չի ունեցել իրավապահների հետ, չի մտնում որեւէ խմբավորման մեջ, հետեւաբար, այս հարձակումը քաղաքական ենթատեքստ դժվար թե ունենա:
Տարտալյան Բեռլուսկոնիի վրա է հարձակվել նրա ելույթից հետո՝ Միլան քաղաքի Տաճարի հրապարակում: Ինչպես հաղորդում են իտալական լրատվական գործակալությունները, վազելով՝ Բեռլուսկոնիին է մոտեցել մի տղամարդ եւ մի հարվածով ջարդել վերջինիս քիթն ու վնասել շրթունքը: Ավելի ուշ պարզվել է, որ Տարտալյան (երկրորդ նկարում) վարչապետին ոչ թե բռունցքով է հարվածել, այլ տաճարի փոքրիկ մանրաքանդակով: Հարվածի արդյունքում Բեռլուսկոնին ընկել է՝ որոշ ժամանակով կորցնելով գիտակցությունը: Նրան տարել են դեպի մեքենա, սակայն քիչ անց վարչապետը դուրս է եկել մեքենայից, որպեսզի անհանգստացած ժողովրդին հայտնի, որ ինքը նորմալ վիճակում է: Հիվանդանոցում, ուր տեղափոխել են Բեռլուսկոնիին, պարզվել է, որ նրա մի ատամը կոտրված է, եւս մի քանիսը՝ վնասված: