Լրահոս
Օրվա լրահոսը

Կատալոնյան անջատողականները հանրաքվե արեցին

Դեկտեմբեր 15,2009 00:00

Կատալոնիայի՝ Իսպանիայից առանձնանալու եւ անկախանալու օգտին հանդես եկող ակտիվիստները սեփական հանրաքվե են անցկացրել, որի արդյունքում հարցվածների մեծ մասը Իսպանիայից անջատվելու օգտին է քվեարկել:
Այդ մասին է հաղորդում The Daily Telegraph ընկերությունը: Հարցը, որին պետք է պատասխանեին կատալոնցիները, այսպես էր ձեւակերպված. «Ցանկանո՞ւմ եք արդյոք տեսնել Կատալոնիան՝ որպես սոցիալական կողմնորոշմամբ, ժողովրդավարական, անկախ հանրապետություն՝ Եվրամիության կազմում»: Ըստ հարցման կազմակերպիչների, հարցվողների 94%-ն այս հարցին պատասխանել է «այո»:
Սակայն այդ տարածաշրջանի 7մլն բնակիչների միայն 30%-ն է մասնակցել այդ հետազոտությանը: Ինչպես կարծում են քաղաքագետները, շատ կատալոնցիներ, որոնք չեն ողջունում անջատողականների գաղափարները, ուղղակի հրաժարվել են լրացնել հարցաթերթիկները: Հանրաքվեն պաշտոնական բնույթ չէր կրում, այն անցկացվում էր Կատալոնիայի անկախության կողմ հանդես եկող կազմակերպության տեղական բջիջների կողմից՝ տարածաշրջանի 166 բնակավայրերում: Կազմակերպիչները մտադիր էին հանրաքվեին մասնակից դարձնել բնակչության ոչ պակաս, քան 40%-ին:
Իսպանական El Pais թերթը կարծիք է հայտնել, որ այդ հանրաքվեի արդյունքները ոչինչ չեն նշանակում, եւ այդ «միջոցառումը» կազմակերպած «սեպարատիստները» միայն ժամանցի համար էին դա արել, եւ նրանց գաղափարները չկրող մարդիկ ուղղակի չէին մասնակցել դրան: Չնայած դրան, Կատալոնիայի անկախությանը կողմ քվեարկածների մեջ էին նաեւ շատ ազդեցիկ մարդիկ, օրինակ՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Խուան Լապորտան:
Անջատողականները գտնում են, որ տնտեսական առումով Կատալոնիան՝ Իսպանիայի ամենահարուստ տարածաշրջանը, պետությանն ավելի շատ տալիս է, քան ստանում, եւ արդյունքում կատալոնյան ազգը «մոտ է ոչնչացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել