«Առավոտի» ուրբաթ օրվա համարում տեղ էր գտել «Թիվ 11 դպրոցի ոդիսականը» հոդվածը, որում մի քանի ուսուցիչ բողոքում էին իրենց տնօրենից, տնօրենն էլ տալիս էր իր պարզաբանումները: Եվ, ինչպես սովորաբար է լինում, նույն օրը հայտնվեց ուսուցիչների մեկ այլ խումբ, որը «վառվում էր» իրենց տնօրենին պաշտպանելու ցանկությամբ: Նրանց պատասխան նամակը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց որեւէ խմբագրական միջամտության: Միայն ուզում ենք հիշեցնել, որ այս նամակը ձեւակերպել են ուսուցիչներ, մարդիկ, ովքեր կոչված են գրագիտություն սովորեցնելու մեր երեխաներին:
«Հարգարժան Ա. Աբրահամյան, Ձեր թերթում 11.12.2009թ.-ին մեր դպրոցի մասին զետեղված նյութի մասին պատասխանում է դպրոցի արհեստակցական կազմակերպությունը: Հուսով ենք, որ կլինեք անաչառ եւ նյութը կտպագրեք:
Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական հանրակրթական դպրոցի հղումն է ընթերցողին. Ամպագոռգոռ բառարանային ճռճռան բառերով խոսել բարոյահոգեբանական մթնոլորտի մասին եւ մարդկանց գցել թյուրիմացության մեջ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը փորձում են խաթարել նյութի հեղինակները՝ Լ. Մարգարյանը եւ Մ. Իսպիրյանը:
Սիրելի ընթերցող, փաստ է, որ այսօր փոխվել է մեր ազգային նկարագիրը: Հեռացել ենք մեր արմատներից եւ նախկինում, որ մանկավարժը զբաղված էր միայն արարումով, ստեղծագործ աշխատանքով, այսօր թողել է իր հիմնական գործը՝ մանկավարժությունը, եւ դարձել է «գրող»: Եվ ինչ են գրում, ովքեր են գրում, այն մանկավարժները, որոնք չեն կարողանում աշխատել մեկ դասարանում, երեսուն աշակերտի հետ, որոնք կարծրատիպեր են, ծույլ են, դասից ուշացող եւ փախչող են, աշխատում են ոչ թե հանուն երեխայի, այլ հանուն իրենց:
Այս որակները իր մեջ կրող ուսուցիչը բնականաբար պիտի հարձակվի, որպեսզի պաշտպանվի: Մոտ 70 հոգանոց մանկավարժական կոլեկտիվը աշխատում է բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտում, զբաղված է իր լուրջ աշխատանքով: Մեկ տարի շարունակ փորձեցինք հասկանալ այս ընկերներին, որոնք տրամադրության տարբեր ելեւէջներով մեկ զգում էին, որ լավ բան չեն անում, մեկ՝ ոգեւորվում, որովհետեւ ինչպես իրենք էին արտահայտում՝ ունեն իրենց տեսուչն ու իրավաբանը, որոնց կողմից ուղղորդվում էին: Մարդիկ ունեին խորքային նպատակներ, եւ, ամենայն լրջությամբ, սովորական մահկանացուն չէր կարող այդքան հանդուրժող լինել, որքան մեր տնօրենը եւ կոլեկտիվը:
Մեր նպատակը մեկն էր՝ ամաչել աշակերտներից, կարողանալ որպես մանկավարժ նայել աշակերտներին եւ ծնողներին, ապրել եւ աշխատել արժանապատվորեն: Ինչպես կարելի է կորցնել մարդկային որակները եւ անձնական վառ երեւակայությամբ ստեղծել զավեշտալի պատմություն:
Նախկին համարում տպագրված հոդվածը զուտ զրպարտություն է: Մեկ տարի է՝ «տժվժիկի» պատմությունն են անում, որ արդեն ուսումնասիրվել է գրեթե բոլոր ատյաններում, եւ ստացել են լուրջ պատասխաններ: Չենք ուզում հավասարվել կամ իջնել բարեկրթության մակարդակից, բայց քանի որ իրենք չկարողացան վերանայել իրենց աշխատաոճն ու մոտեցումները եւ շարունակում են հոգու կուրացած աչքերով մեղք գործել մի ամբողջ մանկավարժական կոլեկտիվի եւ տնօրենի դեմ, եւ «սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում»: Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ Լ. Մարգարյանի եւ Մ. Իսպիրյանի կողմից ներկայացված «փաստերր» կեղծ են եւ մտացածին: Լավ կլիներ մանկավարժին ոչ վայել պահվածք ունեցող՝ աշակերտների ընտանիքներին անհանգստացնող, գործընկերներին վիրավորող, ահաբեկող Լ. Մարգարյանը եւ Մ. Իսպիրյանը, որոնք հարեւաններ են եւ ունեն նույն աշխատանքային ձեռագիրը, մտածեն, թե ինչպես են շարունակելու աշխատել նույն դպրոցում եւ նայել աշակերտների, ծնողների եւ գործընկերների աչքերին: Խառնաշփոթ ստեղծել, որպեսզի «պղտոր ջրում» ձուկ բռնեն: Կարծում ենք՝ յուրաքանչյուր մարդ կերազի աշխատել նման դպրոցում, նման տնօրենի հետ։ Կարող ենք բազմաթիվ փաստեր բերել, բայց քանի որ կոլեկտիվը դիմում է դատարան, հարկ չենք համարում ծանրաբեռնել Ձեր թերթը:
Լ. Մարգարյանի եւ Մ. Իսպիրյանի վարքագիծը վիրավորական է ոչ միայն մեր կոլեկտիվի, այլեւ հանրապետության իսկական մանկավարժի կերպարի դեմ:
Երեւանի Մ. Մելքոնյանի անվան հ11 հիմն. դպրոցի արհեստակցական կազմակերպություն»
Հ. Գ. Հոդվածին արձագանքեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի մասին նա պատմեց. «Ընտրությունների ժամանակ նա ամենամեծ կեղծարարն էր: 2008-ին նրա ղեկավարած դպրոցում տեղակայված ընտրատարածքում էր, որ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներին՝ հանձնաժողովի անդամներին, գողացել էին, եւ այդ կապակցությամբ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Զոյա Թադեւսյանն էին եկել այդ ընտրատարածք: Այդ կինն ամենամեծ պատրաստակամությունն է ցուցաբերում այդ գործերում: Դպրոցում ուսուցման որակի մասին տեղեկություն չունեմ, բայց որ տնօրենը ներկայանում է՝ որպես Սերժ Սարգսյանի ընկերուհի եւ այդ հանգամանքից օգտվելով անում ուզածը՝ փաստ է: 2009-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ է նա որոշ ընտրակեղծումների դիմել»: