Ողջիի դպրոցի նորընտիր տնօրեն-Շիրակի մարզպետ «մենամարտը» գնալով թեժանում է
Ողջիի դպրոցի ութ տարվա տնօրեն Գոհար Աբրահամյանն այս տարվա սեպտեմբերի 3-ին վերընտրվել է դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հրաժարվում է տնօրենի հետ պայմանագիր կնքել: Այս պատմությունը, որին «Առավոտն» անդրադարձել է դեկտեմբերի 10-ի՝ «Պարապուրդից մինչեւ տնօրենի ընտրություններ» հոդվածում, Ողջիի դպրոցի տնօրենը բացատրում է իր տակը փորելու, մարզպետին իր մասին սուտ ինֆորմացիա հրամցնելու հետ: Գոհար Աբրահամյանի ասելով՝ ինքը մինչեւ գյուղապետի ընտրությունները՝ 2008թ. հոկտեմբերը, ոչ մի խնդիր չուներ մարզպետի հետ, սակայն ընտրություններին իր ամուսինը՝ Վարդան Պետրոսյանը, «սխալվեց» ու թեկնածություն առաջադրեց, որի արդյունքում էլ ընկան իր հետեւից: «10 օրից ոչ շուտ, 15 օրից ոչ ուշ մարզպետը պարտավոր էր ինձ հետ պայմանագիր կնքել ու թույլատրեր անցնել աշխատանքի, մինչ այսօր ես ոչ մի պատասխան չեմ ստացել մարզպետից՝ ոչ բանավոր, ոչ գրավոր, պատճառներն ինձ անհայտ են: Գնում, օրերով մարզպետի ընդունարանում նստում եմ, բայց ինձ ընդունող չկա: Գործի հետ չառնչվող մարդկանցից լսել եմ, որ մարզպետը հայտարարել է, որ «Հանրակրթության մասին» օրենքը փոփոխվել է, 12.1 կետն է օրինակ բերում: Բայց ես գիտեմ, որ դա անհիմն պատճառաբանություն է, պարզապես չի ուզում՝ չի կնքում: Այդ կետը դեռեւս չկանոնակարգված է, այսինքն՝ տնօրենը մրցույթին մասնակցելու համար պետք է ԿԳՆ հավաստագիրն ունենա, բայց դեռեւս հայտնի չէ, թե հավաստագիրը ձեռք բերելու համար ի՞նչ պայմաններ, ի՞նչ քննություն, թեստային առաջադրանք է պետք հանձնել, դրանք դեռ հաստատված չեն: Մեր մրցույթը հայտարարված է եղել 2009թ.-ի հունիսի 4-ին, օգոստոսին ընդունված օրենքը չէր կարող հետադարձ ուժով ազդել հունիսին հայտարարված մրցույթի վրա»,- ասաց Գոհար Աբրահամյանը՝ հավելելով, որ մյուս մարզերում եւս մինչեւ սեպտեմբերի 23-ը մրցույթներ են անցկացվել, դրանք օրինական են ճանաչվել, ընտրված տնօրեններն էլ աշխատում են: Գոհար Աբրահամյանը, համոզված լինելով, որ իր պաշտոնի վրա աչք ունեցողները մարզպետի գլուխն ամեն շաբաթ «ցնդաբանություններով» են լցնում՝ Լիդա Նանյանին մեղադրում է առանց ճշգրտելու՝ իր դեմ լարվելու մեջ: «Առավոտը» տիկին Աբրահամյանից հետաքրքրվեց, թե իր դեմ «լարողների» մեջ կա՞ արդյոք Ողջիի գյուղապետ Սարգիս Ավագյանը: Մեր օրաթերթը բազմիցս անդրադարձել է Ողջիի սկանդալներին, գյուղապետ-դպրոցի տնօրեն կոնֆլիկտներին, նույնիսկ չորս տարի առաջ գյուղապետ Սարգիս Ավագյանը պաշտոնազուրկ փոխտնօրեններին ու աշխատանքից հեռացված որոշ ուսուցիչների մեր խմբագրություն էր ուղեկցել, որոնք տնօրեն Գոհար Աբրահամյանին մեղադրում էին իրենց հետ անօրինական կերպով վարվելու, անգամ մաթեմատիկայի ուսուցիչ Լիանա Վարդանյանին աշակերտների աչքի առջեւ ծեծելու մեջ: «Չեմ կարող ասել՝ գյուղապետն այդ ցանկում կա, թե ոչ, բացահայտ չի երեւում, բայց որ էս ամեն ինչը կապված է գյուղապետի ընտրությունների հետ, դա միանշանակ է: Մարզպետի մոտ մշտապես հերթագրվել ու ամեն ուրբաթ ընդունելության են արժանացել գյուղապետի կողմնակիցները՝ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ռուզան Մելքոնյանը, որի ամուսինը՝ Աշոտ Պողոսյանը, հենց հիմա դպրոցի տնօրենի պաշտոնակատար է աշխատում: Իրենք ստերով հասան իրենց նպատակին: Այդ կինն իր եղբոր, քրոջ, ազգականների հետ գնում է մարզպետարան՝ նրանց ներկայացնելով որպես բողոքավոր ուսուցիչներ, ծնողներ: Նրանք պետք է օգնեին, որ գյուղապետն ընտրվի, գյուղապետն էլ պիտի օգներ, որ իրենք դպրոցի պաշտոնակատար կամ տնօրեն աշխատեն: Ես կադրային ճիշտ քաղաքականություն եմ վարել, օրինակ՝ երգ-երաժշտության մասնագետը դասավանդել է ռուսաց լեզու, նրան կրճատել եմ, մասնագետ եմ հրավիրել, բայց երգ-երաժշտության մասնագետն ամեն ուրբաթ հերթագրվում է մարզպետի մոտ եւ բողոքում: Մաթեմատիկա դասավանդող սննդարդյունաբերության ինժեներ-մեխանիկին ազատել եմ, որովհետեւ երկու մաթեմատիկայի մասնագետ կար դպրոցում, նա եւս բողոքավոր է: Մարզպետն էլ լսում է նրանց, բայց ինձ հնարավորություն չի տալիս պարզաբանել»,- մանրամասնեց Գոհար Աբրահամյանը: Վերջինս չի հասկանում՝ եթե մրցույթն օրինական չէ, այդ դեպքում ինչո՞ւ էր մրցույթին մարզպետարանն իր աշխատակազմից երկու մասնագետ ուղարկել, ինչո՞ւ էր ժամանել ԿԳՆ-ի փորձագետը… Ըստ Գ. Աբրահամյանի՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր դրական եզրակացությունը ուղարկել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, վերջինս էլ հոկտեմբերի 29-ին հանձնարարական է ուղարկել մարզպետին, սակայն մարզպետն այնքան հզոր է, որ նախարարներին «բանի տեղ չի դնում»: Տիկին Աբրահամյանը երկմտում է՝ դիմե՞լ դատարան, թե՞ ոչ: Օրերս «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ Գ. Աբրահամյանին խորհուրդ է տվել չդիմել դատարան: Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ դատարանը «մարզպետի գրպանում է», եւ տիկին Նանյանը հենց այս քայլին է սպասում, որպեսզի օրինականացնի իր անօրեն գործողությունները:
Մենք մարզպետարանի կրթության վարչության կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանից հետաքրքրվեցինք, թե այսքան աղմուկից հետո ինչո՞ւ պայմանագիր չեն կնքում Գոհար Աբրահամյանի հետ, եւ եթե կա օրենքի խախտում, ապա ինչո՞ւ են ԿԳՆ-ից հայտարարում, թե նոր օրենքը Ողջիի վրա չի տարածվում: «ԿԳՆ-ն նշում է, որ մրցույթի անցկացումը եղել է ընթացակարգին համապատասխան, սակայն իրավաբանների հետ ինչքան մենք ուսումնասիրում ենք օրենքը, գտնում ենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի դրույթներով այդ մրցույթը չպիտի կայանար, այն պետք է կասեցներ գործող խորհուրդը: Տվյալ դեպքում ոչ խորհուրդը, ոչ էլ մարզպետը չեն կարող պայմանագիր կնքել Գոհար Աբրահամյանի հետ, որովհետեւ խորհուրդը կարող է պայմանագիր կնքել այն դեպքում, եթե կարգը ուժի մեջ է մտել, իսկ մարզպետը չի կնքելու, որովհետեւ պայմանագրի կնքումը կհակասի օրենքին, այսինքն՝ պետք է այս գործընթացը կասեցվեր, եւ նման խնդիրներ չէին առաջանա»,- ասաց պաշտոնյան, մեկ անգամ եւս շեշտելով, որ մարզպետը պայմանագիր չի կնքում՝ ելնելով «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ կետի պահանջներից: Այն սահմանում է, որ պետական ուսումնական հաստատության տնօրեն ընտրվում է ՀՀ կառավարության հաստատած մրցութային կարգով, իսկ 38-րդ հոդվածի 3-րդ կետը, որը անցումային դրույթների մասին է, սահմանում է, որ «սույն օրենքի 12 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա՝ մինչեւ օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը»: Փաստորեն, օրենքն այս դեպքի համար հստակեցված չէ: Մարզպետարանից մեզ նաեւ ներկայացրին բողոքների տրցակ՝ ուղղված Գոհար Աբրահամյանի դեմ, որտեղ մասնավորապես նշված էր, որ դպրոցի կառավարման խորհրդի կազմում նրա բարեկամներն են ընդգրկված, նույնիսկ ամուսինը, խորհրդի նախագահը նրա հորեղբոր աղջիկն է: Ըստ բողոքների՝ տնօրենը աշխատավարձի ցուցակում անծանոթ մարդկանց անուններ է ընդգրկել, նրա պատճառով 22 աշակերտ դպրոցից գնացել են մոտակա գյուղի՝ Հայկավանի դպրոց, գրքերի համար պահանջել է 8000 դրամ, երբ դասագրքերն իրականում 3500-5000 դրամ արժեն, անօրինական դրամահավաք է իրականացրել, դպրոց չհաճախած երեք աշակերտների՝ վերաքննությամբ փոխադրելու համար ծնողներից $100-ական է պահանջել եւ այլն: Ի դեպ, նրա թույլ տված խախտումների մասին ուսումնասիրություններ է կատարել ու գրավոր մարզպետին է ներկայացրել նաեւ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանը: Սակայն Գոհար Աբրահամյանն էլ իր հերթին այս բողոքները համարում է սարքովի եւ ասում, որ եթե դրանց մեջ գոնե մի փոքր ճշմարտություն լիներ, ինքը վաղուց «ճաղերի հետեւում կլիներ»: