ՀՀ քաղաքացիները տուբերկուլյոզով հիվանդանում են նաեւ արտագնա աշխատանքների պատճառով
Մինչ այժմ էլ ոչ ոք չգիտի բոլոր դարերում ամենատարածված հիվանդություններից մեկի՝ տուբերկուլյոզի ծագման ստույգ ժամանակաշրջանը: Թերեւս այն հին է այնքան, որքան առաջին մարդիկ: Օրինակ, եգիպտական տասը մումիաների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ապրել են Ք. ծ.ա. 27-րդ դարում եւ տասից չորսի մեջ հայտնաբերվել է ողնաշարային տուբերկուլյոզ: Հայտնի է նաեւ, որ Ք. ծ. ա. 18-րդ դարում ամուսիններին թույլատրվել է ամուսնալուծվել տուբերկուլյոզով հիվանդ կանանցից:
Քանի որ տուբերկուլյոզը սոցիալական հիվանդություն է՝ առաջանում է թերսնումից, կենցաղային ոչ բարվոք պայմաններից, ուստի զարմանալի չէ, որ այն Հայաստանում առավել տարածվեց 1988 թվականի երկրաշարժից հետո ու նաեւ պատերազմի ու շրջափակման հետեւանքով: Վիճակը հատկապես մտահոգիչ էր բանակում, ուր, բարեբախտաբար, վերջին հինգ տարիներին նվազման միտումներ կան: Այսօր ՀՀ զինված ուժերի զորամասերում բարելավված են սանիտարահիգիենիկ պայմաններն ու զինծառայողներն էլ վեց ամիսը մեկ պարտադիր ֆլյուրոգրաֆիկ հետազոտման են ենթարկվում: Բայց ողջ Հայաստանում խնդիրը դեռ սուր է. մեր երկրում տուբերկուլյոզով հիվանդների իրական թիվը երկու անգամ գերազանցում է հաշվառված եւ բուժօգնություն ստացող հիվանդների թվին:
1967 թվականին հիմնադրված Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր՝ բուժման են գալիս ոչ միայն Հայաստանի մարզերից, այլ նաեւ Ռուսաստան, Ուկրաինա, Միջին Աիսա, Արեւելյան Եվրոպա արտագնա աշխատանքի մեկնած շատ հայեր: Շատերը վարակված են լինում ոչ միայն տուբերկուլյոզով, նաեւ այլ հիվանդություններով, այդ թվում՝ ՁԻԱՀ-ով: «Դանակը ոսկորին հասնելուց» հետո միայն բժշկին դիմող հայերը հայրենիք բուժման են գալիս ծայրահեղ ծանր վիճակում: Նրանց ինքնաթիռից իջեցնում են պատգարակով, թթվածնի դիմակներով: Մեկից ավելի վարակների մեկտեղումը հանգեցնում է օրգանիզմի դիմադրողականության շատ արագ նվազման եւ արդյունքում՝ տուբերկուլյոզի անգամ ամենաթեթեւ ձեւը հանգեցնում է մահվան: 2008 թվականին Աբովյանի հակատուբերկուլյոզային հիվանդանոցում ՁԻԱՀ-տուբերկուլյոզ համատեղմամբ ընդունված 37 հիվանդներից 17-ը մահացել են:
Ամիսներ առաջ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում ընդունվեց տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, որի նպատակը դեղակայուն հիվանդների լիակատար բուժումն է: Հիվանդը դեղակայուն է դառնում սխալ բուժման, հիվանդության բարձիթողի վիճակի կամ տուբերկուլյոզի խորացման պատճառով: Այս դեպքերում օրգանիզմը ընտելանում է սովորական դեղամիջոցներին եւ չի բուժվում: Անհրաժեշտություն է առաջանում առավել ուժեղ այլ դեղեր օգտագործել:
Հենց տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում, դեղակայուն հիվանդների բուժման նպատակով, ամռանը նորոգվեց եւ կահավորվեց Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի 90 մահճակալով մի մասնաշենքը, որտեղ, ըստ գլխավոր բժիշկ Մարինա Սաֆարյանի, այժմ բուժվում է 20 դեղակայուն հիվանդ: Գերմանական զարգացման բանկի հովանավորությամբ ներկայումս նորոգվում են եւ շուտով կբացվեն դիսպանսերի վիրաբուժական եւ վերակենդանացման բաժանմունքները:
Ըստ մասնագետների, այսօր ամենակարեւորն այն է, որ Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերում հիվանդները մեկուսացած են առողջ մարդկանց հետ շփումից, զբոսնում են միայն հիվանդանոցի տարածքում: Իսկ տարիներ առաջ նրանք հասարակական տրանսպորտով գնում էին տուն՝ հարազատներին տեսնելու կամ լողանալու, հագուստը փոխելու: Ավելին, Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի նախկին գլխավոր բժիշկներից մեկն ասաց, որ դեռեւս լիովին չապաքինված իր հիվանդին Երեւանում «բռնացրել» էր… քյաբաբ պատրաստելիս եւ վաճառելիս:
Մասնագետները պնդում են, որ այսօր նման պատկերի չես հանդիպի, այսօր ամեն ինչ արվում է տուբերկուլյոզի տարածումը կանխելու համար: Չէ՞ որ այս հիվանդությունից աշխարհում տարեկան 3,5-4 միլիոն մարդ է մահանում: