«Առավոտը» նոյեմբերի 5-ին եւ 24-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գյուղապետի աթոռի համար պայքարող հինգ թեկնածուներից երկուսը հանրապետական են եւ որ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել ու դեկտեմբերի 13-ին նոր ընտրություն է նշանակվել. նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանի եւ գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանի օգտին տրված քվեների տարբերությունը կազմել է 10, անճշտությունների թիվը՝ 12: Նշանակվել էր վերաքվեարկություն:
Դեկտեմբերի 13-ին նշանակված վերաքվեարկությանը կարող էին մասնակցել միայն գյուղապետի այն 5 թեկնածուները, որոնց անունները առկա էին նոյեմբերի 22-ի քվեաթերթիկում: Սակայն 5-ից երկուսը՝ անկուսակցականներ, Աչաջրի համայնքապետարանի քարտուղար Յուրի Միրզոյանը եւ ներկայումս չաշխատող Էդվարդ Խոջայանն ինքնաբացարկ էին հայտնել: ՀՀԿ անդամ, Տավուշի մարզպետարանի աշխատող Աղաբեկ Գալստյանը ստացել է 203, Համո Գեւորգյանը՝ 1116, Պավել Ղալթախչյանը՝ 1084 ձայն: Մի տեղամասում Համո Գեւորգյանի եւ Պավել Ղալթախչյանի ձայները հավասար են եղել, իսկ մյուսում՝ Համո Գեւորգյանը 32 ձայնի առավելություն է ունեցել: Ինչպես տեղեկացա Աչաջրի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներ Գուրգեն Հարությունյանից եւ Աշոտ Մարդանյանից, քվեարկության ընթացքում խախտումներ չեն եղել, թեկնածուներից կամ նրանց վստահված անձանցից բողոքներ չեն ստացվել:
Միայն քվեների հաշվարկի ժամանակ Աչաջրի 40/1 տեղամասում մի ծրարի մեջ հայտնաբերվել է ոչ թե քվեաթերթիկ, այլ՝ մի աչաջուրցու անձնագրի պատճենը: Տավուշի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում թեկնածու Պավել Ղալթախչյանի վստահված անձ Վալերի Ղալթախչյանը հայտարարել է, որ եղել են զանգվածային խախտումներ, կարուսել, ինչի վկայությունը քվեաթերթիկներում նույնանման նշումներն են եւ քվեատուփի մեջ մի ընտրողի անձնագրի պատճենը: Վալերի Ղալթախչյանը հայտարարել է նաեւ, որ քվեարկության նախօրեին Աչաջրի բնակիչները իրենց դարպասների մոտ եւ բակում սպառնալիքներով կամ նյութական բարիքների խոստումներով թերթիկներ են գտել եւ դա արվել է ընդդեմ Ղալթախչյանի: Հանձնաժողովը, սակայն, գտավ, որ խախտումներ չեն եղել, գրավոր բողոքներ՝ նույնպես, վստահված անձի ասածները չեն կարող ընդունվել որպես փաստ ու չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների ամփոփման վրա: Որոշվեց, որ գյուղապետ է ընտրվել հանրապետական Համո Գեւորգյանը: